Ինչպե՞ս են արձագանքել Պուտինի ընտրվելուն ամբողջ աշխարհում

Ինչպե՞ս են արձագանքել Պուտինի ընտրվելուն ամբողջ աշխարհում

Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններն ավարտվեցին Պուտինի՝ սպասելի ու «ջախջախիչ» հաղթանակով։ Ընտրողների շուրջ 87.29 տոկոսը, ըստ ՌԴ ԿԸՀ-ի, ձայնը տվել է գործող նախագահին։ Մեզ հետաքրքրեց, թե ովքեր են շնորհավորել Պուտինին՝ վերընտրվելու կապակցությամբ։ ՌԴ-ի ավանդական մրցակից ԱՄՆ-ն հայտարարել է, որ շարունակելու է աշխատել Պուտինի հետ՝ պայմանավորված նրանով, որ նա Ռուսաստանի Դաշնության նախագահն է։ Սպիտակ տունը միաժամանակ հայտարարել է, որ այս ընտրությունները չի կարելի որակել ոչ անկախ, ոչ արդար՝ հաշվի առնելով, թե ինչպես էր Պուտինը կալանավորում իր քաղաքական հակառակորդներին։
ԵՄ առաքելության ղեկավար Ժոզեֆ Բորելն էլ հայտարարել է․ «Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել ներքին ռեպրեսիաները՝ հետապնդելով ընդդիմադիր գործիչներին, քաղաքացիական հասարակության կառույցներին, անկախ լրատվամիջոցներին եւ կրիտիկական տրամադրվածություն ունեցող այլ անձանց»։
Պուտինին առաջինը շնորհավորողներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է։ Նա նշել է, որ հավատում է ռուս-թուրքական բազմավեկտոր հարաբերությունների զարգացմանը։

Արաբական աշխարհի ամենալուրջ առաջնորդներից մեկը՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամադ Բին Սալման Ալ Սաուդը եւս հեռախոսազանգով շնորհավորել է Պուտինին ու հույս հայտնել, որ արդեն ձեւավորված արդյունավետ համագործակցությունը շարունակվելու միտում ունի։

Ադրբեջանի նախագահ Ալիեւը ՌԴ ընտրությունների արդյունքը վստահ հաղթանակ է որակել։ Պուտինին շնորհավորել է նաեւ Իրանը, իսկ Չինաստանը Պուտինին՝ հաղթանակի առթիվ, շնորհավորել է արտգործնախարարության պաշտոնյայի շուրթերով։

Բավականին ինտրիգային էր նաեւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի շնորհավորանքը, ով իր ուղերձում ասում է․ «Հույս ենք հայտնում՝ մեր ընկերության ամրապնդման ու գոյություն ունեցող հարաբերությունների զարգացման»։
Ընտրությունների արդյունքը ցնցող է որակել Պուտինի ամենամտերիմ նախագահը՝ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան նշել է, որ իր հայրենիքում ընտրողները գրեթե միաձայն Պուտինին են ընտրել։ Պուտինին շնորհավորել են Տաջիկստանի, Ղրղզստանի, Բոլիվիայի, Նիկարագուայի, Հյուսիսային Կորեայի, Հոնդուրասի, Մյանմայի, Քուվեյթի առաջնորդները։

Հետաքրքիր է, որ ՌԴ նախագահին հաղթանակի առթիվ չի շնորհավորել Վատիկանը, չնայած Վատիկանի շնորհավորանքի մասին լուրեր տարածվեցին, եւ այնտեղից հերքեցին դրանք։ Պուտինին շնորհավորել է նաեւ Հնդկաստանի վարչապետը, ով հույս է հայտնել, որ հետագայում Հնդկաստանի եւ Ռուսաստանի Դաշնության համագործակցությունն ավելի լայն թափ կառնի։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հույս է հայտնել, որ Իրան-ՌԴ բարեկամական հարաբերությունները կշարունակեն նույն հունով ընթանալ։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաեւ առեւտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու եւ համատեղ ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու մասին հարցեր։
Պուտինին չեն շնորհավորել Ուկրաինան եւ Մոլդովան, սակայն Մոլդովայի ընդդիմադիր կուսակցության ղեկավար եւ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը շնորհավորել է։ Անդրադառնալով ՆԱՏՕ-ի անդամ երկրների արձագանքին՝ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջիններիս համեմատել է խավարասերների հետ, որոնք լույսը միացնելուց հետո միանգամից ցայտնոտի մեջ են հայտնվում։ Ենթադրվում է՝ լույսը Վլադիմիր Պուտինն է։ «Ընտրություններն արդար չեն, սակայն հաշվի ենք առնում, չենք ընդունում, բայց շփման պատրաստ ենք»,- արեւմտյան երկրների շնորհավորանքները բնութագրել է Զախարովան։ Հիշեցնենք, որ հենց այս տրամաբանության մեջ էր ԱՄՆ հայտարարությունը։

Լիտվայի եւ Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց երկրները չեն ընդունելու ՌԴ-ում ընտրության արդյունքները։

«Ընտրությունները Ռուսաստանում ընտրություններ էին առանց ընտրության։ Ընտրական գործընթացը ոչ միայն ցուցադրում է Պուտինի զզվելի վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ, բայցեւ խախտում է ՄԱԿ-ի կոնվենցիան»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

Մենք չգտանք նաեւ վրաց որեւէ պաշտոնյայի շնորհավորանք՝ Պուտինի ընտրվելու հետ կապված։