Ո՞վ է մեղավոր, որ մեր ժողովուրդը պողոսն է, իսկ այլ երկրներում՝ արժանապատիվ, իր ճակատագրին տեր կանգնող անհատը

Ո՞վ է մեղավոր, որ մեր ժողովուրդը պողոսն է, իսկ այլ երկրներում՝ արժանապատիվ, իր ճակատագրին տեր կանգնող անհատը

«Ժողովուրդ» ասվածը ծավալուն հասկացություն է, որի տակ ամեն հանրություն իր իմաստն է դնում։ Ամերիկացիք իրենց մասին ասում են` We, the people։ Սա սեփական հավաքական հանրության մասին ամենահզոր ու բարձր կամային ձեւակերպումն է, որին ես տեղյակ եմ։ Այն ազդարարում է, որ մենք՝ բոլորս, հավասարաչափ ենք տերը, կամք թելադրողը, մեզնից բարձրը չկա։ Ու առաջին հայացքից, զարմանալիորեն, այդ իրավունքի հետեւում ոչ թե ամերիկյան զորքն է կամ սահմանադրությունը, այլ իր իրավունքներին իր անձնական զենքով տեր կանգնած կովբոյը-շարքային ամերիկացին։

Ֆրանսիացիների պատկերացումներում ժողովուրդը կրասովկա հագած, դեմքին դիմակ դրած, փողոցներում ամեն ինչ վառողն է ու հենց դրանով իշխանություններին իր կամքը թելադրողը։
Թուրքերի, ազերիների, կիրգիզների ու ղազախների մոտ ժողովուրդն իրենց դեմ կանգնածներին ջարդուփշուր անող ամբոխն է։

Հրեաների մոտ ժողովուրդն աշխարհը ծնկի բերած խորամանկ ու դաժան ազգակիցն է։ Ռուսների մոտ իվանուշկա դուռաչոկն է։

Իսկ ահա հայերի մոտ ժողովուրդն անոռուգլուխ (բառարանային բառ է), տգետ ու անհասկացող, թուլամորթ ու դեգեներատ համատարած պողոսն է։

Համեմատելով մեր ու այլոց «ժողովուրդ» ասվածի իմաստային խորը տարբերությունները՝ կարող եմ եզրակացնել, որ «ժողովուրդ» ասվածի տակ հայոց պատկերացրած անատամ «ժողովրդին» նկատի ունենալն ազգային-տեղային-լոկալ մեծ դեմագոգիա է։

Հետեւաբար խնդիրն է՝ հասկանալ, թե ինչու է հենց միայն մեզանում ժողովուրդը նման ամորֆ մի բան։ Եվ ո՞վ է մեղավորը, որ մեր ժողովուրդը պողոսն է, իսկ այլոց պատկերացումներում՝ արժանապատիվ, գործունյա, ինքնուրույն ու իր ճակատագրին տեր կանգնած անհատ մարդը։

Այնպես որ` հազարավոր ապացույցներ կան, որ մեղավոր է հենց արժանապատվությունը պլինտուսին մխած ժողովուրդը, որն իրեն անհասկացողի տեղ դրած, իր բարօրությունն ու ապագան ուրիշներից է պահանջում եւ պատճառաբանում, թե՝ բա չե՞ք տեսնում, որ ես անընդունակ եմ, իսկ անել պարտավոր է միայն ընդունակը։ Պարտավոր է առաջնորդել, որ ինքը սոված ու գենոցիդի տակ չլինի։

Ու թքած այն փաստի վրա, որ նման մենթալիտետով ապրողների միջավայրում մասշտաբային գործիչ չի կարող լինել նույնիսկ տեսականորեն, որովհետեւ անինքնասեր ու թուլամորթ միջավայրերում մշտապես կհարգվեն եւ կմեծարվեն բացառապես աճպարարները, ֆռռացնողներն ու սրիկաները (որը եւ առկա է մեզանում դարեդար ու արդեն 32 տարի)։ Եվ հենց ժողովրդական ու անհատական փալասությունն է այն պարարտ հողը, ուր մակաբուծվում է ստահակը, եւ պետությունը ոչ մի կերպ չի կառուցվում։

Եթե ուղեղն ու արժանապատվությունը լինեին, ապա անձնական շահը պաշտպանելու կամքն ու արժեքայինը եւս կլինեին, համապատասխան միջավայր կձեւավորվեր, ու գործիչներն ավտոմատ կծնվեին, եւ բոլորի բարեկեցությունը կապահովվեր։ Բայց եթե պողոսային անճարակություն-անուղեղություն ու դաղալությունն են տիրում ամենուր, ապա հենց դրանով են լլկեցվում, չեզոքացվում ու ազգի դավաճան հռչակվում նորմալները: Սոցիալապես թունավոր միջավայրում նորմալներ ու, առավել եւս, գործիչներ ուղղակի չեն աճում։ Ու հենց դրանով է կերտվում դժոխքը։
Արցախը դավաճանությամբ հանձնվեց, հայոց պետությունն է վերանում, ու մինչեւ հիմա ժողովուրդը լուռ է՝ յոլայի մեջ, փոխանակ իր իսկ գոյության խնդիրների հանդեպ գոնե ազնիվ լինի։

Ու այս մուննաթի արդարացումն է ֆենոմենալ, թե՝ ես աննամուս եմ, անուղեղ ու տգետ եմ, ինձնից բան չուզես, դու մեղավորից ուզի։ Մեղավորն էլ դու ես, հերոս չդարձածն ես։

Չլսված, չտեսնված տիեզերական դաղալություն է, որը սկիզբ առավ լաո-ով սկսված հայրենասիրական դեմագոգ բռավադայով։ Տղամարդը խրոխտ ռազմերգով օրորոցում պառկած ծծկերից է գործը պահանջում, թե` բա չիմացա՞ր, թուրքը բոլորիս մորթեց, զարթիր, լաո, գնա թուրքի բերան։

Մեկ դար շարունակ վզի երակները պրկած, ոտքերն էլ գետնին դոփելով, դա խրոխտ-խրոխտ երգեցին՝ չհասկանալով էլ, թե ինչ են երգում։ Ու վերջում էլ 15 հազար լաո-ի դեմ արեցին թուրքի բերան, ազգովի դառան տնավեր ու կործանեցին ամեն ինչ։

Այսօր էլ իմ ու իմ նմանների երեսին են շփացնում, թե մեզ բան չասես, գնա դարձիր լիդեր, արի ինձ փրկիր։ Ուրեմն դու զլանաս տառաճանաչ ու աշխարհաճանաչ, շարքային մարդ դառնալ, քո տարրական իրավունքները պաշտպանել ու ի՞նձ մեղադրես։

Դու մերժես ճշմարտությունը, ամեն ինչ անես ճշմարտության դեմ ու ինձ վրա՞ մուննաթ գաս, թե` արի կարգավորի իմ սարքած դժոխքը։ Մի փոր հացի համար արժանապատվությունդ ծախես, քեզ խողովակի տեղ դնես, ինքդ քեզ դավաճանես ու այլո՞ց մեղադրես։

Արա Հարությունյան
Քաղաքագետ