Ինչո՞ւ ընդդիմադիրները չեն մասնակցում նիստին

Ինչո՞ւ ընդդիմադիրները չեն մասնակցում նիստին

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում քննարկում է ՄԻՊ թեկնածուի հարցը, նիստն ընթանում է, բավականին լարված մթնոլորտում: Ինչպես հայտնի է, օմբուդսմենի թեկնածուները երկուսն են՝ Անահիտ Մանասյանն ու Էդգար Ղազարյանը։ Նկատենք, որ ընդդիմադիրներից նիստին ներկա է միայն կիսաընդդիմադիր Թագուհի Թովմասյանը, ով նաեւ հանձնաժողովի նախագահն է եւ ի պաշտոնե է մասնակցում։ Ընդդիմությունից այլ պատգամավոր ներկա չէ: Փաստորեն, երկու հանձնաժողովները բոյկոտել են նիստը, որին թեկնածու են առաջադրել։

Ի դեպ, բոլորովին պարտադիր չէր այս հանձնաժողովի անդամ լինել՝ բոլոր պատգամավորները կարող էին ներկա գտնվել այս նիստին։

Իսկ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր անդամներ Զեմֆիրա Միրզոևան հանրապետությունում չէ՝ ԱՄՆ է մեկնել, Արեգնազ Մանուկյանը վերջին րոպեին հրաժարվել է մասնակցել նիստին, մեզ ասացին, որ ասել է՝ հիվանդ է՝ բարձր ջերմությամբ պառկած է: 

Մեր աղբյուրը պատմեց, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել և քննարկել են այսօրվա նիստին մասնակցել-չմասնակցելու հարցը: Ընդդիմադիրները եկել են այն եզրակացության, որ Էդգար Ղազարյանը բավականին բռնկուն և էմոցիոնալ բնավորություն ունի, կարող է սրել իրավիճակը, ուստի նպատակահարմար կլինի, որ իրենք չմասնակցեն այս նիստին: Ըստ էության, որոշել են իշխանական սադրանքներից փուսափելու պատճառով Էդգար Ղազարյանին ՔՊ-ի հետ մենակ թողնել, չմասնակցելով նիստին: Ակնհայտորեն Մհեր Սահակյանի հետ կապված միջադեպն իր հետքը թողել է։ 

Այսպես ժամանակին ընդդիմությունը, բախվելով Նիկոլ Փաշինյանի սադրիչ պահվածքին եւ կոշտ լեքսիկոնին, հրաժարվեց մասնակցել ԱԺ-կառավարություն հարց ու պատասխաններին՝ ասպարեզում թողնելով միայն ՔՊ-ականներին, որոնք քաղցր-մեղցր հարցեր են ուղղում կառավարության անդամներին եւ այդ նիստերը վերածվեցին կառավարության փիառի միջոցառումների։