Փորձենք հասկացնել

Փորձենք հասկացնել

Եվ այսպես, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին հասկանալի չէ, թե ինչու են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները մերժել «Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին փակ քննարկում անցկացնելու` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկը»։ Այստեղ տարօրինակ ոչինչ չկա: Մարդիկ կան, որ հասկացել են, մարդիկ կան, որ հասկանալու վրա են, մարդիկ էլ կան, ինչպես, օրինակ, Հակոբ Արշակյանը, չեն հասկանում, թե ինչպես կարելի է մերժել «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:

Պարոն Արշակյան, նախ ասեմ, որ «թավշյա ոչ բռնի ժողովրդական» խեղկատակությունը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող որեւէ կերպ ազդել հայերենի ուղղագրության վրա: Խոսքն այս դեպքում «վարչապետ» բառին է վերաբերում, որը Դուք գրել եք մեծատառով: Դա, մեղմ ասած, անգրագիտություն է: Դուք պետք է իմանաք, որ միեւնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը հասարակ գոյական է եւ գրվում է փոքրատառով: Միանգամայն այլ հարց է, երբ որեւէ պաշտոնյա շատ է ուզում մտնել իր վարչապետի ինչ-որ տեղը, ասենք՝ աչքը, եւ նրա պաշտոնը գրում է մեծատառով: Հուսամ՝ սա այդ դեպքը չէ, պարոն Արշակյան:

Իսկ հիմա անցնենք Հակոբ Արշակյանի հերթական բառակույտի «խորքում» թաքնված քաղաքական խութերին: Նա գրել է. «Նախ ցանկանում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նույն ընդդիմադիր պատգամավորների կողմից բազմիցս նշվել է Վարչապետի, պաշտպանության նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Այս նպատակով նրանց կողմից նախաձեռնվել է ԱԺ արտահերթ նիստ»: Պարոն Արշակյան, Դուք պետք է իմանայիք, որ ընդդիմադիր պատգամավորներն այնքան են խոսել վարչապետի, պաշտպանության նախարարի, այլ պաշտոնյաների հետ հանդիպելու անհրաժեշտությունից, որ ՀՀ քաղաքացիներին այդ մասին եւս մեկ անգամ «տեղեկացնելու» կարիք այլեւս չկար: Ես ավելի ուրախ կլինեի, եթե Դուք կիսատ չթողնեիք նախադասությունը եւ մեր քաղաքացիներին տեղեկացնեիք, թե ինչու չկայացավ ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը՝ իշխանության համար շատ անցանկալի օրակարգով: Փոխարենը շտապել եք քաղաքացիներին «տեղեկացնել, որ ընդդիմությունը, ստանալով փակ քննարկման հնարավորություն, անհասկանալի պատճառաբանությամբ մերժել է հանդիպման առաջարկը: Կուզենայի իմանալ՝ ի՞նչն է այստեղ անհասկանալի Ձեզ համար:

Ընդդիմությունն այդ մասին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ սեւով սպիտակի վրա գրել է. «Հաշվի առնելով տարածված տեղեկությունները՝ հայտնում ենք, որ Ալեն Սիմոնյանի կողմից ընդդիմադիր խմբակցություններին փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկություն: Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թ. հոկտեմբերին՝ պատերազմի օրերին, նման ձեւաչափով հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցել են, որոնք մինչ օրս մանիպուլացվում եւ խեղաթյուրվում են հենց վերջինիս կողմից։ Այս ժամանակահատվածում, իշխանությունները քանիցս ապացուցել են, որ ժողովրդից գաղտնի իրականացնում են կասկածելի բանակցություններ՝ առաջ մղելով բացառապես սեփական ապազգային օրակարգը: Բանակցային ցանկացած գործընթաց ինքնին չի հանդիսանում պետական կամ ռազմական գաղտնիք: Փակ հանդիպման ձեւաչափը հայ ժողովրդին առնչվող հարցերի վերաբերյալ առհասարակ անընդունելի է, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նման ձեւաչափով հանդիպման վերաբերյալ նախկինում արդեն իսկ տարածվել է հայտարարություն: Ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար եւ ժողովրդի առջեւ հաշվետու պայմաններում, ինչը մերժվել է, հետեւաբար վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը»:

Արշակյանը, պարզվում է, չի հասկանում, թե ինչու պետք է բաց քննարկումներ լինեն, եթե նման քննարկումներ միշտ լինում են կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ: Թվում է՝ Արշակյանը խելացի բան է ասում, բայց մոռանում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, օգտվելով հարցուպատասխանի ֆորմատից, ամեն անգամ լղոզում հարցերն ու անպատասխան թողնելով, հեռանում ամբիոնից: Ընդդիմության օրակարգով նիստը կլուծեր այդ հարցը, բայց Փաշինյանը, ինչպես տեսնում ենք, այնքան էլ միամիտ չէ եւ կոնտրառաջարկ է արել՝ փակ քննարկում կազմակերպել:

Ավարտելով իր գիրը՝ Արշակյանը խնդիր է դնում, այնուամենայնիվ, ինչ-որ բանում մեղադրել ընդդիմությանը: Խնդրեմ. «Հանդիպումից հրաժարվելու փաստը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվել է միջազգային տարբեր կառույցներում եւ բարեկամական խմբերում մաս կազմել Հայաստանը ներկայացնող պատվիրակություններին`ինքնին ապացուցում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները միտված չեն տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին, տեղեկանալու բանակցային նախկին եւ ներկա իրավիճակին եւ մանրամասներին, ինչպես նաեւ միտված չեն լծվել այդ մարտահրավերները միասնական պետական օրակարգով հաղթահարելու գործին, ինչի համար բազմահազար ընտրող քաղաքացիների կողմից գործուղվել են ԱԺ եւ աշխատավարձ են ստանում պետական բյուջեից»: Երեւի ճիշտն այս դեպքում Արշակյանին Հայկ Մարությանի ոճով պատասխանելն է: Այդ ի՞նչ է, դուք արդեն ընդդիմությա՞նն եք մեղադրում «հեղափոխության արժեքներից» հեռանալու մեջ:

Հուզվեցի՝ պետական միասնական օրակարգ… 2018 թվականից այդպիսի օրակարգ Հայաստանում չկա, պարոն Արշակյան, 2020թ. նոյեմբերի 10-ից՝ առավել եւս: Այն, ինչ օրակարգ է բերվել թավշյա խեղկատակությամբ, կոչվում է Նիկոլի եւ ՔՊ-ի օրակարգ: Սկսած բանակցային գործընթացներից եւ վերջացրած բազմազան մարտահրավերներով, որ օրեցօր լցվում են մեզ վրա: Խնդրեմ, ձեզ «670 հազար» ընտրող է գործուղել ԱԺ, ձեզ համար ավելի շատ հարկեր են վճարում ընտրողները, դուք ավելի շատ աշխատավարձ ու հավելավճար եք ստանում, ավելի լավ ավտոներ եք առնում տեղաշարժվելու համար, գնացեք եւ միջազգային հարթակներում ձեւակերպեք մեր խնդիրները, որոնք, ի դեպ, մեծավ մասամբ առաջացել են ձեր ու ձեր ձեւակերպած «պետական միասնական օրակարգի» պատճառով:

Թե բա՝ հույս եմ հայտնում, որ մեր ընդդիմադիր գործընկերները հետ կկանգնեն այս վտանգավոր գործելաոճից եւ հարցականի տակ չեն դնի արտաքին մարտահրավերները միավորված հաղթահարելու հայ ժողովրդի ցանկությունը եւ նպատակը։ Ամոթ է, պարոն Արշակյան: Դուք, հավանաբար, տեղյակ չեք, որ ընդդիմությունն այսօր առանց ձեզ էլ ամենատարբեր հարթակներում, օգտագործելով հայության ներուժը, զբաղված է հենց այն գործերով, որ դուք պետք է անեիք՝ իբրեւ պետություն եւ այդ պետության իշխանություն: Ավարտելով՝ մի բան էլ տեղեկացնեմ Արշակյանին: Ընդդիմությունը մեկ այլ՝ ձեզ համար «անհասկանալի» հայտարարություն էլ է արել, որ մոտավորապես այսպես է հնչում՝ այս իշխանությունների հետ պատրաստ ենք բանակցել բացառապես վերջիններիս հեռանալու պայմանների շուրջ: Հիմա, պատկերացրեք, ընդդիմությունը սպասում է Նիկոլի պատասխանին: