Ինչ էինք գրում 2018 թ. մայիսին. ինչու էին մեզ հակահեղափոխական անվանում

Ինչ էինք գրում 2018 թ. մայիսին. ինչու էին մեզ հակահեղափոխական անվանում

Այս օրերին շատերն են անդրադառնում 5 տարի առաջվա դեպքերին՝ 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձություններին։ Վերլուծում են այս 5 տարվա ընթացքը, հեղափոխության բերած հնգամյա կորուստներն ու ձեռքբերումներն են արձանագրում։ Հիշում են, թե ով իրեն ինչպես է պահել այդ շրջանում, ինչով է աջակցել, կամ ինչով է փորձել խանգարել հեղափոխությանն ու հեղափոխականներին։ Փորձում են ուռճացնել կամ նվազեցնել իրենց դերակատարումը՝ ոմանք հերոսանում են, թե ես եմ հեղափոխությունն արել, մյուսները՝ չքմեղանում են, թե ես դեմ եմ եղել այս ամենին, պայքարել եմ եւ դեռ այն ժամանակ գիտեի՝ ինչ է մեզ սպասվում։ Իհարկե, հետին թվով հերոսանալը կամ սեփական պահվածը սրբագրելը ոմանց մոտ ստացվում է, որովհետեւ ամեն ինչ չէ, որ, այսպես ասած, փաստաթղթավորված է։ Այս առումով մենք՝ լրագրողներս շահեկան վիճակում ենք․ մեր ամեն մի տողը հրապարակված է եւ անգամ տասնամյակներ անց դրանք կարող են ստույգ վկայել մեր պահվածքի, դերակատարման, արտահայտած տեսակետի եւ հանրության կյանքում խաղացած դերի մասին։ 

Այսօր ուզում եմ ձեզ ծաղկաքաղ ներկայացնել 2018 թվականի մայիս ամսին «Հրապարակ» օրաթերթի խմբագրականներից։

9 մայիս 2018 թ․

«Վերջ։ Արձանագրվեց այն, ինչին հայ հասարակությունը պատրաստվում էր վերջին շաբաթներին։ Երկրի ղեկավարի պաշտոնում կարգվեց նա, ում ուզում էին տեսնել փողոց ելած, փողոցները փակող, դասադուլ եւ գործադուլ անող մարդիկ։ Տա աստված՝ տարիներ անց կարողանանք լիաթոք արձանագրել, որ այս հանրահավաքային ալիքը ճիշտ էր, արդար էր, վերջնահաշվում ուղղված էր սահմանադրական կարգի վերականգնմանը, այլ ոչ թե հակասահմանադրական ճանապարհով մի չընտրվածին մեկ այլ չընտրվածով փոխարինելուն»։ 

10 մայիսի

«Հիմա եկել է ժամանակը լծվելու աշխատանքի, մի փոքր մոռանալու այն խելահեղ օրերը, որի ժամանակ բոլորս լցվել էինք փողոցներն ու խելակորույս «մերժում էինք Սերժին» եւ պահանջում ընտրել մեր «սրտի վարչապետին»։ Գիշեր-ցերեկ ճռնչացնելով՝ մեքենաներ էինք վարում, շչակների ձայնից ոգեւորություն ապրում, դասադուլ անող 10-12 տարեկանների ու սպիտակ վերնաշապիկներով Հանրապետության հրապարակը գրաված աշխատող-չաշխատողների տեսքով զմայլվում։ Այս էմոցիոնալ, անզուսպ խինդն ու հաղթանակի հրճվանքը ժամանակն է, որ իրենց տեղը զիջեն շատ ավելի լուրջ մտածմունքների ու ծրագրերի։ Մենք պետք է հասկանանք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի գլխավոր գործառույթը Ֆեյսբուքով «լայվ» մտնելը չէ, ոչ էլ ասուլիսներ տալը։ Մեր երկրի առաջ լրջագույն խնդիրներ են ծառացած, եւ դրանք «լայվ»-երով չես լուծի...Որքան էլ վարչապետի հետ հանդիպած առաջին պաշտոնյաներն «իդեալական» պատկեր ներկայացրած լինեն, պետք չէ խաբվել՝ մեր երկրում շատ անելիքներ կան»։

11 մայիսի

«Այս համատարած հեղափոխականության օրերին դժվար է ողջամիտ խոսք ասել ու լսված լինել, առավել եւս՝ հասկացված։ Բայց մեր գործը մենք մշտապես արել ենք՝ առանց հաշվի առնելու դրական կամ բացասական արձագանքները։ Եվ ինչպես նախկինում ենք գրել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ական իշխանության սխալների, թերությունների մասին, նույնկերպ պատրաստվում ենք գրել նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղպայմանագրի», իսկ հետագայում՝ բոլոր հաջորդ վարչապետների ու իշխող կուսակցությունների մասին։ Առհասարակ՝ մամուլի եւ մտավորականների դերը ոչ թե իշխանություններին ծափ տալն է, ամբոխահաճո ելույթներ ունենալը, այլ նկատելը, արձանագրելը, նախազգուշացնելն ու ահազանգելը։ Իսկ վտանգավոր տենդենցներ այսօր՝ ինչքան ուզեք։ Մենք, թվում է, կարեւոր գործ արեցինք՝ իր հավերժացումը հանգամանորեն նախապատրաստող իշխանություններին ասացինք, որ պետք է հեռանաք։ Կարեւոր չէ, որ 2017-ին մենք ձեզ ձայն ենք տվել, իսկ 2015-ին համաձայնել ենք ձեր ներկայացրած Սահմանադրության հետ, եկել է ժամը հեռացումի, քանզի այդպիսին է ժողովրդի կամքը եւ արդարության հրամայականը։

Մենք դա արեցինք, եւ փառք ու պատիվ մեզ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց դրան հաջորդող դեպքերը ցույց են տալիս, որ այդ «գործողությունը» շարունակական լինելու վտանգ է իր մեջ պարունակում։ Հիմա ցանկացած կոլեկտիվ ու մարդկանց խումբ մտմտում է՝ ինչպես ազատվել անցանկալի «շեֆից», ՀՀԿ-ական ղեկավարից՝ անկախ նրանից, թե այդ անձն ինչպիսի ղեկավար է, ընտրվե՞լ է, թե՞ նշանակվել։ Իսկ դա անարխիայի, կամայականության ճանապարհն է»։

12 մայիսի 

Մի ուսանելի պատմություն կա` մեկը նորմալ կին է ունենում՝ խելոք, կիրթ, լավ տնտեսուհի։ Տարիներ անց ընկերներն իմանում են, որ տղամարդը բաժանվել է կնոջից, հետաքրքրվում են, թե ինչն էր պատճառը, սա պատմում է, որ ամեն օր՝ 15 տարի շարունակ, խնդրել է կնոջից․ ատամի մածուկն օգտագործելուց հետո փակել։ Ասում է՝ էլ նյարդերս չդիմացան, 15 տարի ամեն առավոտ զգուշացնես, հոգնել էի կրկնելուց, չդիմացա՝ բաժանվեցի։ Անցնում է ժամանակ, տղամարդը նորից է ամուսնանում։

Ընկերները տեսնում են նոր կնոջը՝ ոչ բարետես է, ոչ շատ խելոք, ոչ լավ տնտեսուհի, ամուսնու հանդեպ էլ շատ ուշադիր չէ, զարմանում են՝ ինչո՞վ է այս կինն արժանացել նման պատվի։ Տղամարդը հպարտորեն ասում է՝ բայց ատամի մածուկն ամեն օր պարտաճանաչ փակում է։ Առակս զի՞նչ ցուցանե։ Երեկ նոր կառավարության ձեւավորմանը զուգահեռ հետեւում էի հասարակական արձագանքներին, թե ինչպես են մարդիկ վերաբերվում ուղիղ եթերներին՝ «լայվ»-երին, որոնցով Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է հանրությանն իր քայլերի մասին, ցույց է տալիս իր աշխատասենյակը, հանդիպումները։ Ինչպես են հիացած ասում՝ ապրի մեր վարչապետը, բա էն նախկինների նմա՞ն՝ ո՛չ ասուլիս էին տալիս, ո՛չ իրենց կաբինետներն էին ցույց տալիս, ո՛չ կառավարական ուղղաթիռն ու զուգարանները, ո՛չ կանգնում զրուցում էին մեզ հետ, ո՛չ հաշվետու էին մեզ»։

15 մայիսի

«Մի քանի ամսում, թվում է, ամեն ինչ փոխվեց։ Հույս ու հավատ արթնացավ, մարդկանց դեմքին ժպիտ հայտնվեց, հեռանալու փոխարեն մարդիկ մտածում են վերադառնալու մասին: Սակայն մենք ծայրահեղությունների ազգ ենք՝ առաջ համատարած դժգոհություն էր տիրում, հիմա համատարած գոհունակության եւ լավատեսության ալիք է։ Այս վիճակը, հուսանք, լավ խթան կլինի աշխատելու, մեր կյանքում ինչ-որ բան փոխելու, ինքներս մեզ փոխելու համար, բայց որքան հուսահատությունն ու մռայլ դժգոհությունն էին վտանգավոր, նույնքան էլ այս անհիմն ու չմտածված լավատեսությունն ու գոհունակությունն անվտանգ չեն։ Սա գալիք հիասթափությամբ է հղի։ Ինչպես հղի է ձեռքերը ծալած նստելու եւ Նիկոլ Փաշինյանից ու նրա երիտասարդ թիմից լավ կյանք ու լավ երկիր ակնկալելու ծուլությամբ։ Մարդը պետք է իրատես լինի իր սպասելիքների եւ ջանասեր՝ իր գործունեության մեջ։ Սպասել, որ ջահել նախարարների այս թիմը հրաշքներ է գործելու եւ մեր փոխարեն լավ երկիր է կառուցելու՝ լուծելով մեր պետության առաջ հառնած բոլոր խնդիրները, ոչ միայն միամտություն է, այլեւ վնասարարություն նույն այս երիտասարդ թիմի հանդեպ, որը բոլորիս օգնության եւ մասնակցության կարիքն ունի։ Ինչպես ունի մեր սթափ հայացքի եւ պահանջկոտ ներկայության կարիքը»։

16 մայիսի

«Նիկոլն ընկերս է, եւ նրա թիմում բազում հարազատներ ու ընկերներ ունեմ, բայց կան բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս, եւ ես չեմ պատրաստվում լռել՝ անգամ եթե ինձ հակահեղափոխական անվանեն եւ «ժողովրդի թշնամի» հռչակեն։ Ես չեմ հասկանում եւ չեմ հավանում իշխանափոխության այս մարմաջը, որը սկզբում հրաշքի էր նման եւ լավատեսության մեծ հույսեր էր ներշնչում, բայց ինչ-որ պահից մտավ անկառավարելի հուն՝ հոգեբանական ճնշումների, տեռորի ենթարկելով շատ ընտրված եւ նշանակված պաշտոնյաների։ 
Ինձ դուր չի գալիս այն հակաիրավական մթնոլորտը, որը կամաց ձեւավորվում է մեզանում՝ առողջ, գեղեցիկ գաղափարը տանելով այլասերման՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է», կամ՝ «ով նախկինում իրեն լավ է զգացել, հիմա պետք է վատ զգա» սկզբունքով։ Որքան էլ ինձ համոզեն, որ «համաժողովրդական շարժումը հաղթել է», եւ Սերժ Սարգսյանի թիմը պետք է հեռանա՝ ասպարեզ բացելով հեղափոխականների եւ Նիկոլ Փաշինյանին ձայն տված ուժերի ներկայացուցիչների համար, այս ամենի մեջ ես բոլշեւիզմ եւ ոչ իրավական գործընթացներ եմ տեսնում։

Ես դեմ եմ «ժողովուրդն այդպես է ուզում» արտահայտությանը, քանզի «ժողովուրդ» տերմինն անորոշ ու ամորֆ հասկացություն է, եւ նրա կամքի արտահայտման մի եղանակ կա՝ ընտրությունը։ Հասկանալի է, որ Հանրապետականն այս տարիներին հիմնովին «զզվեցրել» է մեզ, բազում մեղքեր է գործել եւ Մելիք-Ադամյանը հասարակական հակակրանքի իրական սիմվոլ էր դարձել, բայց ես դեմ եմ տեռորի, հալածանքի ու թշնամության այն ալիքին, որն այսօր ուղղվել է բոլոր ՀՀԿ-ականների դեմ։ Այս մթնոլորտում մենք երբեք նորմալ երկիր չենք կառուցի»։

18 մայիսի

«Նոր կառավարություն՝ նոր հույսեր, նոր սպասումներ։ Հասարակությունը, որն իշխանություն է փոխել եւ զգացել իր ուժն ու զորությունը, ուրախանում է երիտասարդ ու չապականված կադրերի` կառավարությունում տեսնելով։ Այս օրերին շատերն են ասում՝ ոչինչ, թող մի քիչ անփորձ լինեն, բայց չկոռումպացված ու աշխատելու մեծ ձգտումով։ Մարդկանց թվում է, որ աշխատելու, ինչ-որ բան փոխելու անհագ ձգտումն է հաջողության գրավականը։ Եվ անփորձությունն ու գիտելիքների պակասը կարող են կոմպենսացվել երիտասարդական ավյունով եւ երկիրը փոխելու մեծ ցանկությամբ։ Հուսանք։ Բայց պետական կառավարումը նաեւ որոշակի գիտելիքներ ու հմտություններ է պահանջում։ Դա նույնպես մասնագիտություն է, եւ մարդիկ այդ մասնագիտացմանը հասնում են տարիների ուսման ու աշխատանքի արդյունքում։ Այնպես որ՝ միանգամայն իրավացի են նաեւ նրանք, ովքեր այս օրերին պնդում են՝ համբերեք, մի շտապեք։

Իսկ առավել իրատեսներն ու փորձառուները հավելում են՝ մոտ մեկ տարի ժամանակ է պետք երիտասարդ նախարարներին՝ իրենց ոլորտի խնդիրներին ծանոթանալու, համակարգի նրբություններն ուսումնասիրելու, մարդկանց կառավարելու ունակություններ ձեռք բերելու համար։ Բայց նաեւ հարց է ծագում՝ մենք ունե՞նք այդքան ժամանակ, որ տրամադրենք ուսումնառության համար»։

19 մայիսի

«Ցավոք, քաղաքացիական գիտակցության փայլատակումները, ինչպես հետհեղափոխական զարգացումներն են ցույց տալիս, բավական էին միայն Սերժ Սարգսյանին հեռացնելու, ՀՀԿ-ին նզովելու եւ մի քանի տնօրենի-ուսուցչի պաշտոնանկ անելու համար: Քաղաքացիական գիտակցության մեր հասունությունը կարծես չի բավարարում, որ ճիշտ, սթափ գնահատենք այն իրավիճակը, որն ի հայտ է եկել հին կառավարության հեռացումից եւ նորի ձեւավորվելուց հետո:

Հասկանանք, որ իշխանափոխությունը խաղուպար չէ, եւ մեր տնօրինությանը հանձնված երկիրն էլ խաղալիք չէ։ Այն շատ լուրջ ճանապարհ ունի անցնելու, եւ ճիշտ ընթացք դուրս գալու համար բոլորս անելիք ունենք։ Եվ յուրաքանչյուր սխալ հղի է վտանգավոր հետեւանքներով։ Ընդ որում՝ մեր երկրի թշնամին կլինեն ոչ միայն նրանք, ովքեր կչարաշահեն իրենց լիազորությունները, այլեւ նրանք, ովքեր կտեսնեն սխալներն ու կլռեն»։

24 մայիսի

«Ամեն ինչ միանգամայն հասկանալի է՝ երեկ չէ, առաջին օրն ընդամենը դասախոս, մենեջեր, բանկի կառավարիչ կամ պատգամավոր, այսօր` նախարար դարձած անձինք չէին կարող մի քանի օրում տիրապետել իրենց վստահված համակարգերի բոլոր նրբություններին, խորանալ խնդիրների էության մեջ եւ պրոֆեսիոնալ որոշումներ կայացնել։ Ոչ ոք, բնականաբար, նրանցից նման բան չի էլ պահանջում։ Նրանք երիտասարդ են, եւ, ըստ այդմ, միանգամայն հասկանալի է նաեւ այն շտապողականությունը, որ նրանք ցուցաբերում են ե՛ւ հայտարարություններ անելիս, ե՛ւ հանրության հետ շփումներում։ Բայց երբ անտեղյակ մարդը շատ է խոսում, խոսում է իր չիմացած բաներից եւ գործում իրեն անծանոթ միջավայրում, սխալվելու հավանականությունն էլ է մեծանում։ Ընդ որում՝ հասարակական այս դրական ու ներողամիտ մթնոլորտում, երբ նրանց սիրում են, հավատում եւ նրանց ասած լիքը հիմարություններին ու անմիտ քայլերին պարզապես ուշադրություն չեն դարձնում, իդեալական իրավիճակ է ստեղծվել գործելու, աշխատելու համար։ Ընդամենը մի քանի փոքրիկ նրբություն պետք է նկատի ունենան երիտասարդ կառավարիչները։

Նախ՝ լեզուն գործերից առաջ չգցեն եւ պահպանեն 100 օրվա լռության կանոնը՝ հասկանալով, որ անփորձ են, անտեղյակ։ Միայն նրանք չեն հասկանում լռելու գինը, ովքեր չգիտեն, որ չգիտեն։ Ի վերջո, չիմանալն ամոթ չէ, չսովորելն է ամոթ, իսկ չիմացած բաներից խոսում են միայն հիմարները։ Երկրորդը․ բոլոր համակարգերում կան լավատեղյակ մարդիկ, որոնցից պետք է սովորել, որոնց գիտելիքները պետք է օգտագործել։ Ճիշտ ու գրագետ մարդկանց գտնելը, նրանցից խորհուրդ հարցնելն էլ խելք ու գիտելիք են պահանջում։ Հուսանք՝ այս երիտասարդները դա ունեն»։