Կովը հորթի հետ դռան շեմին էր․․․

Կովը հորթի հետ դռան շեմին էր․․․

Արցախից են արձագանքել «Մի ձիու չափ էլ հիշողություն չունեն» հոդվածիս։ Արձագանքողը մանկավարժ է՝ Մարիետա Շահնազարյան։  Ահա թե ինչ է պատմում․

«Ապրում էինք Ասկերանի շրջանի Իվանյան գուղում։ Ինքը կենսաբանության ուսուցիչ էր, հայրը Արցախում շատ հայտնի պատմության մասնագետ՝ Շահնազարյան Մարլեն։ Մի կով ունեին՝ իր հորթով։ Դժվար էր պահելը։ Կովն իր հորթով մեքենայով ուղարկեցինք Խրամորթ՝ նոր բնակատեղը։ Խրամորթը մի տասը կմ հեռավորության վրա էր գտնվում։ Ուղարկեցինք և հանգիստ շունչ քաշեցինք, չարչարանքը շատ էր, իրենք էլ աշխատում էին։ 

Երեք օր հետո վաղ առավոտյան հայրս դուրս է գալիս և տեսնում, որ կովն իր հորթի հետ մեր դռան շեմին  կանգնած է։ Վաստակաշատ պատմաբան հայրիկս մանկան պես արտասվում էր։ Կովի աչքերի տխրությունը, հորթի անօգնական վիճակը նրա վրա շատ էր ազդել։ Երևի խոտի, ծաղիկների բույրով էր գտել մեր տան ճամփան»։ 

Մի տաս տարի առաջվա պատմություն է,- ասում է նա ու լռում։ Հայրս էլ չկա։ Իվանյանն էլ չկա, Խոջալու է դառել։

Կենդանին անգամ չի դիմացել իր հողի կարոտին ու հետ է եկել։ Երբ մտավ իր գոմ, պատերը լիզու՜մ էր ուրախությունից, մեծ ու սևուկ աչքերից թախիծ ու կարոտ էր թափվում։ Ի՜նչ իմանայինք, որ նույն զուլումը Արցախի, մեր  գլխին է գալու։ Մենք այդ ի՜նչ քարից ենք շինված, որ դիմանում ենք․․․