Սա ոլորտի համար ունենալու է հեղափոխական նշանակություն. նախարար

Սա ոլորտի համար ունենալու է հեղափոխական նշանակություն. նախարար

Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ քիչ առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների նախագիծը ոլորտի համար ունենալու է հեղափոխական նշանակություն։

«Վերացնում ենք գործող օրենքի տարբերակումը մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ քոլեջների և ուսումնարանների, որը գործնական որևէ խնդիր չի լուծելու։ Փոխարենը, մասնագիտական կրթության համակարգում կունենանք միայն քոլեջ տեսակը, իհարկե, պահպանելով կրթական ծրագրերի մակարդակները՝ արհեստագործական և միջին մասնագիտական ուղղություններով։

Նախագծով առաջարկվող ամենակարևոր փոփոխությունն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրումն է։ Սրանով նաև ամփոփում ենք վերջին հինգ տարիների Դուալ կրթության փորձարարությունը, և նաև հենց դրա հիման վրա է, որ օրենքում տրված են այն ձևակերպումները, որոնք օգնելու են կրթության կազմակերպման համար հիմնական նշանաբանը դարձնել «Աշխատենք՝ սովորելով», «Սովորենք`աշխատելով», կամ` «Աշխատենք և սովորենք»։ Սա դառնալու է ՄԿՈՒ ոլորտում կրթության կազմակերպման հիմնական ձևը»,- ասաց Անդրեասյանը։