Եթե չլիներ Թորոսյանը

Եթե չլիներ Թորոսյանը

Ցանկացած կեղծիք եւ հատկապես՝ ընտրակեղծիքները, միշտ ջրի երես են բարձրանում։ Մի անգամ դա լինում է աղբարկղից գտնված քվեաթերթիկների տրցակի տեսքով, մյուս անգամ դիտորդներից մեկը նկատում է, որ նույն անձը երկրորդ անգամ է քվեարկում, երրորդ դեպքում ընտրատեղամասի մոտ կանգնած գազելում փող են բաժանում ու բռնվում։ Բայց երբեմն նաեւ կեղծիքները կարող են  չբացահայտվել, երբ վարպետորեն են արվում եւ անծանոթ եղանակով։ Ո՞վ կսպասեր, որ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններն անգամ կարող են կեղծվել եւ կեղծվել այդպես անամոթաբար։ Եվ դա կարող է կեղծել մի կուսակցություն, որն օրնիբուն գլուխ է գովում, թե մաքուր ընտրությունների կնքահայրն է եւ իր՝ իշխանության գալուց հետո Հայաստանում ընտրություններն այլեւս չեն կեղծվել եւ երբեք չեն կեղծվելու։ Հենց որպես մաքուր ընտրությունների կազմակերպիչ են նրանք միջազգային կառույցների ու եվրոպացիների հիացմունքին արժանանում։ Եվ նախկին իշխանությունների ամենամեծ արատն էլ ընտրությունների կեղծումն էր, մարդու ընտրական իրավունքի ոտնահարումը։

Պարզվեց՝ դա էլ է միֆ, փուչիկ, կեղծիք։ Սրանք անգամ իրենց ներսում՝ յուրային ՔՊ-ականների մեջ չեն հանդուրժում ոմանց եւ ամեն ինչ անում են, որ ոչ թե կուսակցության անդամների կամքով ձեւավորվի ղեկավար մարմինը, այլ՝ մի խումբ մարդկանց։ Թե ովքեր են ընտրազեղծարարները, մասամբ հայտնի է, մասամբ էլ դա կուսակցության ներքին հարցն է, եւ հենց ՔՊ-ականներն իրենք պետք է պահանջեն, որ նրանք բացահայտվեն եւ պատժվեն։ Բայց նաեւ պետք է նկատենք, որ այդ կեղծիքները երբեք չէին բացահայտվի, եթե չլիներ Արսեն Թորոսյանի նման համառ մեկը, ով իր առաջ խնդիր է դրել՝ ընտրվել վարչության կազմում։ Եվ եթե չլիներ «Հրապարակը», որը թեման դրեց շրջանառության մեջ։