Ամենայն հարգանքով մեր մարզիկների նկատմամբ՝ մի հարց ինձ հանգիստ չի տալիս
Ամենայն հարգանքով տարբեր սպորտաձևերը ներկայացնող մեր մարզիկների նկատմամբ, մի հարց, այնուամենայնիվ, ինձ հանգիստ չի տալիս։
Ինչպե՞ս է ստացվել, որ մի քանի վայրկյան հարթակում երևալը ու ծանրություն բարձրացնելը անհամեմատ ավելի մեծ մասսայականություն և հետաքրքրություն վայելող իրադարձություն է մեր հայրենակիցների շրջանում, քան երաժիշտների միջազգային` թե եվրոպական և թե համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթներում (ասել է թե Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում) հանդես գալը։ Դեռ միայն հանդես գալը չէ, անգամ հաղթանակներն են անուշադրության մատնվում։
Օրինակ շատ վոկալիստներ մեր հայրենիքն են ներկայացնում միջազգային ամենատարբեր, ամենահեղինակավոր մրցույթներում։
Ի՞նչ է նշանակում միջազգային վոկալ մրցույթ. երբեմն հարյուր և ավելի մասնակից, մեկի փոխարեն մի քանի օր, տարբեր մրցափուլեր, ամեն մրցափուլում 15-20 րոպեանոց ելույթ, որն էլ իրենից ենթադրում է գեղեցիկ ձայն, ճիշտ վոկալ տեխնիկա, արժանի բեմական կեցվածք, օտար լեզվի ճշգրիտ արտաբերում և այլն։
Եվ այս պայմաններում մերոնք հաղթում են առաջին մրցանակները, կամ այս օրերին ավելի հայտնի տարբերակով ասած "ոսկե մեդալները", արժանանում են մրցույթը անցկացնող երկրի(և ոչ միայն) հանդիսատեսի ուշադրությանը, գովասանքներին, խրախուսանքներին և այլն.... իսկ մեր հայրենակիցների կողմից հանդիպում են անտարբերություն կոչվող սոսկալի երևույթին։
Էլ չեմ խոսում "արծաթե" և "բրոնզե մեդալներից"։
Ախր, չէ՞ որ այդ ելույթի ընթացքում վոկալիստ կոչվող "մարզիկը" երաժշտությամբ է լցնում դահլիճը, իր կատարումով նոր գույներ, պատկերներ, տեսարաններ է նկարում և ներկայացնում հանդիսատեսին, հույզեր է փոխանցում, երբեմն էլ ամենատարբեր զգացմունքներ է արթնացնում լսողի մոտ։ Նույնն է իհարկե մյուս երաժիշտների դեպքում։
Եվ մի՞թե սա գոնե հավասար հետաքրքիր չէ մի քանի վայրկյանով ծանրություն բարձրացնելու հետ։
Ի դեպ, բարձր նոտաներ երգելն էլ պակաս "ծանրություն բարձրացնել" չէ։
Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է ստացվել այսպես։ Հարցը, իհարկե, հռետորական է, համենայն դեպս ես իմ մտքում ունեմ պատասխանի որոշ տարբերակներ։
Կրկնում եմ, հրապարակումս բնավ մեր մարզիկների կատարած անգնահատելի աշխատանքը նսեմացնելու ոչ մի միտում չունի և չի էլ կարող ունենալ։ Ես միշտ հնարավորինս հետևել, երկրպագել ու երկրպագում եմ մեր հայրենիքը ներկայացնող մարզիկներին, իրենց հետ ոգևորվում եմ, հուզվում եմ, հուսահատվում եմ, հպարտանում եմ: Փառք, պատիվ և խոնարհում հատկապես նրանց, ովքեր մեր դրոշը բարձր են պահում միջազգային հարթակներում։
Օպերետային երգիչ՝ Ակսել Դավեյան
Կարծիքներ