Երբ ասացի՝ ոտքերդ կտրել են, լուռ էր, բայց երբ ասացի՝ Շուշին ընկել է․․

Երբ ասացի՝ ոտքերդ կտրել են, լուռ էր, բայց երբ ասացի՝ Շուշին ընկել է․․

Մայիսյան հաղթանակները այգում ծաղկած վարդենիների պես  ճկվեցին կարկուտի հարվածներից։ Սև կարկուտ եկավ հայ ժողովրդի գլխին։ Առաջ ես մտածում էի, որ ամենասարսափելի արհավիրքը՝ բնությունն է պատճառում, բայց 2018-ից հետո հասկացա, որ բնության արհավիրքը շոյանք է այն ամենի հանդեպ, ինչ պատճառում է մարդը։ Բնությունը կործանում, բայց ուժ է տալիս՝ վերականգնելու այն ամենը, ինչ տարել է։ Դու չես մտածում, որ քո մեղքի բաժինն ունես՝ տարերք է, ինչ կարող ես անել,- մտածում ու առաջ ես նայում։ 

Մարդու պատճառած աղետը սարսափելի է։ Նա ճղնակտոր է անում այգիդ, հավասարեցնում հողին ու երբ ուզում ես նորոգել, ասում է՝ սա քո բույնը չէ։ Սա ուրիշինն է։  Մենք այս վիճակում ենք հայտնվել։ Կոտրված, կորացած մեջքերը, հազարավոր հաշմանդամները, երբ ուշքի եկան, առաջինը նկատեցին, որ ոչ թե իրենք ոտք ու ձեռք չունեն, այլ հայրենիք չունեն։ Քանի՜ անգամ եմ լսել, երբ երկու ոտքերը կորցրած զինվորը իր ոտքերի կորստից այնքան չի ազդվել, քան երբ ասել են, որ Շուշին չկա, Հադրութը չկա․․․ Հարցրեք նրանց առաջին օգնություն ցուցաբերածներին ու նույնը կլսեք՝ հենց գիտակցության եկավ՝ հարցրեց՝ Շուշին կա՞․․․ , Արցախը կա՞․․․  Մի բժիշկ էր պատմում։ Երբ ասացի, որ ոտքերդ ամպուտացրել ենք, այլ հնար չկար, լուռ լսում էր, բայց երբ ասացի Շուշին ընկել է, այնպես գոռաց, որ ինձ թվում էր՝ խլացա։ Հարյուրավոր, հազարավոր նման դեպքեր կան։ 

Նման ժողովրդին ո՜նց կարելի է ասել, որ 11 հազար դասալիք ունի։ Երբ 44-օրյա պատերազմում հայ ժողովուրդն ուներ 11 հազար վիրավոր ու հիվանդ։  Ո՞նց կարելի է հաղթանակներ բերած մարդկանց ստորացնել, քրեական հետապնդում սկսել։ Ո՞նց կարելի է մի մարդու արածը փաթաթել ժողովրդի վզով։  Ո՞նց կարելի է ժողովրդի անունից խոսել, երբ նրանից խլել ես ամենաթանկը՝ հայրենիքը։