Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե Փաշինյանի բոլոր ծրագրերն իրականանան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե Փաշինյանի բոլոր ծրագրերն իրականանան

Հայաստանում վերջին շրջանի հանրային-քաղաքական դիսկուրսի թեմաներն ուսումնասիրելով, մի պահ պատկերացնենք, թե ինչպիսի իրականություն կարող է ձեւավորվել Հայաստանում, եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կողմից այժմ իրագործվող բոլոր ծրագրերն իրականանան, որոնք տեղավորվում են «Հայրենիքը պետությունն է, իսկ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է» տրամաբանության մեջ։

Այդ դեպքում հայաստանյան իրականությունը կլինի մոտավորապես այսպես․

• Հայաստանը կդառնա միայն հայաստանցիների երկիրը, իսկ հայաստանցի լինելու համար ազգությամբ հայ լինելն ամենեւին էլ պարտադիր չի լինի, եւ ոչ էլ մեր երկրում ավանդաբար ապրած ազգային փոքրամասնություններին պատկանելը կլինի պարտադիր։

• Թուրք-ադրբեջանական, այսպես կոչված, համայնքի վերադարձը Հայաստան ինչ-որ իմաստով կփոխի երկրի ընդհանուր ժողովրդագրական պատկերը։ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Արարատում կամ այլ քաղաքներում սովորական կլինի թուրքերեն խոսքի հնչողությունը։

• Շատ հայաստանցիներ գուցեեւ քիրվայություն անեն, օրինակ, երեւանյան ազերիների կամ այն ազերիների ու Հայաստան վերադարձած նրանց ժառանգների հետ, որոնք խորհրդային ժամանակներում ապրել են Հայկական ԽՍՀ տարածքում։

• Հայաստանի սահմանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բաց կլինի․ դա պետք է թե՛ Ռուսաստանին, թե՛ Արեւմուտքին։

• Տնտեսական կյանքը Հայաստանում ինչ-որ առումով կաշխուժանա։ Սակայն, զուգահեռաբար, թուրք-ադրբեջանական կապիտալն աստիճանաբար կկլանի ու իրենով կանի հայկական տնտեսությունը։

• Ամեն բան, որ ազգային է ու ավանդական, կմղվի երկրորդ պլան, կհամարվի խավարամտություն, միջնադարյան կամ անցյալի վերապրուկ։

• Առաքելական եկեղեցին էլ կմղվի երկրորդ պլան։

• Հայկական սփյուռքի հետ կապերը կթուլանան, կիջեցվեն այն մակարդակին, ինչ որ խորհրդային ժամանակներում էր։

• Ըստ էության, Հայաստանը կդառնա «Հայկական ԽՍՀ-2», այն տարբերությամբ միայն, որ Հայկական ԽՍՀ-ի հետեւում կանգնած էր գերհզոր խորհրդային կայսրությունը, որը կարողանում էր պահպանել անհրաժեշտ բալանսը՝ ինչ-որ ֆորսմաժորներից կամ էքսցեսներից խուսափելու համար։

Հայկական ԽՍՀ-ն ճիշտ էր իր ժամանակի եւ պատմության իր հանգամանքների մեջ։ Այն նույնիսկ անհրաժեշտություն էր հայ ժողովրդի համար։ Դժվար է ասել՝ Հայաստանի չորրորդ հանրապետությունը կամ նիկոլյան Հայաստանն արդյոք անհրաժեշտությո՞ւն է հայ ժողովրդի համար։ Թե ինչ եղավ Խորհրդային Հայաստանի հետ վերջում, նկատի ունենալով 80-ականների վերջի ազգային զարթոնքը, արձանագրել է պատմությունը, սակայն հարց է, թե արդյոք մեզ պե՞տք է եւս մոտ մեկ դար՝ նման նոր զարթոնք ունենալու ներուժ կուտակելու համար։ Եվ արդյո՞ք մենք այդ մեկ դարը կհաղթահարենք եւ կհասնենք 22-րդ դարին, թե կվերանանք, ինչպես Ասորեստանն ու Բաբելոնն են վերացել՝ անցնելով պատմության գիրկը։