Ֆրանցիսկոս Պապը մտադիր է հրաժարակա՞ն տալ 

Ֆրանցիսկոս Պապը մտադիր է հրաժարակա՞ն տալ 

Իտալական  Corriere della Sera  պարբերականը ներկայացրել է մի հատված Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կենսագրական «Կյանքը․ Իմ պատմությունը Պատմության մեջ» գրքից, որը գրվել է Վատիկանի հարցերով փորձագետ Ֆաբիո Ռագոնայի հետ համատեղ եւ հրատարակվել Harper Collins հրատարակչատան կողմից։ Ներկայացված հատվածում, ըստ Vatican News-ի փոխանցման, Ֆրանցիսկոս Պապը  հայտարարել է, որ որեւէ պատճառ չունի հրաժարական տալու համար։ Սրբազան Քահանայապետը ասել է, մասնավորապես, որ փառք Աստծո առողջ է եւ Աստծո օգնությամբ դեռ շատ անելիքներ ունի։

Նա նաեւ հավելել է, որ եթե հարկադրված լինի հրաժարական տալ, ապա կմնա ոչ թե «հանգստյան կոչված Պապ» այլ «հանգստյան կոչված Հռոմի եպիսկոպոս», ով կապրի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկայի հարեւանությամբ․ կլսի ապաշխարողների խոստովանությունները եւ Ս․ Հաղորդություն կտա հիվանդներին։ Նման վարկածը քիչ հավանական է համարել Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետը, նշելով, որ միայն լուրջ ֆիզիկական խնդիրները կարող են իրեն դրդել հրաժարական տալու։

Ավելի քան 300 էջանոց գրքում ներկայացված են Ֆրանցիսկոս Պապի կյանքի բոլոր դրվագները՝ հարաբերություններն ընտանիքի ու հարազատների, հատկապես՝ պապիկի եւ տատիկի հետ, Արգենտինա գաղթը, փոքրիկ սիրահարությունը՝ ճեմարանում ուսանելու տարիներին, Երկրորդ աշխարհամարտի թողած ազդեցությունը՝ իր դրամատիկ միջուկային վերջաբանով։ Ներկայացված է նաեւ ժամանակի արգենտինյան բռնապետության էությունը, Բերգոլիոյի կապերը նրանց հետ, ովքեր զոհ են գնացել այդ բռնապետությանը, ժամանակի երիտասարդության հանդեպ նրա հոգատարությունն ու դրա պատճառով գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելայի կողմից հալածվելու վտանգները։

Ֆրանցիսկոսը նաեւ ասել է, որ շատ են մարդիկ, ովքեր իրեն վիրավորում են, հայտարարելով, թե ինքը կազմաքանդում է Պապականությունը։ «Մշտապես կան մարդիկ, ովքեր փորձում են խոչընդոտ լինել մեկնարկած բարեփոխումներին, ցանկանալով մնալ Թագավոր-Պապերի ժաամանակներում», սակայն նաեւ անբեկանելի է, որ թեեւ Վատիկանը Եվրոպայի վերջին միահեծան միապետությունն է, սակայն պետք է վերջնականապես հրաժարվել պալատական ինտրիգային մտածողությունից, նշել է Ֆրանցիսկոս Պապը։