Իսկ Փաշինյանին ո՞վ անվստահություն կհայտնի

Իսկ Փաշինյանին ո՞վ անվստահություն կհայտնի

Վարչապետի փոխարեն Երեւանի «հակահեղափոխական» քաղաքապետը փոխվեց, ասել է թե՝ լեռը մուկ ծնեց։ Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է զոհաբերելու անգամ իր ամենամերձավոր թիմակիցներին, միայն թե հանկարծ իր պաշտոնանկության հարցն օրակարգ չբերվի։ Բնականաբար, նա չունի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոհեմությունը՝ ընդունելու սեփական սխալականությունը, ներողություն խնդրելու եւ հեռանալու, ինչպես նա արեց 1998-ին՝ այդպիսով բացելով քաղաքական ասպարեզն ազգային ուժերի, օրինակ՝ կասեցված Դաշնակցության գործունեության համար։

Եվ, ուրեմն, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգը պետք է պարտադրվի ոչ թե իշխանության կուլիսներից, քանի որ այնտեղ քաղաքական մշակույթ, բազմակարծություն եւ ֆրակցիոնիզմ չկա, այլ ընդդիմության ու փողոցի ճնշման ներքո։ Ապավինել Փաշինյանի մեղքի զգացման արթնացմանը՝ նշանակում է զուր հույսեր փայփայել։ Սա Ճապոնիան չէ, երբ նույնիսկ շատ ավելի համեստ մի առիթով պատվազրկվելու դեպքում դրա պատասխանատուն հարակիրիի միջոցով ինքնասպան կլիներ։ Մեզ մոտ, ստացվում է, կապիտուլյացիայի ստորագրելուն որեւէ գործողություն չհաջորդեց։ Այս իշխանության օրոք բոլոր հնչեղ պաշտոնանկությունները, փաստորեն, ոչ թե ինքնահրաժարականներ են, չկատարած խոստման պատճառով ինքնակամ հեռացումներ, այլ իշխող ուժի կողմից դիմում գրելու պարտադրանք կամ անվստահության գործընթացի նախաձեռնում։

Փաշինյանի հեռացմանը զուգընթաց՝ առնվազն խորհրդարանական ընդդիմությունը պետք է երկարաժամկետ հեռանկարում ազգային օրակարգով զբաղվելու մասին ազդակներ հղի հանրությանը, պարզ եւ մանրամասնորեն ներկայացնի իշխանափոխության դեպքում իր հայեցակարգն Արցախի, Հայաստանի անվտանգության, արտաքին քաղաքականության եւ մի շարք այլ հարցերում։ Ապացուցման ենթակա չէ, որ այս իշխանությունը կատարելապես թաղել է Հայաստանի ինքնիշխանությունը, բայց ընդդիմադիր ուժերը պետք է առավել հասանելի եւ դետալացված նկարագրեն՝ իշխանափոխության դեպքում ինչպե՞ս են պատկերացնում մեր ինքնիշխանության վերականգնումն ու դրա բարձրացումը։

Որքան էլ սոցիալ-կենցաղային հոգսերով ենք ծանրաբեռնված, անհուսության մեջ ընկղմված՝ պետք է վերսկսել խոսել երկարաժամկետ ազգային երազանքի թեմայով, շունչ ու հոգի տալ նրան։ Կարճաժամկետ կարեւորագույն խնդրի լուծումն այդ ճանապարհին, իհարկե, վարչախմբի հեռացումն է, ապա՝ ճգնաժամային կառավարիչների միջոցով ոլորտային կոլապսների հաղթահարումը։ Աշխարհասփյուռ հայության մեջ մի քանի տասնյակ վերկուսակցական արհեստավարժ կառավարիչներ հաստատ կգտնվեն, որոնք կամիկաձեի դերում կծառայեն խարխլված պետության վերականգնմանը։ Քաղաքական ընդդիմության հաջողության դեպքում կառավարումը միանշանակ պետք է վստահել նման անձանց, նրանց հնարավորություն տալ հետճգնաժամային բարեփոխումների։

Այն, որ այս իշխանությունը դավադրաբար է կառավարել պատերազմի ընթացքն ու ամեն կերպ մոտեցրել մեր պարտությունը, հազարավոր զոհերի պատճառ դարձել, ակնհայտ է, բայց հանրությունը պատերազմի ցավալի էջը փորձում է շրջել՝ վաղվա օրվա մեջ հույս ու որոշակիություն փնտրելով։ Այն, որ այս վարչախումբն այլեւս անելիք չունի, ստախոս է եւ մտահոգ բացառապես սեփական եւ ոչ թե երկրի անվտանգության հարցերով, եւս պարզ է, բայց դարձյալ՝ հանրությանը հետեւողականորեն պետք է քաղաքական արժեհամակարգի, կշռի, թափի ու սկզբունքների իրական այլընտրանքը ցույց տալ։ Եվ այդ դեպքում ընդդիմությունը միանշանակ հաջողելու է, մեր ժողովուրդն էլ հառնելու է ավերակներից, վերակառուցելու է ավերված տներն ու շատ զավակներ է ունենալու։

Դավիթ Սարգսյան