Դպրոցի երկրորդ տնօրենի նշանակման կարգն են հաստատել

Դպրոցի երկրորդ տնօրենի նշանակման կարգն են հաստատել

Կառավարության որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը:

Ուսումնական հաստատության կառավարման նոր մոդելով ուսումնադաստիրակչական եւ վարչական գործընթացների կառավարումը վերապահված է տարբեր ղեկավարների՝  ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչական,  տնտեսական եւ ֆինանսական գծով՝ վարչատնտեսական մասի համակարգողը: Վերջինս ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում եւ անհրաժեշտ պայմանների ապահովում։ Հիշեցնենք, որ այս նախագիծը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց եւ կրթական համակարգում սկսեցին խոսել այն մասին, որ իշխանությունն ուզում է դպրոցներում 2 տնօրեն ունենալ` մեկը կընտրվի խորհրդի կողմից, բայց ֆինանսների հետ գործ չի ունենա, այլ միայն բովանդակության, մյուսը` կլինի իրական լծակներ տնօրինող, ֆինանսները ծախսող տնօրենը, որը կնշանակվի իշխանությունների կողմից` առանց մրցույթի եւ մրցակցության:

Երկու ղեկավարների լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով, եւ աշխատանքներն իրականացվելու են համագործակցային մեխանիզմով:
Հաշվի առնելով համակարգողի գործառույթների եւ պատասխանատվության շրջանակը՝ կարեւորվում է նաեւ վերջինիս նշանակումը մրցութային կարգով՝ հստակ պահանջների առկայության պարագայում: Այսինքն` մրցույթը իմպերատիվ չէ, այլ հայեցողական:

Ինչ վերաբերում է նշանակման ընթացակարգին, ապա ԿԳՄՍ նախարարության կամ մարզպետարանի կամ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության համակարգողի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից սկսած՝ առավելագույնը 30, բայց ոչ պակաս, քան 25 աշխատանքային օր առաջ հայտարարում է համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար մրցույթ:
Լիազորված մարմինը համակարգողի թափուր պաշտոն առաջանալու օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում եւ իրականացնում է համակարգողի պաշտոնի թափուր տեղի նշանակում: