«Օպերացիան» ավարտված է

«Օպերացիան» ավարտված է

 

2022-ի վերջին օրերին «Հրապարակը» գրեց, որ խանութում վարչապետի դստերը՝ Մարիամ Փաշինյանին հանդիպած երկու ՀՀԿ-ական երիտասարդներ հայտնվել են իրավապահների թիրախում:

Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Վլադիմիր Մանուկյանը եւ «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը պատմում են, որ Մարիամի հետ որեւէ կոնտակտ չի եղել, սակայն Փաշինյանի ավագ դուստրը լուսանկարել է տղաներին, որից հետո նրանց սկսել են հետապնդել։

Միքայել Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իրավապահները գիշեր-ցերեկ հետապնդում են իրենց, հետևում, հսկում, անգամ տղաներից մեկին՝ Վլադիմիրին, տաքսու վարորդի հետ բերման են ենթարկել, իբրև զենք ու զինամթերք փնտրելու պատրվակով: Այս ամենի հիմքում՝ երիտասարդի պնդմամբ՝ Մարիամ Փաշինյանին խեթ նայելն է:

Այսօր մենք կրկին Հետաքրքրվեցինք տղաներից, թե իրավապահները շարունակո՞ւմ են նրանց հետևել, թե՞ «օպերացիան» ավարտված է: «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հետապնդումներ այլևս չի նկատում, որևէ մեկն այլևս չի հետևում իրենց: