«Ներկայիս վարչապետի կողմնակիցները ջարդում են մեքենաները, հարձակվում՝ մարդկանց վրա»

«Ներկայիս վարչապետի կողմնակիցները ջարդում են մեքենաները, հարձակվում՝ մարդկանց վրա»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նիստին այսօր ուսումնասիրվում է գործում առկա ապացույցները՝ տեսանյութերը։

Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում հետազոտվեց հեղափոխության օրերին Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, որտեղ երեում է, թե ինչպես Դ․Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը հարվածում քաղաքացիներին։

Տեսանյութը դիտելուց հետո ամբաստանյալի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ տեսանյութից հայտնի չի դառնում միջադեպի պատճառը․ «Ներկայիս վարչապետի կողմնակիցները ջարդում են մեքենաները, հարձակվում են մարդկանց վրա, բայց այստեղ արդեն վարորդներն են հանցագործ,  վեճի պատճառը ոչ մի տեսանյութում չկա, թե ով է նախաձեռնել այս ամենը եւ ումից է սկսվել։ Մեղադրողները չեն մատնանշում, որ խփում են մեքենաներին»։

Մեղադրողը հայտարարության վերաբերյալ նշեց, որ մեքենայի ուղեւորներից մեկը վարորդին առաջարկում է քշել մեքենան եւ անցնել մարդկանց վրայով, ինչից էլ սկսվել է վիճաբանությունը։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։