Բեմից` մարտադաշտ, կորուստներ, մաքառումներ ու պայքար՝ կրկին բեմ բարձրանալու համար

Բեմից` մարտադաշտ, կորուստներ, մաքառումներ ու պայքար՝ կրկին բեմ բարձրանալու համար

Արդեն պատանեկության տարիներին շատ թե քիչ աշխարհը ճանաչելով, շատերն իրենց սպագայի երազներն են հյուսում։ Ոմանք կարողանում են հասնել իրենց երազանքների կապույտ թռչունին, ոմանք էլ ողջ կյանքում վազում են հետեւից, բայց չեն հասնում։ Պատանի Տիգրան Լալայանը, ծնված լինելով երաժիշտների ընտանիքում, անսահման սիրելով երաժշտության կախարդական աշխարհը, հատկապես ջազային արվեստը, 14 տարեկանից երազում էր ունենալ իր ջազ բենդը։ Տիգրանը ծնվել է 1978 թվականին։ Ընդամենը երկու ամսական էր, երբ ավտովթարից մահանում է Արցախում ճանաչված ակորդեոնահար հայրը` Սերգեյ Լալայանը։ Նրա խնամքը մնում է դաշնամուրի ուսուցիչ մոր` Ալինա Հակոբյանի ուսերին։ Նա գերազանց գնահատականներով ավարտում է Արվեստի դպրոցը, 1999 թ.՝ Սայաթ-Նովայի անվան երսժշտական ուսումնարանը։ Իսկ 2003-ին ստեղծում է թեկուզ սիրողական ջազային խումբ։ Շատերը չէին հավատում, որ Արցախում հնարավոր է ջազ բենդ ստեղծել։ Գտնում էին, որ դրա համար լուրջ նախադրյալներ չկան` փորձառու ջազ-երաժիշտներ, եւ այլն՝ ինչպես Հայաստանում։ Բայց 2004-ին իրականացավ նրա երազանքը` ստեղծեց ջազ բենդ, ավելին՝ ջազ բիգ բենդ, ջազային մեծ նվագախումբ, համույթ, որին 2005 թ. Արցախում տրվեց պետական կարգավիճակ։

Նվագախմբի ծրագրում դասական ջազի, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների ջազային մշակումներ էին։ 2005-ին Տիգրան Լալայանն արժանանում է «Տարվա երաժիշտ» մրցանակին, սակայն այդ ժամանակ ու հետագայում էլ շարունակ համեստորեն ասում էր, որ իրեն տրված այս կամ այն մրցանակը կամ հաջողությունը պատկանում է նվագախմբի բոլոր անդամներին, մրցանակին արժանի է նվագախմբի յուրաքանչյուր երաժիշտ։ Սկսած 2006-ից, ջազի հայկական ասոցիացիայի կողմից նվագախումբը հրավեր է ստանում՝ մասնակցելու Հայաստանում կազմակերպվող ջազի միջազգային փառատոններին, որտեղ խմբի կատարումներն արժանանում են ջազի վարպետների բարձր գնահատականին, իսկ Տիգրանին տրվում է ջազի հայկական ասոցիացիայի անդամի եւ Արցախում ասոցիացիայի ներկայացուցչի կարգավիճակ։

Կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Սերգեյ Մանուկյանը, Լեւոն Մալխասյանը եւ ուրիշներ բարձր են գնահատել արցախցի վարպետների ելույթները։ Երվանդ Երզնկյանն առաջին անգամ ծանոթանալով Տիգրանի հետ, լսելով նրան՝ ասել է, որ իր դիմաց կանգնած է պրոֆեսիոնալ երաժիշտ ու լավ դաշնակահար։ Մարտին Վարդազարյանն ասել է, որ Արցախի ջազ բենդից հենց առաջին տպավորությունն անսպասելի էր։ Ջազային երաժիշտ Գրիգորի Մալյանը պատմում է, որ առաջին անգամ, երբ 2016-ին եղել է Արցախում, ծանոթացել Տիգրանի հետ, լսել նվագախմբի կատարումները, ապշել է, որ այդպիսի պրոֆեսիոնալ ջազային համույթ կա հայկական այդ փոքրիկ երկրամասում։ Իսկ ռուսաստանցի երաժշտական քննադատ, պրոդյուսեր Ալեքսանդր Էյդելմանը խոստովանել է․ «Փոքրիկ Արցախի Հանրապետությունում նման ջազային նվագախումբ ստեղծելը խիզախություն էր, շատ մեծ խիզախություն, ու արդեն 20 տարի գոյություն ունեցող նման նվագախումբ ստեղծելու համար Ստեփանակերտում պետք է Տիգրանի արձանը կանգնեցնել։ Հրաշալի, հագեցած ծրագիր ունեն, լավ մենակատարներ»։ 2007-2014 թթ․ Արցախում ու նրա սահմաններից դուրս նվագախումբը բազմաթիվ համերգներ է տվել ու արժանացել երաժշտասերների ջերմ ընդունելությանը։ 2017 թ. ջազի արցախցի վարպետները մասնակցել են Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում ջազի հայտնի վարպետների հետ համատեղ կազմակերպված «Ջազ` հանուն խաղաղության» մենահամերգին, իսկ նույն թվականին՝ նաեւ Սոչիի ջազ փառատոնին։ Ապա հանդես են եկել ՌԴ Ռոստով քաղաքում եւ այլուր...

Իսկ հետո եղավ այն, ինչ եղավ՝ 2020 թ. պատերազմ, եւ Տիգրանն ու նվագախմբի անդամները զորակոչվեցին ու հայտնվեցին ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հայկական բանակի Ջաբրաիլում տեղակայված զորամասի զինվորների հետ Տիգրանը մասնակցել է Խաչմաչի համար մղվող մարտերին։ Նա պատմում է այդ մղձավանջային օրերի մասին, որտեղ մենք շատ զոհեր ենք տվել. «2020 թ. հոկտեմբերի կեսերին էր։ Ավելի նպաստավոր դիրքերում՝ բարձունքներում էինք գտնվում, Խաչմաչի մյուս կողմում դարձյալ մերոնք էին։ Թշնամին, փաստորեն, գտնվում էր շրջափակման մեջ։ Սպասում էինք հարձակման հրամանի, որովհետեւ նման իրավիճակներում զինվորներին տեւական ժամանակ չի կարելի տեղակայված պահել նույն հատվածում։ Երեք օր սպասողական վիճակում էինք, իսկ թշնամին արդեն ճշգրիտ տեղեկություններ ստանալով մեր դիրքերի մասին, ինչպես նաեւ համալրվելով ու նոր ուժեր ստանալով, սկսեց հրետակոծել մեր դիրքերը՝ թե՛ հեռահար հրետանիներով, թե՛ վերեւից՝ ԱԹՍ-ներով»։ Տիգրանի աչքի առաջ շատ տղաներ են զոհվում։ Պատմում է՝ հազիվ էինք հասցնում վիրավորներին դուրս բերել։ Իսկ հետո նահանջի հրաման է տրվում, ու նահանջելիս ոչ պակաս մեծ կորուստներ են կրում մեր զինվորները։

«Մի կերպ Ստեփանակերտ հասանք՝ ոտից գլուխ սեւացած, մրոտված ու հրաշքով փրկված,- այդ դժոխային օրերի մասին պատմում է Տիգրանը։- Ես կոնտուզիա էի ստացել, կարծես երազում, մղձավանջի մեջ լինեի։ Ու երբ կապիտուլյացիայի խայտառակ թուղթը ստորագրվեց, մեր՝ Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը մնաց թշնամուն, իսկ հետո այս ամենի համար ոչ մեկը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, կատարվածից ոչ միայն դաս չքաղեցինք, համազգային համախմբում չեղավ, ես ապշած էի մնացել, որ իշխանությունները շարունակում են նույն ձեւով ղեկավարել, բիզնեսմենները՝ իրենց բիզնեսի հարցերով զբաղվել, ասես ոչինչ չէր եղել, այս դժոխքում մենք չէինք...»։ Բարեբախտաբար, նվագախմբի տղաները կենդանի են դուրս գալիս 44-օրյա մսաղացից։ Ու Տիգրանը որոշում է տղաներին հավաքել եւ մոտակա ամիսներին համերգ կազմակերպել։ Տղաների մի մասը համաձայնում է մասնակցել համերգին, մի մասը, ամեն ինչից հիասթափված, հրաժարվում։ «Տղաներին ասացի, որ մենք պետք է առաջ գնանք, արվեստի մարդիկ, մտավորականները միշտ առջեւում պիտի լինեն ու ժողովրդին տանեն իրենց ետեւից, որպեսզի ազգովի դուրս գանք այս մղձավանջից։ Կապ չունի՝ մեզ վճարելո՞ւ են, թե՞ ոչ։ Հո պարապ չե՞նք նստելու»,- պատմում է Տիգրանը։

Նաեւ ուզում էր այդկերպ մոռանալ կատարվածը, դուրս գալ ապրած դժոխային օրերի ծանրությունից։ Արցախի մշակույթի նախարարությունը ոչնչով չօգնեց։ Տղաներն ամեն ինչ արեցին իրենց ուժերով եւ հայաստանցի իրենց բարեկամների՝ ջազի վարպետների օգնությամբ։ 2021-ի մայիսին այդ համերգը կայացավ՝ սկզբում Երեւանում, ապա՝ Ստեփանակերտում։ Որոշել էր նաեւ համերգ կազմակերպել՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին։ Արդեն պայմանավորվել էր կոմպոզիտորի որդու հետ, վերջինս խոստացել էր կատարողներ ուղարկել։ Արցախի կամերայինի գեղղեկավար Գեւորգ Մուրադյանի հետ էր պայմանավորվել, միասին ծրագիր էին կազմել։ Իսկ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը դարձյալ չէր խառնվում։ Ի դեպ, վերջին երեք տասնամյակներին քաջ ծանոթ լինելով վերոհիշյալ նախարարության, հատկապես որոշ չինովնիկների գործունեությանը՝ ես բազմիցս համոզվել եմ, որ սրանց Աստված արարել է ու հատուկ գործուղել, որպեսզի խանգարեն իրական արվեստի մարդկանց գործունեությանը եւ մշակութային միջոցառումները վերածեն շոուների։ Ու ահա վերոհիշյալ նախարարությունը «դատական գործ» է սարքում Տիգրանի դեմ, որպեսզի նրան տնօրենի պաշտոնից ազատի եւ փոխարենը նշանակի իր մարդուն։ Երկու տարի դատական քաշքշուկի, անգործության ու մղձավանջային ժամանակներ են սկսվում Տիգրանի համար։ Հետո պարզվում է, որ նրա դեմ ոչինչ չունեն, ու 2023 թ․ նոյեմբերի 15-ին նշանակված դատական նիստով արդարացնում են…

Արցախի շրջափակման ծանր, դաժան օրեր, ամիսներ, ուր որ է՝ պիտի լրանար պաշարման տարին, եւ ահա նոր պատերազմ՝ Արցախն այս անգամ վերջնականապես թշնամուն հանձնելու համար։ Կրկին տառապալից օրեր, ամիսներ՝ անվերջ թվացող տառապանքի ուղիներով։ Լքված հայրենիք, մի բուռ մնացած Արցախի վերջնական հայաթափում։ Ու Տիգրանը Երեւանում է, բայց դարձյալ չի կարողանում հանգիստ նստել, համակերպվել իր երազանքների վերջնական ֆիասկոյի հետ։ Կրկին հավաքում է իր երաժիշտներին, ու հունվարի երկրորդ կեսից որոշում են համերգ տալ Երեւանում։

Տիգրանին կրկին ձեռք են մեկնում հայաստանցի արվեստագետ բարեկամները՝ Արթուր Իսպիրյանը, Մելիք Մավիսակալյանը, Մարտին Վարդազարյանը եւ ուրիշներ։ Արցախցի երաժիշտներից, կատարողներից բացի համույթը համալրվում է գյումրեցի եւ լոռեցի երաժիշտներով։ Լսել էին, որ ջազի նոր խստապահանջ ու լավ մասնագետ կա, որը ջազային նոր խումբ է ձեւավորում։ Օրեր շարունակ առավոտյան ժամը 7-ից մինչեւ կեսգիշեր լարված աշխատում են։ Եվ ապրիլի 10-ին Երեւանի Տիկնիկային թատրոնում վերջապես կայացավ Տիգրանի գլխավորած ջազային համույթի բաղձալի համերգը։ Հաջողությունը մեծ էր։ Այն լուսաբանել են նաեւ երեւանյան հեռուստաալիքները։ Տիգրանն ասում է, որ այդ համերգն իրենց այցեքարտն է։ Ամեն ինչ կրկին սկսել են զրոյից եւ պատրաստ են մինչեւ վերջ գնալ։ Տիգրանին ու նրա անխոնջ երաժիշտներին հավատում եմ։ Բայց նրանց ապագան հիմա արդեն կախված է Հայաստան պետության ապագայից, որի վիճակը մեծ հույսեր չի ներշնչում։

Վարդգես Օվյան