Ավազակից չպրծած՝ շամանի ձեռքն ընկանք

Ավազակից չպրծած՝ շամանի ձեռքն ընկանք
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի անցած ուղին, կատարած բոլոր գործերը, բարձրաձայն մտորումներ հիշեցնող նրա ելույթներն ու կոչերն անկեղծ հայրենասերի, պրպտող ու սրտացավ հայ պետական գործչի կոչեր էին։ Ինչպես կյանքը ցույց տվեց՝ վարչապետ դառնալուց հետո նա իր կազմած թիմով, ելույթներով ու կոչերով, շուրջերկրյա ճանապարհորդություններով ու փիլիսոփայական ծրագրերով մեր պետականության հզորացման ու ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման համար էական ոչինչ չարեց։ Նա տարերքի մեջ է՝ մի գլուխ կոչեր ու գուշակություններ է անում, իսկ ժողովրդի ձայնը չի լսում։ Մեր սեւ բախտը մեզ հետ է․ ավազակից չպրծած՝ շամանի ձեռքն ընկանք։

Մեր ազգի կեցությունը նման է մշտական պատերազմի՝ ամենքի ու ամեն ինչի հետ։ Այդ պատերազմում մեր վարած բոլոր ճակատամարտերը, որպես կանոն, հանպատրաստից ու զգացմունքային են եղել՝ առանց կանխամտածված մարտավարության։ ԽՍՀՄ փլուզումից հետո ի՜նչ թոհուբուհի միջով անցանք, ինչքա՜ն քաղաքական աճպարարություն տեսանք։ Այսօր, երբ արդեն ունենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, մեր երկրում խալի լվանալուց բացի, օրենսդրական մակարդակով էական ոչինչ չարվեց։ 30 տարի շարունակ Հայաստանում բիզնեսի բոլոր օրինաչափություններն ու օրենքները «հայկականացվել» են, որի հետեւանքով մեր տնտեսությունը փակուղուց դուրս չի գալիս։ Բիզնես ասելով՝ մենք միշտ հասկացել ենք միայն մեր արտադրական հզորություններն ու գյուղատնտեսական տարածքները ստվերային գործարքների արդյունքում, մի «Զապորոժեցի» գնի դիմաց  սեփականաշնորհելով ամայացնելը։ Իսկ եկամտաբեր ու հեռանկարային բիզնեսի ոլորտները Հայաստանում օրենսդրորեն չեն խթանվել։ Հիմա էլ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, եւ ամենացավալին այն է, որ մեր կառավարությունում դրա գիտակցումն անգամ չկա։ Այսօր ստիպված ենք նշել, որ մեր վարչապետը պետության ղեկավարի առաքելությունը լիովին չի գիտակցում։ Նա միմիայն  սեւեռվում է անիրատեսական գաղափարների վրա։ Բիզնեսի ընդհանուր օրենքների ու հայաստանյան բիզնեսի յուրահատկությունների մասին թյուր պատկերացում ունենալով՝ իր շուրջն է համախմբել պաստառ բռնողների դատարկամիտ մի բանակ եւ դրանով ուզում է տնտեսաքաղաքական հրաշք գործել։ Հեղափոխություն կատարած ժողովրդին  հուսախաբ անելը նրան արդեն քաղաքական կառափնարան է տանում։

Վարչապետի անիրատեսական գաղափարներից ամենացայտունն այն է, որ սյուռքահայությանը կարելի է համախմբել ինչ-որ հայրենասիրական գաղափարի շուրջ ու միայն «էստի համեցեք»-ով Հայաստանում մեծ ներդրումային դաշտ ստեղծել։ Չէ՞ որ դրա համար միայն ժողովրդավարությունն ու ավազակաթափությունը քիչ են։ Նույնիսկ եթե Քոչարյանին ու Մանվելին վանդակի մեջ դրած երկրեերկիր ման տան, ոչինչ չի փոխվի։ Այսօր էլ աշխարհում հայի համար եկամտից ու բարեկեցությունից բացի ուրիշ «հայրենասիրական» գաղափար չկա։ 
Այսօր նիկոլյան իշխանությունն ի՞նչ է անում աշխարհի հայերին համախմբելու համար, ո՞ւր են պետական ծրագրերը, ինչի՞ մասին են որոճում իշխանական արոտավայրերում նրա պահած մոզիները։ Հայաստանի ընդերքի հարստությունները կոպեկների դիմաց հանձնված են օտարներին։ Հայաստանում որ կողմ նայես՝ աշխատատեղ է, բայց մեջը եկամուտ չկա։ Սոցիալական ծանր պայմանները երիտասարդներին թույլ չեն տալիս ամուսնանալ ու ընտանիք կազմել, ծերերին տրվող կենսաթոշակով մի հավ անգամ կերակրել չես կարող։ 
Հայաստան երկիրը քարուքանդ անողը եղել ու մնում են նրա իշխանությունները, բանը հասցրել են նրան, որ Հայաստանում բնակչության 60 տոկոսի համար աշխատանքը եկամտաբեր չէ, իսկ կառավարությունը դա չի կարող շտկել, չունի  ռացիոնալ ծրագիր։ ՀՀ քաղաքացիների վարկային պատմություններին նայելիս լացդ գալիս է։ Ամեն օր վարչպետի կողմից ծովի պես խոստումներ են հնչում։ Սա նման է շամանության։ Ստացվում է, որ մեր հեղափոխական թռիչքը սոսկ ցատկ էր՝ առանց նշաձողի։ 

Մեր ողջ պատմության ընթացքում մեր ազգի կրած կորուստները հայ քաղաքական այրերի խղճին են մնում։ Իսկ նման քաղաքական այրեր ունենալու մեջ մեղավոր ենք բոլորս։ Մենք մեզ ճանաչելու մեծ խնդիր ունենք։ Ազգային քաղաքական օրակարգ չունենք, այսինքն՝ մեր առջեւ ծառացած խնդիրներին լուծումներ գտնելու ցանկություն չենք ունեցել երբեւէ։ 

Քանի դեռ մենք ազգային վերածնունդ չենք ապրել, ոչ մի հեղափոխություն մեր երկրում տեղի չի ունենա, ինչքան էլ աշխարհը դա ծամի ու մեր բերանը դնի։ Ամբողջ աշխարհը գործով է զբաղված, իսկ դուք արդեն երկու տարի է, ինչ մի գլուխ «հու, հու, դըմփ»  եք անում։

Երբ Երեւանի փողոցներում իշխանական անապատի արեւի տակ կենցաղային աղբի քարավաններն են շաբաթներով մակաղում, ու մի ամբողջ քաղաք հիվանդաբեր մանրէների միրաժի մեջ է, եւ մեր կոմիկ քաղաքապետը մեզ համբերության կոչերով է կերակրում, իսկ առողջապահության նախարարը դրա մեջ ծանր հիվանդությունների էպիդեմիայի վտանգ չի տեսնում, այդ ո՞ր սփյուռքահայն է գժվել՝ Փարիզն ու Լոս Անջելսը թողած, գա ու աղբանոցի վերածված Երեւանում ապրի։ Ամենացավալին այն է, որ հայկական սփյուռքն արդեն սկսել է Հայաստանի նկատմամբ խորթանալ ու թշնամանալ։

Ռուսաստանում չորս միլիոնից ավելի հայ է ապրում, որոնցից շատերը նույնիսկ միայն Հայաստանի քաղաքացիություն ունեն, սակայն Հայաստանի անունը տալ չեն ուզում։ Օրերս մի առիթով Ժիրինովսկին, լսելով ՌԴ քաղաքագետ, հայազգի հայտնի պոչավոր Գեւորգ Միրզոյանի հակահայկական հայտարարություններից մեկը, ի լուր աշխարհի հայտարարեց, որ  Ռուսաստանի ոչ մի համայնք, ոչ մի ազգություն իր հայրենիքի ու  ազգի դեմ այնքան կեղտոտ գործեր չի արել, որքան  հայկական ազգանուն ունեցողները: Տեսեք, արդեն հրեաներն էլ են մեզ խղճում։

Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Գրավիտոն» գիտական կենտրոն