Պատվաստեք ինձ, եթե կարող եք…

Պատվաստեք ինձ, եթե կարող եք…

Նիկոլ Փաշինյանի եւ Միխեիլ Սահակաշվիլու միջեւ կա մի անժխտելի նմանություն․ նրանք՝ երկուսն էլ պարտված ղեկավարներ են՝ կապիտուլյանտ հողատուներ: Առաջին հայացքից ոչ այնքան մասնագիտական այս համեմատության օգտին խոսող փաստերն այնքան ակնառու են, որ պատերազմում պարտված այս գործիչների կապիտուլյանտ եւ հողատու լինելը նույնիսկ իրավապահները չեն համարում առերեւույթ: Այլ նմանությունների հարցում գուցե դեռ կարելի է վիճել, բայց, իմ կարծիքով, շատ դժվարին վեճ կստացվի, եթե ասեմ, որ նրանք՝ երկուսն էլ, անամոթ են: Բառիս բուն իմաստով՝ անամոթ:

Փաշինյանը նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիրն ստորագրելուց հետո հրաժարական չտվեց, ճի՞շտ է: Իսկ դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ անամոթության մաստեր կլաս: Սահակաշվիլին 2008թ. Աբխազիան եւ Հարավային Օսիան տալուց հետո երկար չձգեց, փախավ Վրաստանից: Բայց դուք տեսեք, թե նա ինչ անամոթն է, որ այդքանից հետո էլ դեռ վերադառնում է Վրաստան եւ մասնակցում ընտրությունների:  Տիկին Աննա Հակոբյան, ուզում եմ ուրախացնել Ձեզ: Ձեր ամուսինը մի քիչ պակաս անամոթ է, քան Սահակաշվիլին: Սահակաշվիլին միայնակ չի վերադարձել: Նա իր հետ ինչ-որ ուկրաինուհու է բերել, որին ներկայացնում է որպես իր նոր կին: Էն նախկին կինն էլ գրառում է արել, թե ես այստեղ Միշային սպասում էի, իսկ նա հետը իր նոր սիրուհուն է բերել: Նոր սիրուհո՞ւն: Այսինքն՝ նախկին սիրուհի(ներ) է՞լ է ունեցել Սահակաշվիլին: Չէ, Նիկոլը հաստատ այդ աստիճան անամոթ չէ, թեեւ ի՞նչ իմանաս՝ Նիկոլն ինչեր կաներ, եթե միառժամանակ փախած լիներ Հայաստանից առանց կնոջ:

Իսկ հիմա փորձենք մի քանի տարբերություններ գտնել Սահակաշվիլու եւ Փաշինյանի միջեւ: Դժվար է, գիտեմ, բայց փորձը փորձանք չէ, ինչպես ասում են: Կարեւորն այստեղ կոռեկտության սահմանները պահելն է, ինչը եւ կանեմ լրագրության ասպարեզում 40 տարվա փորձիս ողջ գործիքակազմով:

Եվ ուրեմն, ինչպես հաղորդում են ՀՀ պետական լրատվամիջոցները, Սահակաշվիլուն ձերբակալել են հոկտեմբերի 2-ին, երբ վերջինս հայրենիք էր վերադարձել՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմադիրներին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու եւ բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել եւս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման եւ երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար: Այս ամենը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ տեղի չի ունեցել, բայց ոչ մի երաշխիք էլ չկա, որ տեղի չի ունենա: Զորօրինակ, Փաշինյանն արդեն հասցրել է ոչ միայն մեկ պատգամավորի ծեծի ենթարկել, այլեւ ամբողջ խմբակցությունների: Մարդու հավատը չի գալիս, բայց սա արդեն իսկ լուրջ քայլ է Սահակաշվիլի դառնալու ճանապարհին: Փաշինյանին, այո, դեռ չեն ձերբակալել: Պատճառը, գուցե, ա՞յն է, որ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում Փաշինյանին դատի տվող ու ձերբակալող կառույց այս պահին չկա: Քանի դեռ Սահակաշվիլին նախագահ էր, նրան էլ դատի տվող ու ձերբակալող չկար: Բայց հենց թախտից ընկավ, համապատասխան կառույցներն իսկույն հիշեցին օրենքի մասին եւ նրան հեռակա կարգով դատապարտեցին բանտարկության: Եկեք չմոռանանք, որ ՀՀ օրենքներն այս տեսանկյունից ավելի խիստ են եւ հաստատ շեշտակի կգործեն, եթե վարչապետի աթոռի ոտքը շարժվի: Կարծում եք դժվա՞ր է Փաշինյանի դեմ պետական միջոցները մսխելու եւ լիազորությունների չարաշահման մեղադրանքներով գործեր հարուցելը: Միամիտ չլինեք: Բավական է Փաշինյանն այլեւս պետք չլինի տարածաշրջանը մեջ-մեջ անողներին, ու այդ գործերը կդրվեն դատավորների սեղանին՝ դատեք, ախպեր…

Սահակաշվիլու մասին դրական բաներ էլ են պատմում: Ասում են՝ նա երկիրը հանեց կոռուպցիայի միջից, կանգնեցրեց եվրոպական ռելսերի վրա, դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ էր տանում: Այս լավ գործերից ո՞րն է արել Փաշինյանը: Հարցս նաեւ սորոսական թափոնին է ուղղված: Թվարկեք հապա, Ռուսաստանի դրոշ այրողներ, Պուտինի դեմ ցույց անողներ, Սերժին մերժողներ, Արցախը թուրքին հանձնողներ, Շուշիից ու Հադրութից հրաժարվողներ, 5 հազար տղու գլուխ հանուն ոչնչի ուտողներ, երկիրը տնտեսապես պարալիզացնողներ, չապագա կերտողներ: Թվարկեք, ի՞նչ է արել Նիկոլը դրական: Արդար ընտրությո՞ւններ: Խալխի վերածված հասարակության մեջ ի՞նչ արդար ընտրություններ, ո՞ւմ եք ուզում զարմացնել, մի՞թե ձեր ձեռքով մեր ժողովրդին այլասերած Սորոսին ու փողին ծառայող եվրոպական կառույցներին… Ստոպ, ստոպ, Էդիկ Անդրեասյան, թեմայից չենք շեղվում: Խոսում ենք Նիկոլի ու Միշայի տարբերությունների մասին:

Եվ այսպես՝ Նիկոլը Սահակաշվիլու չափ բիճ չէ: Սահակաշվիլին կպլստա, կարգին տերեր ունի դրսում: Նիկոլի տե՞րն ով է: Որ բանտարկեցին՝ ո՞վ է նրան հանելու խցից… Միտք եմ անում, միտք, ու հանկարծ հիշում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանճարեղ խոսքը, որ Նիկոլի համար լավ կլինի որեւէ երկրում ժամանակավոր ապաստան գտնելը: Բայց արդյո՞ք դա ելք է: Ես, օրինակ, առավել ապահով ապաստան կառաջարկեի՝ լուսինը: Իսկապես զարմանալի մարդ է Տեր-Պետրոսյանը: Պատմաբան լինելով հանդերձ, նա չգիտի՞, որ հայ ժողովրդի դահիճներին հայոց արդարահատույց բազուկը հասել է Թուրքիայից հեռու, երբեմն նույնիսկ շատ ու շատ հեռու երկրներում: Ու էս նեղ մաջալին, ինտերնետի այս խելահեղ դարում մենք Նիկոլի համար երկրի վրա ապաստան որտեղի՞ց գտնենք…
ՀԳ. Ասում եք՝ վերնագիրը կապ չունի՞ հոդվածի հետ: Իսկ մի՞թե ես ինչ-որ տեղ պնդեցի, որ ունի: Թեեւ կարելի էր ասել, որ, ի տարբերություն Սահակաշվիլու, Փաշինյանին նաեւ մեղադրանք է առաջադրվելու կորոնավիրուսի դեմ պայքարը միտումնավոր տապալելու եւ լրացուցիչ 5-6 հազար մարդու գլուխ ուտելու համար: