Վերադարձնել թե՛ մեր պատմական տարածքները, եւ թե՛ մեր ազգային արժանապատվությունը

Վերադարձնել թե՛ մեր պատմական տարածքները, եւ թե՛ մեր ազգային արժանապատվությունը

Հայաստանի վարչապետի պաշտոնին իր գտնվելն արդարացնելու նպատակով այն զբաղեցնող անձը սիրում է կրկնել, որ ընդդիմությունը չի պահանջում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ իր ստորագրության հետկանչը: Ու իրեն թվում է, թե ինքը մի այնպիսի հիմնավորում է բերում, որի դեմ ընդդիմությունն ասելիք ունենալ ուղղակի չի կարող: Նա կա՛մ չի գիտակցում, որ պատերազմում խայտառակ պարտությունն ու հայկական բանակի հոգեբանական ընկճախտային վիճակն այսօր եւ դեռեւս երկար ժամանակ թույլ չեն տալու մտածել դրա մասին, կա՛մ գիտակցում է եւ գիտակցելով հանդերձ՝ բերում է այդ հիմնավորումը ճիշտ այն տրամաբանությամբ, որը կօգտագործվեր մեր թշնամու կողմից: Այսինքն՝ մենք պարտված ենք, մենք ջախջախված ենք, եւ ինչ էլ մեզ պարտադրի թշնամին, պետք է ընդունենք, որպեսզի ավելի ծանր վիճակի մեջ չընկնենք: Տվյալ թեզին, որպես լրացում, առաջ է գալիս «ժողովրդի փրկչի»՝ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու երազանքը: 

Բայց «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» տխմարաբանությամբ խաղաղ զարգացման դարաշրջան բացել փորձող «ռահվիրան» համառորեն չի ցանկանում գիտակցել եւ ընդունել, որ թշնամուց խաղաղություն չեն մուրում: Այն թշնամուց, որը պատերազմում մեզ հաղթելուց հետո շարունակում է ձեռ առնել ու ստորացնել անձամբ իրեն ու ողջ ժողովրդին: Չի գիտակցում, որ «սիրելի եւ խոնարհման արժանի» ժողովրդից ստացած մանդատը մեր պայմաններում պետք է օգտագործի ոչ թե ընդդեմ իր ներքաղաքական հակառակորդների, այլ՝ միջազգային ասպարեզում: Օգտագործի հանուն պետականության իրական շահի եւ ոչ թե անձնական ցանկությունների բավարարման: Իհարկե, եթե վերջինիս «սիրելի եւ խոնարհման արժանի» ժողովուրդը մի փոքր ավելի գրագետ լիներ քաղաքականապես, ապա թշնամու հետ բանակցողի դերում հանդես կգար իրենից շատ ավելի ադեկվատ մեկը: Եվ կփորձեր ստեղծել իրոք արժանապատիվ խաղաղության հնարավորություն՝ մինչ այդ կարգի բերելով երկրի պաշտպանունակությունն ու դրա հենքը՝ բանակը:  

«Ապագա կա ապագա» կարգախոսով առաջնորդվող այդ անձը շարունակաբար կառուցում է սեփական ապագան՝ դա ներկայացնելով իբրեւ պետության ապագա: Չի կարող լինել այնպես, որ պետության ապագան կառուցվի ապաշնորհ ղեկավարությամբ եւ կամազուրկ շրջապատով: Միաժամանակ, պետության ապագան կերտվում է ոչ թե «սիրելի եւ խոնարհման արժանի» ժողովրդի, այլ այդ ժողովրդից դուրս՝ հասարակության գրագետ եւ մտածելու ընդունակություն ունեցող հատվածի պատկերացումներով: Ինչի արդյունքից հետո օգտվում է նաեւ վերը նշված ժողովուրդը: Իսկ եթե հնարավոր լիներ պետություն կառուցել այդ ժողովրդի պատկերացումներով, ապա այն կնմանվեր ստվարաթղթից սարքված տնակի: Հատկապես մեր պայմաններում պետության ղեկավարի շրջապատն էլ պետք է հատկանշվի ոչ թե ղեկավարի նկատմամբ անսահման հավատարմությամբ ու նվիրվածությամբ, այլ խելացիությամբ, ինքնուրույնությամբ, գործունակությամբ՝ առնվազն: 2020 թվականի խայտառակ պարտությունից հետո այդ շրջապատը ոչ թե պետք է շարունակեր առաջնային համարել պաշտոնից ստացված արտոնություններն ու հնարավորությունները, այլ հայրենիքին անմնացորդ ծառայելու նվիրվածությունը:

Այն, ինչը, դժբախտաբար, բացակայում է 2018-ի գարնանային իրադարձությունների շնորհիվ իշխանության եկած Նիկոլի եւ նրա ուսապարկերի շրջանում: Իսկ դրա առկայության դեպքում մենք կարող ենք ոչ հեռու ապագայում՝ իրական ապագայում, հետ կանչել նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ 2021թ. հունվարի 11-ի համաձայնության տակ Փաշինյան Նիկոլի ստորագրությունը: Ու վերադարձնել թե՛ մեր պատմական տարածքները եւ թե՛ մեր ազգային արժանապատվությունը: Եվ ոչ թե Փաշինյան Նիկոլի նման խաղաղություն մուրալ թշնամուց՝ դա ներկայացնելով որպես խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն: