«Հիսուն- հիսուն մետրով» իր տնից հանելու մեխանիզմը

«Հիսուն- հիսուն մետրով» իր տնից հանելու մեխանիզմը

Դուք պատկերացնու՞մ եք երկրի ղեկավար, ով իր պետության առաջնային և երկրորդական խնդիրները խառնի։ Ասենք՝ պատերազմ է, ինքը սանհանգույցի պարագաներով, կախիչով զբաղվի։ 

Եթե ձեզ թվում է, թե Փաշինյանը չգիտի, որ երկրի առաջնային խնդիրը պատերազմին դիմակայելը, բանակը հզորացնելն է, չարաչար սխալվում եք։ Նույնիսկ ամենախուլ գյուղի բնակիչն է ընկալում, որ եթե ուզում ես երկիր պահել՝ պիտի զինվես։ Եթե ուզում ես Բանակ պահել՝ հերոսին չպիտի նվաստացնես, զինվորի ոգին չպետք է կոտրես, պառակտություն չպիտի սերմանես։ Փաշինյանն այս ամենը լավ տիրապետում է, այլ բան է, թե ինչու՞ է նա  երկրորդայինները  առաջին պլան  մղում, գլխավորը՝ մոռացության տալիս։ Պատճառը պիտի փնտրել բուն հողում։ Սրանք պատահականություններ չեն։ Որևէ լուրջ բանակցությունից, գործողությունից առաջ երկրորդային խնդիրները առաջ մղելը, ստեղծելը այս իշխանության քաղաքականությունն է, որը պետականի հետ ոչ մի կապ չունի։ Պետական մտածողությամբ առաջնորդվելու դեպքում  համազգային համախմբում, մոբիլիզացիա կհայտարարեն, ազգային մտածողությունը կկենտրոնացնեն բուն հարցի վրա և փորձեն ազգովի դիմակայել արհավիրքին։ Բայց նման բան չկա, ազգի մտասևեռումը խախտում են՝ Աննա Հակոբյանի  միլիոնանոց փարթիներով, ասլանյանների հանրային տրանսպորտում հայտնվելու գայթակղություններով․․․

Վերջին անցուդարձի վերաբերյալ  փորձեմ բացատրել, թե ինչպես է տավուշցիներին  «քնեցման պրոցեսի մղում»՝ երկրորդայինը մղելով առաջ։ Տեսեք ինչ է ասել, որը Հրապարակի տեղեկատվությունն է․ 

«Վերջին 30 տարում տարածաշրջանում ապրել են բեսպրիդելի պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ Մեր մտածածն այն է, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր այն  կողմ Ադրբեջանն է, այլ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարո՞ղ է՝ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին տավուշցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Սա ի՞նչ է նշանակում։ Միամիտ գյուղացու գիտակցության մեջ ամրապնդում է այն գաղափարը, որ իրենք հասկանան, որ առաջնայինը հողը, հայրենիքը չէ։ Մի բան հաստատ փաստ է՝ երբ հայրենի հողին վտանգ է սպառնացել, մեր ազգն ամեն բան դրել է մի կողմ՝ մոռանալով անձնական թշնամանքն  ու վիշտը և միաբանվել  մի գաղափարի շուրջ՝ փրկել ու պաշտպանել հայրենիքը։ Եթե 30 տարի գյուղացին մտածել է, որ իր հողը պիտի պաշտպանի, այսօր այլ բան պիտի մտածի։  Ու այդ այլ բանը երկրորդայինն է։ Տավուշցին պիտի մտածի, որ Ադրբեջանը մի հիսուն մետր առաջ գալով, ոչինչ չի փոխվի։ Մինչ այդ Փաշինյանն իր թմբկահարների միջոցով էլ դհոլ է խփել՝ տեխնիկայի այս դարում, եթե ուզեն խփել, հեռու տարածքից էլ կարող են խփել։ Այսինքն հայրենի հողը, տարածքը մղում է երկրորդային պլան ու առաջնային է համարում ՝ ինչ տարբերություն «50 մետր այս կողմ, թե այն կողմ» վտանգավոր երկրորդային թեզը։ Միամիտ գյուղացուն կենտրոնացնում է այս ուղղության վրա։ Հավատացած եմ, որ նման թեզի քննարկման դեպքում գյուղացին կմտածի՝ իրոք, ի՞նչ տարբերություն՝ հիսուն մետր այս կողմ, թե այն կողմ։ Իրար հետ կողք- կողքի կապրենք, լավ կլինի։ Փաշինյանը խելքին մոտիկ բան է ասում։  Սա ամենավտանգավոր թեզն է՝ մեր տարածքները մաս- մաս հանձնելու համար։ Նույնն է, երբ թշնամուդ բերես ու քո տան համասեփականատեր ճանաչես, հետո բողոքես, թե քեզ նեղություն է տալիս, որ քեզ քո տնից դուրս է հանում։ Ես շատ մեղմ օրինակ բերեցի։  Մեզ աստիճանաբար մեր տնից հանելու փաստերը մեր աչքի առաջ են։ Արցախը հայաթափել են, Հայաստանի որոշ գյուղեր վտանգի տակ դրել, հերթը Տավուշինն է։ Հերթով, կարգով։ Գործում է տավուշցուն «հիսուն- հիսուն մետրով» իր տնից հանելու մեխանիզմը։