Իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է

Իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է

Սոցիալական հարցման  թվեր են ներկայացվում,  որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գահավիժել է,  բայց ես մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու եմ այլ բանի վրա։ Վարկանիշային գահավիժման թիվը մի բան է հուշում․ սարսափելի ահագնացել  է տարածությունը Նիկոլ Փաշինյանի ու ժողովրդի մեջ։ Ինչքան իջնում է վարկանիշը, համեմատական կարգով մեծանում է ժողովրդի ու իշխանության տարածական հեռավորության չափը։ Հեռավորություն ասելով՝ նկատի ունեմ երկուստեք կապը։ Ինչու՞ եմ սա նշում։

Ժողովրդին ու Նիկոլ Փաշինյանին այլևս անդունդներ են բաժանում, որը և ամեն օր տեսնում ենք։ Ինչքան էլ իշխանությունը «փորձի ժողովրդավար երևալ» , փաստերը այլ բան են հուշում։ Նիկոլ Փաշինյանին իր ժողովրդի ճակատագիրը չի հետաքրքրում։ Թվարկմամբ չզբաղվեմ, որովհետև վաղուց նա մոռացել է, որ ժողովուրդը շնչավոր, հուզական  ու մտածող էակ է։ Ու որքան մեծանում է տարածությունը իշխանության ու ժողովրդի մեջ, այնքան վերջինիս հոգսերը նա իրենը չի համարում։ Նրան չի հետաքրքրում իր հայտարարությամբ հանձնվելիք գյուղերի բնակիչների հետագա ճակատագիրը, մտորումները։ Նա մտածում է միայն մի բանի մասին․ ինչպե՞ս, ի՞նչ գործիքների մեխանիզմով նրանց հանի իրենց տներից։

Նրան չէր հետաքրքրում Արցախի ճակատագիրը՝ հանձնեց, չի հետաքրքրում նաև Հայաստանի ճակատագիրը։  Նրան հետաքրքրում են այն մարդիկ, որոնք իր հպատակներն են ու իր  աթոռն են պահում։ Այն ցավը, տառապանքը, որ զգում է շարքային քաղաքացին, նա չի՜ զգում, որովհետև քաղաքացին այլևս նրա համար չկա։ Նա ընդունում է միայն հպատակներին, թեև նրանց էլ իրենը չի համարում, կասկածում է ու իրադրային՝ կարող է նրանց  ,, փուռը տալ,,։ Մի շատ լավ արտահայտություն կա, որ Նապոլեոնինն է, ուզում եմ մեջբերել․  « Գերագույն իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է»։ Իսկ ե՞րբ է իշխանությունը թուլանում․ երբ կտրվում է ժողովրդից ու նրա համար նշանակություն չի ունենում նրա արյունն ու տառապանքը։