Reuters. «Պատվերով համերգ»

Reuters. «Պատվերով համերգ»

Ազերիների հաջորդ ակցիան նվիրված կլինի Արցախում իրենց նախնիների շիրիմներին, որոնք այնտեղ չկան: Երրորդ ակցիան կլինի Արցախի նախագահի նստավայրի դիմացի հարթակի տակ գտնվող ինչ-որ «սրբավայր պղծելու» կապակցությամբ…
Խնդիրը, ինչպես նկատել են բազմաթիվ փորձագետներ, դիտորդներ, բոլորովին էլ հանքարդյունաբերության օբյեկտների մոնիթորինգը չէ, այլ այն է, որ դրանով փորձ է արվում ցուցադրել, թե այդ տարածքների դե յուրե տերն ով է: Մինչդեռ իրական տերերը արցախահայերն են, հարյուրավոր տարիներ:

ԶԼՄ-ների ազատագույն աշխարհից և բավական հեղինակավոր աղբյուրից՝ Reuters-ից վերջապես խոսք լսվեց: Լաչինի միջանցքի 15-օրյա շրջափակման ընթացքում այս լրատվամիջոցը ոչինչ չհաղորդեց, չհաղորդեց Ստեփանակերտում տեղի ունեցած 70 հազարանոց հանրահավաքի մասին, չասվեց, թե միջազգային հանրությունը արդարացի չվարվեց՝ չսատարելով արցախահայերի արդարացի պայքարին, ինչպես դա գերազանց է անում Ուկրաինայի պարագայում:

Reuters-ը, դեկտեմբերի 27-ին, Բաքվից տարածել է՝ «Ադրբեջանը պահանջում է Ղարաբաղի հանքի հասանելիությունը որպես պայման՝ ճանապարհի շրջափակումը դադարեցնելու համար» (Azerbaijan demands Karabakh mine access as condition to end protesters blocking road) վերտառությամբ հաղորդագրությունը , որտեղ ասվում է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Բաքուն ավելի քան մեկ տարի պահանջում է իրականացնել մոնիթորինգ Ղարաբաղի հանքերում, որոնք, ըստ նրա, ապօրինի են շահագործվում»…: Այնուհետև, հաղորդագրության մեջ ասվում է, որ հարցին, թե ինչ պայմանով կարող են դադարեցվել բողոքի ակցիաները, Բայրամովը պատասխանել է. «Ադրբեջանական կողմի և բնապահպանական ակտիվիստների պահանջները հանգում են նրան, որպեսզի Ադրբեջանի պետական մարմինները հնարավորություն ունենա այցելել հանքարդյունաբերության այդ օբյեկտներ, իրականացնել մոնիթորինգ և հետևեն իրավիճակին»:

Այսքանը նորմալ է, պրոֆեսիոնալ է, թեև, ակնհայտորեն՝ ազերիների շահերը հետապնդող: Բայց, անհասկանալի է, թե Reuters-ն ինչու է անդրադարձել Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական ագրեսիային, այն ներկայացնելով որպես մի ամլիկ գառան մասին պատմություն, որին գայլերը (իմա՝ հայերը) փորձել են հոշոտել: Այսպես, այս մասում սկսվում է Reuters-ի «պատվերով համերգը». Ադրբեջանը սեպտեմբերին իրականացրեց լայնածավալ անդրսահմանային հարձակումներ Հայաստանի տարածքում, որոնք Երևանը որակեց որպես չհրահրված ագրեսիա: «Ադրբեջանը հայտարարել է, որ իր զինվորներն արձագանքել են այն բանից հետո, երբ հայկական դիվերսիոն ստորաբաժանումները փորձել են ականապատել իր դիրքերը: Սպանվել է ավելի քան 200 հայ զինվոր և մոտ 80 ադրբեջանցի»։

Բանից պարզվում է, որ հայակական բանակը մարտունակ է, հերիք չէ, մի բան էլ դիվերսա է ձեռնարկել, այն էլ՝ Ադրբեջանի բռնազավթած տարածքում, որն առանց մեկ փամփուշտ օգտագործելու հանձնվել է նրանց: Լավ, միթե՞ Reuters-ը չէր կարող այդ բարբաջանքը չհրապարակել ու կասկածի տակ չդնել իր օբյեկտիվությունն ու անկաշառությունը: 

Գագիկ Վարդանյան