«Հրապարակ»․ 17 տարի առաջ մեկնարկած «Հին Երեւան» նախագիծը գլուխ չի գալիս

«Հրապարակ»․ 17 տարի առաջ մեկնարկած «Հին Երեւան» նախագիծը գլուխ չի գալիս

Դեռեւս նախկինների թվերից մեկնարկած «Հին Երեւան» նախագիծը, որի մեկնարկը տրվել է հեռավոր 2005 թվականին, ոչ մի կերպ չի ստացվում ավարտին հասցնել։ Հիշեցնենք, որ այս ծրագրի իմաստը Երեւանի կենտրոնում հին թամանյանական քաղաք ստեղծելն է։ Երբ 2000-ականներին քանդում էին Աբովյան, Արամի փողոցի շինությունները, դրա դեմ պայքարող երեւանցիներին հավատացնում էին, որ այդ շենքերը չեն ոչնչացվելու, քարերը համարակալվելու են՝ տեղափոխվեն Աբովյան-Կողբացի փողոցների միջնամաս։ Սակայն անցել է 17 տարի, «Հին Երեւան» պրոյեկտը չի իրականացվել։ Իսկ այն, ինչ արդեն կառուցված է, շատ հեռու է թամանյանական Երեւանից։ Քաղշինկոմիտեի նախագահն ու Երեւանի քաղաքապետը մեզ այս հարցով դժվարացան լիարժեք պատասխան տալ, թե երբ են նախատեսում շինարարությունն ամբողջությամբ ավարտել։

Այստեղ շինարարություն են անում մի շարք կազմակերպություններ, մասնավորապես՝ մի կտորը պատկանում է Վարդան Սրմաքեշին, մի հատվածը՝ Խաչատուր Սուքիասյանին։ Այլ կառուցապատողներ էլ կան։ Սակայն խնդիրն այն է, որ դեռեւս բնակիչներին պատկանող հողեր կան, որ պետք է նրանցից գնվեն։ Բնակիչներն ու կառուցապատողները չեն կարողանում համաձայնության գալ։ Քաղշինկոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ընթացքի մեջ է, հստակեցումներ կան արդեն, առաջիկայում կառավարության որոշման նախագիծ կլինի՝ որոշակի ժամկետի երկարացման։ Խնդիրը հիմնականում իրացման գործընթացներն են։ Ամեն ինչ հստակեցված է, էսօր կարեւորն այն է, որ կամքը կա»։ Հիշեցնենք, որ նախագիծը մի քանի անգամ, կառավարության որոշմամբ, երկարացվել է։ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ մեզ ասաց, թե «Հին Երեւան» նախագծի հետ կապված՝ իրավական խնդիր կա։

«Այսինքն՝ նախագիծը մշակույթի նախարարությունում չի անցել, բայց իրենք շինարարությունը սկսել են, հետո մշակույթի նախարարությունը, այնուամենայնիվ, դրական եզրակացություն է տվել։ Էնտեղ փաստաթղթային խնդիր կա, ոչ թե խախտում է եղել, կամ՝ իրավական առումով, գուցե, կարող ենք գնահատական տալ, որ խախտում է եղել, բայց ժամանակի անհամապատասխանություն է եղել։ Էս պահի դրությամբ երկու կառուցապատող դատարան է դիմել, մեկն ասում է, որ ապօրինություն չի եղել, որ ինքը սարքել է»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։ Նա եւս նշեց, որ այնտեղ նաեւ իրացման, տարածքների օտարման խնդիր կա։ Բայց դժվարացավ որեւէ խոստում տալ, թե երբ կավարտվի այդ ծրագիրը։ «Եկեք խոստում չտամ, ամբողջական ինֆորմացիայի էս պահի դրությամբ չեմ տիրապետում, քանի որ էդ ծրագիրը, որպես այդպիսին, խնդիրներն էնքան մեծ են, որ կառավարության հետ ենք դա քննարկում»,-ասաց քաղաքապետը։

Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ «Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լեւոն Վարդանյանի հետ։ Նա մեզ համեմատաբար ավելի սպառիչ տեղեկություններ հաղորդեց նախագծի ընթացքի մասին։

Նախ նշեց, որ նախագծով երեք շենքի կառուցումն իրականացվել է, իսկ մնացած մասը Old city («Հին քաղաք») կազմակերպության տարածքներն են։ Old city-ն շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին պատկանող կազմակերպություն է, որի հետ բանակցությունները վերջերս են ավարտվել, եկել են համաձայնության, հիմա իրացման աշխատանքների վրա են աշխատում։  
«Այնպես որ, տարածք իրացնողը հնարավորություն կտա մի կտոր եւս իրականացնելու, ու գործը կգնա առաջ»,- ասաց ճարտարապետը։

- Իսկ ժամկետներ չկայի՞ն սահմանված, թե երբ պետք է ավարտին հասցվեր նախագիծը։

- Ժամկետները սուտ է, որովհետեւ այն աշխատանքները, որ կապված են իրացման աշխատանքների հետ, ժամկետ սահմանելը… անընդհատ էլ կառավարությունը ժամկետներ սահմանում է, բայց դա իրատեսական չէ, որովհետեւ մասնավորի հետ կապված է իրացման աշխատանքների իրականացումը, էդտեղ ո՞նց կարելի է ժամկետ սահմանել։ Եթե, համենայնդեպս, իրացման աշխատանքները կատարվեն, ենթադրենք՝ ամբողջն իրացված է, դրա իրականացնելը մի երեք տարվա աշխատանք է։

- Ի՞նչ բարդություններ կան իրացման աշխատանքների մասով։ Բնակիչները չե՞ն համաձայնում։

- Ոչ թե չեն համաձայնում, այլ էսօր ամեն մեկը մի թիվ է օդից կրակում, պետք է էդ մարդկանց իջեցնել մայր հողի վրա, որպեսզի ռեալ շուկայական հարաբերություններում կարողանան բանակցել։ Իսկ իրենք շուկայականից շատ բարձր են ասում։

- Այդ տարածքների փոխհատուցման գումարները պետք է տրվեն հենց Վարդան Սրմաքեշի՞ կողմից։

- Այո, սա մասնավոր ծրագիր է ամբողջությամբ, տրվում է Old City-ի կողմից։ Ժամանակին վճարել է, կանգնեց, հիմա մի փոքր կտոր նորից ավելացվում է, եւ էդպես կավարտվեն էդ իրացման աշխատանքները, ու կշարունակվեն շինաշխատանքները։

- Վերջին շրջանում Երեւանում անշարժ գույքի գների կտրուկ աճը նպաստե՞լ է նրան, որ բնակիչները բարձր գներ սահմանեն իրենց տարածքների համար։

- Այո, իհարկե։

- Օրինակ՝ 1 քմ-ի համար որքա՞ն գումար են պահանջում տեղի բնակիչները։

- Դե, նայած բնակիչ, օրինակ՝ 5-6 հազար դոլար՝ 1 քմ-ի համար, որը ոչ իրատեսական է։ Դուք անշարժ գույքի գները գիտեք՝ կապիտալ նորակառույցների, ու իրենք էդ փլատակների համար հիմա նույն բանն են ուզում։ Ու մեծ մասը չի էլ ապրում էդտեղ, բայց իրենց գույքն է։