Պետությունն առաջադրել է նախագիծ, բայց չի հստակեցվում, թե որն է դրա իմաստը

Պետությունն առաջադրել է նախագիծ, բայց չի հստակեցվում, թե որն է դրա իմաստը

«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը հոկտեմբերի 23-ին «անցկացրել է երկրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը՝ որպես հանդիպման մոդերատոր, փաստեց, որ այս անգամ հրավիրված քննարկումը նվիրված է համակարգային խնդրի՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին:
«Մեր քննարկումը չի ներառելու ամբողջական նախագիծը: Մենք թիրախավորել ենք այն դրույթները և հատվածները, որոնք վերաբերում են կազմակերպաիրավական ձևին, ինչպես նաև կառավարման և ինքնավարության հարցերին»,- տեղեկացրեց Մենուա Սողոմոնյանը:

Նրա տեղեկացմամբ, համալսարանների վերակազմակերպումը ՊՈԱԿ-ներից հիմնադրամների սկսվել է 2014 թ.. «Փոփոխությունների հիմնավորումներում նշվում էր, որ դա հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, բազմազանեցնելու ֆինանսական մուտքերը, ավելի արդյունավետ կազմակերպելու գնումների գործընթացը և համալսարանի առջև ծառացած մի շարք այլ խնդիրների լուծումը»:

Վերլուծելով ներկայացված դրույթները ՊՈԱԿ-ների և հիմնադրամների մասին օրենքների համատեքստում՝ ԵՊՀ դոցենտը տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ների դեպքում սահմանվում է, որ պետական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով, իսկ հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել և որոնց համապատասխանում է: Հիմնադրամն իրավունք ունի զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:
«Այսինքն՝ առերևույթ, ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու տեսանկյունից՝ հիմնադրամները նույնիսկ մի փոքր ավելի սահմանափակված են, քան ՊՈԱԿ-ները»,- փաստեց բանախոսը:
Անդրադառնալով գնումների գործընթացին՝ նա նշեց, որ ՊՈԱԿ-ների դեպքում «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված  պատվիրատուն պետության կամ համայնքի, կամ պետական, կամ համայնքային ոչ առևտրային, կամ պետության, կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամը կամ ձևավորված միավորումն է, իսկ հիմնադրամների դեպքում՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային, կամ պետության, կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամը: 
«Այսինքն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով կազմակերպաիրավական երկու ձևերը պատվիրատու են, և ըստ այդմ՝ այս տեսանկյունից ևս դրանց միջև տարբերություն չկա»,- ասաց Արսեն Թավադյանը:
Խոսելով ֆինանսական մուտքերի մասին՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտը փաստեց, որ ՊՈԱԿ-ների դեպքում պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից, իսկ հիմնադրամների դեպքում՝ հիմնադրի ներդրումը, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, դրամական մուտքերը պետական բյուջեից,  դրամաշնորհները և այլն. «Ըստ էության՝ սկզբունքային տարբերություն նշված հարցի վերաբերյալ ՊՈԱԿ-ների և հիմնադրամների դեպքում չկա։ Երկուսի դեպքում էլ գործում է նույն կարգավորումը»։
«Ըստ իս՝ ՊՈԱԿ-ների և հիմնադրամների իրական տարբերությունն այն է, որ հիմնադրամներն անջատ են իրենց հիմնադիրներից: Այսինքն՝ նրանք մասնակցություն չունեն, և օրենքը հնարավորություն է ընձեռում կանոնադրության մեջ համապատասխան դրույթների առկայության դեպքում հիմնադրամին տալու հիմնադրից լիակատար ազատություն»,- ասաց Արսեն Թավադյանը:
Նա տեղեկացրեց, որ «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ եթե կանոնադրությամբ նման կարգ սահմանված չէ, ապա յուրաքանչյուր հիմնադիր հոգաբարձուների խորհրդի մեկ անդամի սկզբունքով:
«Այսինքն, ըստ էության, հիմնադիրն է ձևավորում հոգաբարձուների խորհուրդը: Բայց կանոնադրությամբ կարող է սահմանվել ընթացակարգ, համաձայն որի՝ հիմնադիրն ընդհանրապես դուրս է մնում հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացից»,- պարզաբանեց Արսեն Թավադյանը:

Զեկուցման ընթացքում բանախոսը ներկայացրեց ակադեմիական ինքնավարության բաղադրատարրերը՝ ակադեմիական ազատությունը, հաստիքային ազատությունը, ֆինանսական ազատությունը և կազմակերպչական ազատությունը:
«Ակադեմիական ազատությունը, ըստ իս, գիտական գործունեության ուղղություններն ազատորեն ընտրելու հնարավորությունն է, հաստիքային ազատությունը՝ դասախոսներին ազատորեն ընտրելու հնարավորությունը, ֆինանսական ազատությունը՝ ֆինանսական միջոցներն ազատորեն ծախսելու, իսկ կազմակերպչական ազատությունը՝ համալսարանի ղեկավար կազմի ընտրության հնարավորությունը՝ առանց պետության և հասարակության միջամտության»,- պարզաբանեց Արսեն Թավադյանը:
Նրա փաստմամբ, պետության կողմից գերակշիռ մասնակցություն ունեցող կառավարման խորհուրդն ընտրում է ռեկտորի, որը շատ լայն լիազորություններ ունի, այդ թվում՝ գիտական խորհրդի ձևավորման հարցում, ուստի պետությունը միջնորդավորված շատ լայն լիազորություններ ունի գիտական գործունեության ուղղությունների որոշման և դրա կառավարման ոլորտում. «Ներկայիս և առաջարկվող կարգավորումների դեպքում ակադեմիական ազատությունը լրջորեն կարող է սահմանափակվել»։
Արսեն Թավադյանն առաջարկում է նաև սահմանել կառավարման խորհրդի անդամների ընտրության չափանիշներ, ինչպես նաև ներդնել ուսանող և դասախոս անդամների համար ուղղակի ընտրության մեխանիզմներ. «Պետության կողմից նշանակվող անդամների ընտրության համար չափանիշներ չկան։ Ուսանողներից և դասախոսներից անդամներն ընտրվում են մի քանի մակարդակ քվեարկության արդյունքում, որը գրեթե զրոյացնում է սովորական դասախոսի մասնակցությունն ընտրական գործընթացին»:
Զեկուցմանը հետևեցին հարցեր: Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի խորհրդի անդամ Սիրանուշ Դվոյանը, որը նաև երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ-ում, հետաքրքրվեց, թե ինչպես պետք է կազմակերպվի ուղղակի ընտրությունը, որին ի պատասխան՝ Արսեն Թավադյանն ասեց, որ դրա կազմակերպման ընթացակարգը կարող է ենթադրել բոլոր դասախոսների ու ուսանողների առաջադրում և ընտրություն բոլորի կողմից:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Նարեկ Մարգարյանն էլ հարցրեց Արսեն Թավադյանին, թե այդ դեպքում մասնակցության խնդիր չի առաջանա, քանի որ ուսանողության զգալի մասին հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում հոգաբարձուների խորհրդում: Արսեն Թավադյանը նշեց, որ պատճառահետևանքային կապի այլ մեկնություն էլ կա, այսինքն՝ նրանց չի հետաքրքրում, քանի որ առկա ընտրության մեխանիզմների պայմաններում նրանք ընտրելու և ընտրվելու հնարավորություն չունեն:
Պատասխանելով հարցերին՝ բանախոսը փաստեց, որ մի կողմից պետությունը պետք է հիմնավորի կառավարման խորհրդում իր 50 % մասնակցության նպատակը, մյուս կողմից՝ դասախոսները և ուսանողները պետք է հիմնավորեն իրենց մասնակցության նպատակը:
ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը որպես հարց-դիտարկում նշեց, որ այն հանգամանքը, թե հիմնադրամները կարող են կանոնադրության փոփոխություններ կատարել, մեծ տարբերություն է ՊՈԱԿ-ների համեմատ և առավելություն: Նա նաև փաստեց, որ կազմակերպաիրավական նոր ձևի ընտրությունը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել՝ ենթադրելով բազմաթիվ օրենքների փոփոխություն:
ԵՊՀ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը հետաքրքրվեց, թե ինչ մեխանիզմներ են գործում արտասահմանյան բուհերում, մասնավորապես այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է. «Պատմությունը ցույց է տալիս, որ հոգաբարձուները պետք է լինեն այն մարդիկ, որոնք ունեն լծակներ, հնարավորություններ ու կարողություններ ինչ-որ բան փոխելու: Բայց երբեմն և շատ հաճախ մենք տեսնում ենք հոգաբարձուների խորհրդի ձևավորված կազմ, որոնց անդամների նկատմամբ է պետք հոգ տանել»:
Արսեն Թավադյանն ի պատասխան ասաց, որ օրինակ՝ Ռուսաստանում տարբեր մեխանիզմներ են գործում. «Կան բուհեր, որոնք ամբողջությամբ պետության վերահսկման ներքո են, կան բուհեր, որոնք հիմնադրամներ են, ունեն առանձին ֆոնդեր և այլն: Բայց հստակ ուսումնասիրություն չկա»:

Քննարկման ընթացքում՝ հարցուպատասխանին հետևեցին ելույթներ և դիտարկումներ: ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը փաստեց, որ հոգաբարձուների խորհրդի դերն ու նշանակությունն առավելապես երևալու են բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելիս:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի դիտարկմամբ, կառավարման արդյունավետության տեսանկյունից՝ օրենքը տալիս է հնարավորություններ և սահմանափակումներ. «Եթե բոլոր առաջարկություններն ընդունվեն, արդյոք դա կնշանակի, որ կառավարման արդյունավետությունը կբարձրանա: Գուցե այո և գուցե ոչ: Իմ խորին համոզմամբ, նախադրյալները, որոնք կբարելավեն գործընթացը,  պարզապես ստեղծում են հնարավորություններ, որ կառավարող խումբը կկարողանա օգտագործել: Այո՛, փոփոխությունները խիստ կարևոր են, բայց պակաս կարևոր չէ, թե ովքեր են իրականացնում այդ փոփոխությունները»:

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ քննարկման ընթացքում բարձրաձայնված բոլոր հարցերը խիստ արդիական են. «Ինձ համար կարևոր է, թե փոփոխությունների արդյունքում հանրային բուհը մրցունակ է մասնավոր կամ միջպետական բուհերի հետ» 
Արսեն Թավադյանը, որպես ամփոփում, նշեց, որ քննարկումը ցույց տվեց, որ պետությունն առաջադրել է նախագիծ, բայց չի հստակեցնում, թե որն է դրա իմաստը. «Սկզբում պետք է լինի ռազմավարություն, որը կպատասխանի առաջադրված բոլոր հարցերին: Գուցե պետությունն իսկապես ունի բացատրություն, թե ինչու պետք է ունենա 50 տոկոս մասնակցություն կառավարման գործընթացում»: