Ադրբեջանն իր վարքագիծը կփոխի միայն մեկ դեպքում

Ադրբեջանն իր վարքագիծը կփոխի միայն մեկ դեպքում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

-Ինչպես գիտենք՝ Ադրբեջանն ահռելի զինտեխնիկա է սահմանին կուտակել: Ի՞նչ սպասել առաջիկայում:

-Իրադրությունն իսկապես շատ լարված է ու վտանգավոր: Այդուհանդերձ, Ադրբեջանի հնարավոր գործողություններն ու դրանց մասշտաբները կապված են մի քանի գործոններից, այդ թվում՝ միջազգային արձագանքներից ու կանխարգելիչ քայլերից: Կանխարգելման հարցում շատ մեծ է Իրանի դերն այս պահին: Արևմուտքը ևս շարունակ զանգեր է անում, բայց Բաքուն հանգիստ կարող է դրանք արհամարհել: Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի իր վարքը, միայն եթե հստակ գործողություններ արվեն այդ ագրեսիվ վարքը պատժելու համար: Կարևոր է նաև հասկանալ, թե ինչու ու ինչ նպատակով է Ադրբեջանն այս անգամ լարում իրադրությունը: Թվում է, թե Փաշինյանը սուսուփուս զիջում է այն, ինչ պահանջում է Ադրբեջանը: Օրինակ, ՀՀ վարչապետը առանց Հայաստանի ու Արցախի համար որևէ բան ստանալու պատրաստակամություն է հայտնել ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, ընդ որում՝ ոչ միայն Արցախը, այլև ՀՀ-ն Վրաստանին ու ՀՀ-ն Իրանին կապող միջպետական ճանապարհների կարևոր հատվածները: Փոխարենը Ադրբեջանը ոչ միայն դուրս չի գալիս ՀՀ օկուպացված տարածքներից, ոչ միայն ոչինչ չի խոսում Արծվաշենը մեզ վերադարձելու մասին, այլ ավելի է լարում իրավիճակը: Ես ձեզ հետ զրույցներում նաև բազմիցս կրկնել եմ, որ Ադրբեջանը չի բավարարվելու եղածով: Ես որևէ նոր բան չեմ ասում, բավական է մի քիչ ճանաչել այդ երկրի քաղաքականությունը, մի քիչ պատմություն իմանալ ու տրամաբանելու կարողություն ունենալ հասկանալու համար, որ այդ երկիրը հիմնված է ագրեսիվ քաղաքականության ու հայի հանդեպ քարոզվող ատելության վրա: Այդ երկրի վարչակարգը երբևէ չի հրաժարվելու տարվող քաղաքականությունից: Դրա ականատեսը մենք պարբերաբար լինում ենք, բայց ինչպես երևում է՝ ՀՀ իշխանությունները չեն ուզում այս պարզ ճշմարտությունը հայտնել սեփական հանրությանը, քանի որ դա մեծ պատասխանատվություն է պահանջում, քանի որ իրենք ունակ չեն ապահովել երկրի պաշտպանությունը: Փոխարենը՝ ջայլամի պես գլուխները մտցնում են ավազի տակ, ստեղծում կեղծ իրականություն, որտեղ գլխավոր խնդիրը քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների դեմ պայքարն է: Այլ պայքարի նրանք ունակ չեն, դրա համար էլ մենք շարունակ կանգնում ենք լուրջ վտանգների առաջ:

-Լայնածավալ գործողություններ կարո՞ղ են տեղի ունենալ:

-Ոչինչ չեմ կարող բացառել, իհարկե, բայց ես շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանին զսպող ուժեր կան,առնվազն այս պահի դրությամբ: Ես արդեն նշեցի Իրանի մասին: Իրանն իսկապես շատ մեծ դեր ունի այդ հարցում, դա ակներև է: Հիշենք Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆիդանի հետ վերջին հանդիպման ժամանակ իրանական կողմը ևս մեկ անգամ ասել էր, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությանն ու պատմական երթուղիների արգելափակմանը: Ադրբեջանն ու Թուրքիան պահը համարում են պատմական հասնելու նրան, ինչին չեն կարողացել հասնել 1919 թվականին՝ մոտ մեկ դար առաջ, երբ Նժդեհը կազմակերպեց Սյունիքի ինքնապաշտպանությունը: Պատմությունը շատ հարցերում նույնությամբ կրկնվում է: Ուղղակի մենք պատմությունից դասեր քաղելու հարցում ենք լրջորեն թերանում: Մենք չենք հասկանում, որ Արցախը Հայաստանի թիկունքն ու մեջքն է: Եթե մեջքը կոտրվում է, դու արդեն թերի ես, անկարող ու խոցելի: Հիմա մենք մեր ձեռքով մեր մեջքը կոտրում ենք, հետո զարմանում, թե ինչու մեր հակառակորդը նոր ագրեսիվ քայլերի է ուզում գնալ: Փաշինյանը մեծ-մեծ խոստումներ է տվել Ալիևին, ինչպես նաև միջազգային գործընկերներին, դիմացը նվազագույնն է ուզել՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն միջազգային մեխանիզմներով ու ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ երաշխիքներ: Հիմա ոչ երկխոսությունը կա, ոչ էլ երաշխիքը, էլ չեմ խոսում մեր օկուպացված տարածքների մասին: Բայց ինքն արդեն իր խոստումներից չի կարող հրաժարվել, որովհետև արդեն բոլոր խաղաքարտերը բացել է ու տանուլ է տվել: Նման ղեկավարը, եթե մի քիչ մտածի պետության ճակատագրի մասին, հաստատ կհեռանա՝ իր ձախողակ թիմով հանդերձ՝ ընդունելով, որ չի կարողանում: Բայց դե Փաշինյանի դեպքում շատ մեծ միամտություն է կարծել, թե նա պետության շահի համար կհրաժարվի սեփական աթոռից: Ամեն դեպքում՝ այսօր մենք նրա ձախողած քաղաքականության վնասներն ենք կրում՝ ազգովի՝ Արցախում, նաև՝ Հայաստանում:

-Ո՞րն է Ադրբեջանի նպատակն այսօր:

-Արցախի մասով՝ վերջնականապես փակել Արցախի հարցը, քանդել այնտեղ պետական ինստիտուտները, զինաթափել բանակը, ձերբակալել մարդկանց, որոնք մասնակից են եղել պատերազմների, մնացածին էլ դուրս հանել Արցախից: Սա է Ալիևի «ինտեգրացիան»՝ չկան հայեր, չկա խնդիր: ՀՀ-ի հարցում՝ Սյունիքի մարզի հանդեպ վերահսկողություն, ավելի երկարաժամկետ առումով՝ թիրախավորել Գեղարքունիքի ու Վայոց Ձորի մարզերը: Ադրբեջանը բազմաթիվ խնդիրներ է փորձում լուծել՝ սկսած աշխարհաքաղաքական իր ծրագրերից՝ վերջացրած խմելու ջրի պաշարների սպառման հետ կապված իր հարցերով:

-Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի: Ի՞նչ կարող է փոխել նորանշանակ նախագահը: 

-Կարող եմ ասել, որ նորընտիր նախագահը հսկայական պատասխանատվություն է ստանձնել: Այստեղ միայն Արցախի հարցը չէ, նաև Հայաստանի հարցն է: Քանի որ նշեցի՝ Արցախը ՀՀ-ի մեջքն է, եթե մեջքը չդիմացավ, հետո մենք ենք կանգնելու վտանգի առաջ: Ես միայն հաջողություն, ողջախոհություն ու իմաստություն կարող եմ մաղթել, նաև հույս հայտնել, որ բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր ունեն հեղինակություն, կամք, խելք Արցախում մի կողմ կդնեն իրենց անձնական խնդիրները, տարակարծությունները ու միասին, իրար օգնելով դուրս կգան այս վիճակից: Ես չեմ կարող պատկերացնել, որ որևէ անձնական հարց կարող է կարևոր լինել պետության, հայրենիքի հետ կապված հարցերից: Իրավիճակն իսկապես ծանր է ու բարդ, սա նաև պատմական պահ է, այնպես ապրենք ու աշխատենք, որ հետո՝ տասնամյակներ անց մեր սերունդները հետ նայելով ասեն՝ իրապես զարմանալի է, որ այս վիճակը պատվով հաղթահարվել է...