Առանց Ֆրունզիկ Մկրտչյանի ի՞նչ ապրիլմեկյան «Ծիծաղի տուն»

Առանց Ֆրունզիկ Մկրտչյանի ի՞նչ ապրիլմեկյան «Ծիծաղի տուն»

Ընկերներս, բարեկամներս, Սպիտակի շրջանի ղեկավարներն ինձ հաճախ էին հարցնում՝ ե՞րբ ես մի օր Ֆրունզիկ Մկրտչյանին Սպիտակ բերելու: Նույնիսկ նախատում էին՝ կատակով ամոթանք տալիս, որ «Ֆիլմ» թերթի խմբագիրն եմ, բայց նրա հետ հանդիպում չեմ կազմակերպում:

Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը 1984 թվականին նոր էր ավարտել «Մեր մանկության տանգոն», եւ երկուսով որոշեցինք առաջին ցուցադրությունն անցկացնել Սպիտակում ու մեկ-երկու օր հանգստանալ: Հասկանալի է՝ ղեկավարությունը լավ նախապատրաստվել էր, առաջին քարտուղարը նույնիսկ իրեն սպասարկող մեքենան էր ուղարկել, ազդագրեր, հրավիրատոմսեր էին տպել եւ այլն, եւ այլն։

Չհասած Ափնա գյուղ, մեկ էլ անսպասելիորեն մեքենայի առաջը կտրեցին: Իջա՝ սպիտակցի տղաներ էին՝ Պողոսյան Դավիթի ղեկավարությամբ: Եկել էին մեզ դիմավորելու: Դե, շրջանի ղեկավարի մեքենայով էինք գնում՝ գույնով, համարով տղերքը գիտեին։ Ասացի՝ շնորհակալություն, դե շարժվեցինք։ Ասացին՝ չէ որ չէ, Մաթոսյան ջան, էս աջ կողմի ոլորանի վետերոկում սեղան ենք գցել։ Տղերք ջան, ժամանակ չկա, առանց այն էլ քարտուղարը սպասում է, պայմանավորված ժամ ունենք։ Մեկ էլ Ալբերտը մեր մեքենայի միջից զայրացած գոռաց.
- Էդ ովքե՞ր են, է...
Մոտեցա, իրադրությունը բացատրեցի: Մեկ էլ Ֆրունզիկ Մկրտչյանը, որ կյանքում, հավանաբար, շատ ու շատ նման պահեր էր ունեցել, հանգիստ տոնով ասաց.
- Էհ, քարտուղար է, թող սպասի։
Բոլորն իրար երեսի նայեցին ու ժպտալով ասացին.
- Էհ, քարտուղար է՝ թող սպասի...
- Թող սպասի…

Մնացյալը հասկանալի է, սեղանի քարտուղարությունը սպիտակցի տղերքն իրենց ձեռքն էին վերցրել:
Մի փոքր դադար առնելու, համ էլ զանգելու, զգուշացնելու համար սկզբում մտանք ճանապարհից ոչ հեռու գտնվող՝ Սպիտակի մեր տուն։ Սովորական, հասարակ մի տուն՝ պատերին փակցված կարպետներ, փայտե հնաոճ մահճակալներ, հաստ, բայց կոկիկ իրար վրա դարսված անկողիններ: Մեկ էլ Ֆրունզիկ Մկրտչյանը հիացած վրա  բերեց. «Ես այստեղից ոչ մի տեղ էլ չեմ գնա: Նույնիսկ Լենինականում Արամայիսի կազմակերպած «Ծիծաղի տուն»  չեմ գնա։ Այս տունը մեր հին տունն է հիշեցնում»։

«Եթե դեմ չեք, Թամարն էլ համաձայն է, ուրիշ տեղ չեմ գնա»,- դիմելով մորս՝ ասաց Ֆրունզիկը:
Այդ օրվա սցենարով նախատեսվածն առաջին քարտուղարի ընդունելությունն ու ճաշն էր։ Իսկ  «Տանգոյի» ցուցադրությունը հաջորդ օրն էր:

Դեռ Երեւանում Արամայիս Սահակյանն ինձ խնդրել էր, ասելով՝ հույսս դու ես, ինձ Ֆրունզիկը մերժել է՝ պատասխանելով , որ Սպիտակ է գնում: Եվ եթե կարող ես, Սպիտակից ընդամենը մեկ ժամով Ֆրունզիկին մի կերպ լենինականյան երեկոյին հասցրու, առանց իրեն ի՞նչ «Ծիծաղի տուն»:
Կարճ ասած՝ մի կես ժամ ուշացումով, նույն ծառայողական մեքենայով 20-25 րոպեից Լենինականում էինք: Երբ ֆրունզիկ Մկրտչյանը լեփ-լեցուն դահլիճ մտավ, դուք պիտի այդ պահի ականատեսը լինեիք... Մի քանի րոպե շարունակ հադիսատեսը ոտքի կանգնած ծափահարում էր, ծափահարում էր իր տաղանդաշատ զավակին։ Եվ ապրիլմեկյան «Ծիծաղի տունը» մի իսկական ծիծաղի տոնի վերածվեց: Մուշեղիչն իր ասելիքն ասաց ու անմիջապես դեպի Սպիտակ: Բոլորն անհամբեր սպասում էին:

Հաջորդ օրը նույն որոտընդոստ ծափահարությունները, այս անգամ՝ արդեն Սպիտակի  «Գարուն» կինոթատրոնում: Այդ ծափահարությունները տեսել եմ Հայաստան աշխարհի ամեն մի քաղաքում ու գյուղում, որտեղ որ եղել եմ Մեծ արտիստի հետ:
Հրաշալի ժամանակներ... 
Արվեստը, մշակույթը, կինոն, տաղանդը գնահատող ժամանակներ..․ Առանց Սորոսի ժամանակներ...

Լուսանկարում՝ «Հատակում» ֆիլմի նկարահանման ընդմիջման պահ․ ձախից՝ Ռուզան Սուքիասյան, Մհեր Մկրտչյան, Լեւոն Աթոյանց, Ռոբերտ Մաթոսյան, Սարգիս Պետրոսյան:

Ռոբերտ Մաթոսյան