Որքանով են իրատեսական Հայաստանում նոր պառլամենտական ընտրությունները

Որքանով են իրատեսական Հայաստանում նոր պառլամենտական ընտրությունները

«Հրապարակը» գրել էր, որ հայաստանյան քաղաքական շրջանակներում ակտիվորեն խոսում են այն մասին, որ հաջորդ տարի հնարավոր է Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընդ որում, հարցն օրակարգ բերել է իշխանությունը։ Ըստ այդ լուրի՝ իշխանության համար, եթե նման վերջնական որոշում կայացվի, եւ եկող տարի լինեն պառլամենտական ընտրություններ, այն կարեւոր է լինելու վերարտադրվելու եւ նաեւ ընդդիմադիր դաշտի «մաքրազարդման» առումով։

Ընդհանուր առմամբ, համաձայնելով հրապարակման հետ, այս առնչությամբ մի քանի դիտարկում անենք։ Տեսականորեն, իհարկե, լիովին հնարավոր է, որ Փաշինյանը որոշի քաղաքական դաշտին անակնկալ մատուցել եւ նոր պառլամենտական ընտրություններ անել, հույսով, որ վարչական ռեսուրսի կիրառումով կկարողանա պառլամենտում նորից ձեւավորել մեծամասնություն։ Լիովին հնարավոր է, որ խորհրդարանական ընդդիմության պատկերն էլ որոշակի փոփոխությունների ենթարկվի։ Սակայն հարցը միայն սրանք չեն։ Որքան էլ համարենք, որ ընտրությունների անցկացման որոշումը ներպետական գործ է, եւ իշխանությունը նման որոշում կայացնելիս տեսականորեն սուվերեն վիճակում է գտնվում, սակայն չպետք է մոռանալ, որ խոսքը պառլամենտական երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին է, որի արդյունքների հիման վրա ձեւավորվելու է իշխանություն։

Ցանկացած ընտրություն իր մեջ պարունակում է որոշակի անկանխատեսելիության չափաբաժին։ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, իր կուսակցական ժողովներում իրեն կարող է նույնիսկ «արեւի որդի, լուսնի եղբայր եւ աստղերի ընկեր» համարել, ինչպես հին դարերում իրենց համարում էին Հին Արեւելքի միահեծան բռնակալները։ Սակայն ներկայիս պայմաններում, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարց կա, երբ Թուրքիայի հետ հարաբերությունների հարց կա, երբ մեր ողջ տարածաշրջանը, դառնալով գլոբալ աշխարհաքաղաքական բախման հիմնական ճակատներից մեկը, որոշակի փոփոխությունների շեմին է, եւ էլի հազար ու մի հարց, Նիկոլ Փաշինյանը դժվար թե գնա նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու քայլին։ Եթե նույնիսկ շատ էլ ուզենա, մեծ հաշվով, դա անել չի կարող թեկուզ զուտ այն բանի համար, որ նոր ընտրությունները կարող են բերել իշխանությունների փոփոխության, իսկ դա իր հերթին կբերի Երեւան-Բաքու բանակցություններում բանակցողի փոփոխության, մի բան, որ թե՛ Ռուսաստանին, թե՛ Արեւմուտքին ձեռնտու չէ։

Հայաստանն այն երկիրը չէ, որ այնպիսի բախտորոշ եւ վճռական փուլում, ինչպիսին ներկայիս ժամանակներն են, կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել այնպիսի հարցերի շուրջ, որոնք գործող իշխանության լինելիության հետ են կապված։ Գոնե վերջին մեկ ամսվա ընթացքում ռուսական Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ «հայկական թեմատիկայով» արված հայտարարություններն ապացուցում են ավելի վաղ «Հրապարակի» էջերում արտահայտածս կարծիքի իսկությունը, որ Հայաստանում չի կարող իշխանություն ձեւավորվել կամ փոփոխվել՝ առանց գոնե մեկ գլոբալ աշխարհաքաղաքական ուժի հետ համաձայնության կամ գոնե տարածաշրջանի հետ կապ ունեցող «խոշոր կալիբրի խաղացողների» կոնսենսուսի գալու։ Փաշինյանն էլ այս ամենը շատ լավ է հասկանում, եւ վերեւում ասվածը նկատի ունենալով, դժվար թե նման արկածախնդրության գնա։ Այլ է հարցը, որ Փաշինյանը նման «աղմուկ» փորձի բարձրացնել ներքին մակարդակում, նույն գլոբալ աշխարհաքաղաքական ուժի՝ Ռուսաստանի կամ տարածաշրջանային «խոշոր խաղացողների» մոտ իր «գինը» թանկացնելու համար, սակայն ավելի հեռուն նա չի գնա։