Ամբողջ իշխանությունը Փաշինյանին
Ուղիղ 24 տարի առաջ՝ 1996թ. փետրվարի 6-ի ՀՀ Ազգային ժողովի նիստում ձեւավորվում էր ՀՀ Սահմանադրական դատարանը: ՍԴ կազմավորման սկզբունքները եւ նրա կազմը բախվեցին ժամանակի քաղաքական ընդդիմության կարծր քննադատությանը: Երբեմնի ազդեցիկ ընդդիմադիր կուսակցության՝ խորհրդարանի ԱԺՄ խմբակցության եւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը նոր ձեւավորվող ՍԴ-ն որակեց «գրպանի դատարան»: Ներհայաստանյան հետագա իրողություններն ավելիով ապացուցեցին այդ ձեւակերպման ցավալի ճշգրտությունը:
Եվ թեպետ ԱԺ հիշյալ նիստում քաղաքական կրքերը սաստիկ թեժացան, սակայն չխանգարեցին, որ նախկիններից նախկինը՝ ՀՀԿ կենտկոմի բաժնի վարիչ, ՀՀ փոխնախագահ, վարչապետի պաշտոնակատար Գագիկ Հարությունյանը դառնա ՍԴ հիմնադիր նախագահ:
1996թ. փետրվարի 6-ի ԱԺ նիստում ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծեց. «Սահմանադրական դատարանի կազմավորումը կարեւորագույն քայլ է իրավական պետության ճանապարհին: Սա այն օղակն է, ուր քաղաքական կրքերը պետք է ստանան իրավական լուծում»:
Ներհայաստանյան հետագա զարգացումներն ավելիով ապացուցեցին, որ Տեր-Պետրոսյանը սխալվել է՝ ՍԴ-ի կազմավորումը դիտարկելով «կարեւոր քայլ իրավական պետության ճանապարհին»: Արդեն 1996թ. սեպտեմբերին, ՀՀ նախագահի ընտրություններից հետո, ակնհայտ էր, որ Տեր-Պետրոսյանը սխալվել է կրկնակի՝ քաղաքական կրքերը ՍԴ-ում ոչ միայն իրավական լուծում չստացան, այլեւ ընդհակառակը՝ ՍԴ որոշումներից հետո ավելի թեժացան:
Թե՛ 96-ի սեպտեմբերյան իրողությունները, թե՛ ՍԴ-ում ՀՀ նախագահի չորս ընտրությունների եւ ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկումներին հաջորդող հետընտրական հասարակական ընդվզումներն ավելիով ապացուցեցին, որ սահմանադրական արդարադատությունը Հայաստանում արգելափակվել է, եւ ՍԴ-ն դարձել է իշխանության բռնազավթման գլխավոր աջակիցը: Սահմանադրական դատարանում «քաղաքական կրքերն իրավական լուծում» ոչ միայն չստացան, այլեւ Հայաստանում ընտրությունների անարգմանը հաջորդեց իրավական, հասարակական, քաղաքական նիհիլիզմը:
Իր սկզբնավորման օրվանից եւ գործունեության 24 տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանը միշտ եղել է օրվա իշխանությունների ապօրինությունների կամակատարը, սահմանադրական արդարադատության կաղնու փայտահատը: ՍԴ-ն դարձավ այն արգելապատնեշը, որին բախվեցին ազատ, ժողովրդավարական, օրինական պետություն ունենալու՝ հայ ժողովրդի առաջադեմ հատվածի բոլոր հույսերը:
2018թ. մարտի 21-ին՝ թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկ ամիս առաջ, ներկաներից ամենանախկինը՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը՝ գործող Սահմանադրության նոր փոփոխությունների գաղափարախոսը, Հայաստանում կառավարման մոդելի եւ սուպերվարչապետության հաստատման կնքահայրը, դարձավ ՍԴ նախագահ:
Թովմասյանի ձեռամբ հատուկ Սերժ Սարգսյանի համար կարված սահմանադրական կոստյումի վրա հեղափոխության թավշյա քամին մի փոշեհատիկ անգամ չավելացրեց, մանավանդ որ հեղափոխության վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, արագորեն հագավ սահմանադրական այդ կոստյումը: Հեղափոխությունը թեպետ քանդեց բազում նախկին պայմանավորվածություններ, սակայն Սերժ Սարգսյանի կոստյումի մի կոճակ անգամ չարձակվեց: ՀՀ ոչ լեգիտիմ Սահմանադրությունը շարունակեց մնալ իշխանության պահպանման վահան եւ դամկոլյան սուր՝ հին ու նոր Հայաստանի գլխին:
Սակայն անքննելի էին ոչ միայն Աստծո, այլեւ հեղափոխության առաջնորդի գործերը, եւ քաղաքական ճակատագիրն աստիճանաբար երես թեքեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից: Եվ թեպետ նրա թանկարժեք գրիչը չօգնեց անսասան պահել ՍԴ նախագահի պաշտոնը, սակայն նրա իրավաքաղաքական մտքի այլակերպ արգասիքը՝ ՀՀ գործող Սահմանադրությունը, օգնեց Փաշինյանին իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը Հայաստանում:
Եվ այժմ ՍԴ-ի, նրա նախագահի եւ անդամների շուրջ ծավալվող իրադարձությունները վկայում են, որ հետհեղափոխական Հայաստանում պայքար է մղվում ՍԴ-ն մի գրպանից՝ Քոչարյան-Սարգսյանի գրպանից մեկ այլ՝ Փաշինյանի գրպանը տեղափոխելու համար:
«Ոչ բռնի, խաղաղ, ժողովրդական» այս գործընթացն անշրջելի դարձնելու համար է հենց այս Ազգային ժողովում Նիկոլի աչքը, ականջն ու աջ ձեռքը հանդիսացող Վահագն Հովակիմյանի ձեռամբ շրջանառվում առանց հանրաքվեի սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն նպատակամիտված օրինագիծը: Սարսափելով հիմնովին նոր Սահմանադրության ընդունումից՝ Փաշինյանը շարունակում է ընթանալ նախկինների խոտոր ճանապարհով՝ հավակնելով ողջ իշխանությանը եւ անտեսելով իշխանությունների տարանջատման ժողովրդավարության ոսկե կանոնը:
Այդ նպատակին հետամուտ՝ նրա քաղաքական թիմը ձեւավորեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի՝ արդեն հրապարակած կազմը, որը նման Է Ազգային ժողովի կազմին՝ անհայտ անուններով եւ քաղաքական կենսագրության բացակայությամբ: Մինչդեռ Սահմանադրությունը նախեւառաջ քաղաքական փաստաթուղթ է, որի քաղաքական արժեքները, սկզբունքները եւ նշանակությունն են թելադրում հիմնական փաստաթղթի իրավական լուծումներն ու ձեւակերպումները: Սակայն Փաշինյանի թիմում Սահմանադրության քաղաքական նշանակության ընկալումն անգամ չկա, առավել եւս չկա «Նոր Հայաստանին՝ նոր Սահմանադրություն» կարգախոսի կենսագործման ցանկության նշույլ իսկ:
Փոփոխություններն արգելակող այսօրինակ գործընթացը վկայում է, որ նոր Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխություններ չեն լինելու: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանին բնավ պետք է չէ քաղաքական համակարգի փոփոխությունը. նա երթեւեկում է թանկարժեք ծառայողական մեքենայով, «դուխով» վերտառությամբ կեպիով եւ Սերժ Սարգսյանի սահմանադրական կոստյումով՝ դրա գրպաններում տեղավորելով ողջ իշխանությունը:
Ահա այս գրպանային քաղաքականությունը, գրպանային արդարադատությունը, գրպանային մտածողությունը, գրպանային համակարգը շարունակում են մնալ անխորտակ արգելակ Հայաստանի հասարակության եւ պետության առաջադիմության ճանապարհին:
Նիկոլ Փաշինյանը սարսափում է նոր Սահմանադրության ընդունումից, սահմանադրական հանրաքվեից, մանավանդ որ անհայտ է, թե իրական քաղաքական յուրաքանչյուր գործընթաց որքան կարող է վտանգահարույց լինել իր իսկ իշխանության համար: Փաշինյանն այժմ թե՛ միակ իշխանությունն է, թե՛ «միակ ընդդիմությունը»:
Հայաստանի քաղաքական հին համակարգն աստիճանաբար վերահավաքվում է՝ նոր դեմքերով, սակայն հին մտածելակերպով, հին Սահմանադրությամբ եւ իշխանության պահպանման հին ախորժակով:
Կարծիքներ