Արմեն Սարգսյանի հիմնադրամի կենտրոնի աշխատակցին հեռացրել են․ նա դժգոհում է խտրական վերաբերմունքից

Արմեն Սարգսյանի հիմնադրամի կենտրոնի աշխատակցին հեռացրել են․ նա դժգոհում է խտրական վերաբերմունքից

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստեղծած «Երևան, իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոնի հատուկ մանկավարժ Դավիթ Հարությունյանին ոչ օրինական ձեւով ազատել են աշխատանքից։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ կենտրոնի հետ իր պայմանագիրը խզվել է ՊՆ-ի կողմից զորահավաքի հայտարարման ընթացքում:

«Օգոստոսի 13-ին ինձ ներկայացվել է ծանուցում` պայմանագրի լուծման վերաբերյալ, եւ համաձայնագիր, որը ես չեմ ստորագրել։ Այդ պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ ներառյալ։ Լուծումը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ, բայց չկա իմ համաձայնությունը, եւ դրա համար ես չեմ ստորագրել։ Միանշանակ, որեւէ հիմնավորում չկա, բայց ես 4 տարի աշխատել եմ այնտեղ, մինչեւ այսօր չունեմ աշխատողի կարգավիճակ։ Հարցն իրավական հարթության մեջ իր լուծումները կունենա։ Հիմնադրամն օգոստոս ամսվա համար բոլոր աշխատակիցներին վճարել է, բացի ինձանից, որովհետեւ, ենթադրում եմ, պայմանագրի լուծման համաձայնագիրը չեմ ստորագրել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ իր դեմ լարվածություն է առաջացել, երբ ինքը չի միացել հիմնադրամի նախկին տնօրեն Արշակ Կարապետյանի դեմ ուղղված դիմում-բողոքին․ «Գոհար Գալստյանն ինձ բազմիցս ասել է՝ «դու ուժ չեղար մեզ», այդ նամակի տակ չի եղել մի քանի աշխատակիցների եւ իմ անունը։ Մենք մեր խմբով կորպորատիվի պես փորձեցինք միջոցառում անել՝ առանց հիմնադրամին տեղյակ պահելու, ստացվեց, որ առանձին մասնիկ ենք, դա դուր չեկավ հիմնադրամին, դուրս եկավ իրենց խոսքից, որ կենտրոնը պրոյեկտն է հիմնադրամի։ Նախկին տնօրեն Արշակ Կարապետյանն ամեն ինչ անում էր, որ միասնականություն լիներ»։

Տնօրեն Գոհար Գալստյանը Դավիթին հյուրերի մոտ մշտապես ներկայացրել է որպես ոչ թե ծառայություններ մատուցող, այլ կենտրոնի աշխատակից․ «Ոչ արձակուրդային է տալիս, աշխատում ենք ոչ աշխատանքային օրերին, մեզ խուսափում են գրանցել որպես աշխատակիցներ, բայց երբ դեսպաններ են գալիս կամ դրսից հյուրեր, ասում են՝ ծանոթացեք, մեր աշխատակիցն է, չեն ասում՝ ծառայություն մատուցողն է։ Վերջերս մեզ մոտ Լեհաստանում Հայաստանի դեսպանն էր, բայց ինձ էլի ներկայացրին որպես աշխատակից, այն դեպքում, երբ ինձ ծանուցումը տվել էին»։

Կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանն էլ մեզ փոխանցեց, որ Դավիթի հետ կնքված պայմանագիրն աշխատանքային չէ, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր է․ «Ինքը` որպես անհատ-ձեռնարկատեր, ժամանակին ծանուցվել է ծառայությունների մատուցման պայմանագրի վերաբերյալ․․․ Հատուկ մանկավարժի ծառայությունները կենտրոնից հանվել են, եւ մենք այլեւս հատուկ մանկավարժ չունենք։ Ինչ վերաբերում է «աշխատակից» ներկայացնելուն, ապա հարգելով իրենց, չեմ ասում, որ ծառայություններ մատուցող է, ասում եմ՝ աշխատակիցներ»։

Գալստյանը հերքեց, որ լարված է Դավիթ Հարությունյանի նկատմամբ։