«Ճղճիմ» խնդիրներով ենք զբաղված. Ազգ, արժեքներ, Արցա՜խ…

«Ճղճիմ» խնդիրներով ենք զբաղված. Ազգ, արժեքներ, Արցա՜խ…

Մինչ մենք այնպիսի «մանր-մունր» քննարկումների մեջ ենք, ինչպիսին տարածաշրջանում հայերի, հայոց պետականության գոյաբանական հարցերն են, դուրս ենք մնում համաշխարհային մեյնսթրիմից: Ինչ նշանակություն ունի, թե դու ինչ ազգության ես պատկանում կամ ազգային պետություն ունե՞ս, թե՞ չունես, այն պարագայում, երբ գլխավորը Աստծո «դոգմաներից» հրաժարվելն է, բնության «սխալները» գիտակցելը և դրանք ուղղել փորձելը:

Խոսքը Travel Noire Daily Newsletter-ի՝ Lufthansa Will No Longer Address Passengers As «Ladies And Gentlemen» հրապարակման մասին է, որտեղ ասվում է. «Ներառականության ոգով, Lufthansa-ն հայտարարել է, որ ուղևորներին այլևս չի դիմի ստանդարտ «տիկնայք և պարոնայք»…Մյուս ավիաընկերություններն արդեն ներդնում են այդ պրակտիկան կամ պլանավորում են ներդնել: 2019 թվականի Համաշխարհային տնտեսական ֆորումը հայտարարեց, որ որոշ փոխադրողներ ձեռնարկել են քայլեր, որպեսզի լինեն զգայուն ուղևորների հանդեպ՝ գենդերային բինարությունից դուրս»: 

Համաշխարհային տնտեսական ֆորումը հաղորդել է, որ «դա կթեթևացնի բազմաթիվ տրանսգենդերների, ինտերսեքսուալների և ոչ բինար ուղևորների կամ նրանց կյանքը, ովքեր ուղղակի տիպիկ տղամարդու կամ տիպիկ կնոջ տեսք չունեն և որոնք թռիչքի ժամանակ վաղուց ենթարկվում են խտրականության»:
Այստեղ կարևորը խնդրո առարկան չէ, այլ սկզբունքը, սկզբունքային մոտեցումը: Մեզանում հաճախ է՝ «դու թուրք ե՞ս»: Ի դեպ, նույն արտահայտությունն ընդունված է Ռուսաստանում, իսկ ահա Ուկրաինայում ասում են՝ «դու, ինչ է, ռումինացի՞ ես» (կամ մոլդովացի, ինչը նույն իմաստով է գործածվում): 

Թեև օրենսդրությամբ սահմանված է ազգային խտրականության համար նախատեսված պատժամիջոց, վերջերս էլ ունեցել ենք դատական նախադեպ, այդուհանդերձ, թվում է առաջացել է առանձին օրենքի ընդունման անհրաժեշտություն: Օրենք, որի քվինտեսենցիան պետք է լինի հատկապես ազգային բինարությունը (հայի և թուրքի առումով) բացառելը, իսկ դրա հիման վրա որևէ խոսք ասելու կամ գործողություն անելու համար խիստ պատժամիջոց կիրառելը: 

Գագիկ Վարդանյան