«Հայաստան» դաշինքի անունից ընտրակաշառք են առաջարկել, դրանք սադրանքներ են

«Հայաստան» դաշինքի անունից ընտրակաշառք են առաջարկել, դրանք սադրանքներ են

Վարչապետի պաշտոնակատարն ուղղակի երեկ պետք է երեսը ոչ մեկին ցույց չտար, սակայն,ինչպես տեսաք, նույնիսկ հասցրել էր գինովնալ, եթե ճիշտ եմ հասկանում կադրերից։ Այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակում հրավիրած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը։

«Իհարկե, բնականաբար, Շուշիից ստացվող մեզ համար ողբերգական կադրերի ֆոնին ցավալի էր երկրի փաստացի ղեկավարի պաշտոնակատարի պահվածքը»,- ասաց Սողոմոնյանը։

Նրա պնդմամբ՝ Հանրային հեռուստաընկերության հետ նախնական պայմանավորվածություն է եղել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալու, սակայն արդյունքում այն չեղարկվել է ։

«Ֆիքսեցինք հարցազրույցի օրը, բայց ցավոք սրտի դրանից մի քանի օր հետո ինձ տեղեկացրեցին, որ Հանրային հեռուստատեսության տնօրինությունը կտրականապես դեմ է, որ լինի արտագնա հաղորդում։ Այսինքն՝ նրանք պայման դրեցին, որ մենք գնանք տաղավար։ Մեզ համար ցանկացած նախապայմանի առկայությունն այս պարագայում արդեն խնդրահարույց էր։ Այստեղ հասկանալի դարձավ, որ պայմանավորվածությունները չեն պահվում և պարզ էր, որ գուցե պայմանավորվեինք տաղավարային հանդիպման մասին, բայց դա ևս չեղարկվեր։ Ինչ վերաբերում է դեբատներին, ապա դրանք կորցրել են իրենց իմաստը։ Դրանք չեն կարող լինել բովանդակային, չեն կարող ունենալ առարկայական բնույթ և գործող վարչակազմի պարագայում դրանք չեն կարող որևէ իմաստ ունենալ»,- ասաց նա։

«Գիտե՞ք, եղել են սադրանքներ, երբ կոնկրետ մարդիկ գնացել, ներկայացել են «Հայաստան» դաշինքի անունից և խոստացել 50 հազար դրամ, 100 հազար դրամ, բայց «Հայաստան» դաշինքը ոչ 50 հազար, ոչ 100, ոչ 5 լումա չի առաջարկել։ Կտրականապես դեմ ենք ընտրակաշառքին, և այդ լուրերը հերյուրանք են։ Բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն այդպիսի լուրեր տարածել և դրանք մերկապարանոց լինեն, մենք դատական գործընթացներ կնախաձեռնենք, որ զրպարտանքի համար այդ մարդիկ համապատասխան պատիժ կրեն»,- անդրադառնալով ընտրակաշառքի թեմային՝ ասաց Սողոմոնյանը։