Մոռանալ, չհիշել

Մոռանալ, չհիշել

Վաղը Բանակի օրն է, եւ մեզ կրկին տխուր խոհեր են պատում: Բանակն ու զինվորին սրբություն համարող եւ երկրպագող ազգն այսօր գրեթե չի հիշում եւ չի նշում բանակի օրը: Իհարկե, դրանում ոչ այնքան ինքը` շարքային քաղաքացին է մեղավոր, որքան իշխանությունը, որն ամեն ինչ անում է իր համար պրոբլեմատիկ, իր համար հոգսաշատ եւ ցավոտ այդ թեման մոռացության տալու, հանրային օրակարգից հանելու, խաղաղության կոչերի եւ պայմանագրերի անվան տակ բանակ ունենալուց հրաժարվելու համար: Առհասարակ` սա մանուկներին, թույլ ու անկարող մարդկանց բնորոշ գիծ է` չհիշել, մի կողմ դնել, մոռացության տալ այն ամենը, ինչն իր ուժերից վեր է եւ իր գիտակցությունից անդին:

Չզբաղվել նրանով, ինչում մի անգամ ձախողվել ես, անցնել նոր գործերի` ջնջելով հիշողությունից այդ ձախողումը: Եվ տասնամյակներ շարունակ բանակ ու զինվոր պաշտող ժողովուրդը եւս փորձում է չխոսել, չհիշել, չպահանջել բանակի վերականգնում, սպառազինությունների ձեռքբերում, դիրքերի ամրացում: Բանակի մասին խոսելն ու բանակը փառաբանելը հանրային վախվորած գիտակցության մեջ պատերազմը փառաբանելուն հավասարազոր մի բան է դարձել:

Մենք գրեթե լեգիտիմացրել ենք հարեւան երկրի զազրախոսի պահանջը` հայը չպետք է բանակ ունենա, հայկական բանակի գոյությունը «սպառնալիք» է խաղաղության համար, հայկական զինվորը պետք է չարքաշ ու անմարդկային պայմաններում ծառայի, հայ զինվորականը չպետք է լավ ապրի, նոր զորանոցներ չպետք է կառուցվեն, ուժեղ ու ժամանակակից զենք չպետք է ներկրվի, իսկ բերվածն էլ պետք է թաքցնենք, քողարկենք, որ թշնամին չիմանա ու չզայրանա: Այս ստորաքարշ եւ հակապետական պահվածքն է այսօր պատճառը, որ Բանակի օրը պետականորեն չի նշվում, իսկ հասարակությունն էլ խոնարհաբար ենթարկվում է այս թելադրանքին: