Ռուսահայ գործարարների ունեզրկման արշավի սկիզբը տրված է. Արա Աբրահամյանը՝ առաջին զոհ

Ռուսահայ գործարարների ունեզրկման արշավի սկիզբը տրված է. Արա Աբրահամյանը՝ առաջին զոհ

Փաշինյանը որոշել է ունեզրկել ռուսահայ գործարարներին. մի գնդակով կարելի է երկու նապաստակ որսալ՝ ե՛ւ պատժել իր դեմ հանդես եկողներին, ե՛ւ նրանց հարստությունը խլել: Առաջին ծիծեռնակը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի շենքի տարածքն է` 6198 քմ տարածքով: Հսկայական տարածք Երեւանի ամենակենտրոնում, վրան` թանկարժեք շենք-շինություններ: 

Գլխավոր դատախազության երեկ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրել են այդ տարածքի մասնավորեցման փաստաթղթերը եւ դրանցում հայտնաբերել «առերեւույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե»: Շենքը մասնավորեցվել է 2001 թվականին՝ Արա Աբրահամյանին պատկանող «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ին, հանցանքն էլ այն մասին է, որ խախտվել է Հայաստանի հողային օրենսգրքի հոդվածներից մեկը` եթե ընկերությունը Հայաստանում գրանցված լիներ մինչեւ 2001 թվականի մայիսի 2-ը, ամեն ինչ նորմալ կլիներ, բայց ընկերությունը գրանցված է եղել օգոստոսին` խայտառակ եւ հանցավոր օրինախախտում, որը, բարեբախտաբար, հայտնաբերվել է 22 տարի անց: Համոզված ենք, որ մեղավորները կպատժվեն, իսկ պետությանը հասցված ահռելի վնասը կվերականգնվի, տարածքը եւ դրա վրա գտնվող շենք-շինությունները կխլվեն Արա Աբրահամյանից ու մասնավորեցման արդյունքում կդառնան իշխանությանը հնազանդ որեւէ օլիգարխի սեփականությունը: Նոր մասնավորեցման գումարը կգնա բյուջե, իսկ այնտեղից` ըստ պատկանելության, որ առժամանակ հագեցնի հարստության նկատմամբ անկասելի ձգտում ունեցողի ախորժակը:

Արա Աբրահամյանը չէր հայտնվի դատախազության ուշադրության կենտրոնում, եթե չքննադատեր Փաշինյանի իշխանությանը եւ նրան իշխանությունից հեռանալու կոչեր չաներ: Փաշինյանը մտավախություն ունի, որ իրենից դժգոհ Ռուսաստանի իշխանությունն իր դեմ պայքարում կարող է օգտագործել ռուսահայ մեծահարուստներին` նրանց մարդկային եւ ֆինանսական ռեսուրսը: Աբրահամյանի ունեցվածքի օրինականությունը կասկածի տակ դնող այս քրեական գործն ընդամենը ակնարկ է մյուս գործարարներին, որ նույն վիճակում կարող են հայտնվել նաեւ նրանք, եթե որոշեն մասնակցել Փաշինյանի իշխանության դեմ մղվող պայքարին: Հաստատ՝ օրենքի խախտումներ կհայտնաբերվեն ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Դալմա մոլի», «Տաշիրի», «Ռիո մոլի» կամ Հայաստանի էլեկտրական ցանցերի հողահատկացման, առքուվաճառքի պայմանագրերում եւ այլ փաստաթղթերում: Սամվել Կարապետյանը մեկն էր նրանցից, որոնք պատերազմում պարտությունից հետո Փաշինյանին հեռանալու կոչ էին արել, իսկ վերջերս էլ՝ անթույլատրելի անվանել Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը: Բայց Փաշինյանի ցուցակն ավելի ընդգրկուն է:

Հայաստանում շատ քիչ բան է, որ արվել է 100 տոկոսանոց օրինական, եւ յուրաքանչյուր սեփականաշնորհման, հողահատկացման կամ շինթույլտվության գործարքում կամ պայմանագրում կարելի է գտնել օրենքի տառի կամ ինչ-որ ստորակետի սխալ եւ, ըստ դրա, մարդկանց զրկել սեփականությունից: Ռուսահայ գործարարները Հայաստանում ոչ միայն կոմերցիոն սեփականություն ունեն, այլեւ բազմամիլիոն արժողության բնակարաններ: Իսկ Հայաստանի դատախազության կառուցվածքում կա նաեւ ապօրինի գույքի բռնագանձման վարչություն: Փաշինյանի հրահանգով, ռուսահայ գործարարների ամբողջ սեփականությունը կարող է մեկ օրում հռչակվել որպես ապօրինի ծագում ունեցող եւ բռնագանձման ենթակա: Դատախազությունն իր ձեռքն է, դատարանները` իր ենթակայության տակ, ոնց ուզի, այնպես էլ կվարվի: Այդ դատախազներն ու դատավորներն էլ մտածում են, որ իրենք արդարացում միշտ ունեն. մենք ի՞նչ մեղք ունենք, Փաշինյանը հրահանգել է, մենք էլ, որպես նրա ենթակա, կատարել ենք: 
Այս մարդիկ նույնիսկ միջազգային ատյաններում չեն կարող պաշտպանություն ակնկալել, քանի որ ռուսական կապիտալն ի սկզբանե հռչակված է ապօրինի, իսկ դրա բռնագանձումը՝ իրեն հարգող եվրոպական յուրաքանչյուր իշխանություն իր սրբազան գործն է համարում: Արեւմուտքը Ռուսաստան պետության 300 միլիարդ դոլարի պահուստային գումարներն է արգելափակել ու չի վերադարձնում օրինական տիրոջը, ուր մնաց՝ պաշտպանի ինչ-որ գործարարների շահերը:

Ռուսահայ գործարարներն այսպիսով հայտնվելու են ծանր ընտրության առաջ. մի կողմից՝ Ռուսաստանի իշխանությունը նրանցից պահանջելու է, որ մասնակցեն Փաշինյանի դեմ պայքարին, այլապես հարվածի տակ կդնեն Ռուսաստանում ունեցած իրենց ունեցվածքն ու գործելու ազատությունը, մյուս կողմից՝ Փաշինյանի իշխանությունն է նրանց հասկացնելու, որ իր դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի պատասխանը լինելու է Հայաստանում ունեցած նրանց ունեցվածքի բռնագանձումը: Ռուսաստանում նրանց կարողության չափն անհամեմատ ավելի մեծ է, եւ եթե հաշվենք, որ ընտրություն կատարելիս մարդ միշտ գերադասում է հարվածի տակ դնել ավելի փոքր ունեցվածքը, որ մեծը պաշտպանի, ապա ռուսահայ գործարարները նախապատվությունը կտան իրենց ռուսաստանյան ունեցվածքին, մանավանդ որ Հայաստանում իշխանափոխության հաջողության դեպքում հնարավորություն կա հետ բերելու այն, ինչ կհասցնի իրենցից խլել Փաշինյանի իշխանությունը:

Փաշինյանին, բնականաբար, չի հետաքրքրում Հայաստանի գործարար միջավայրի ապականումը, նրան չի հետաքրքրում, որ իր գործողությունների արդյունքում Հայաստանից սկսվելու է կապիտալի հսկայական արտահոսք, եւ որեւէ խելամիտ մարդ այլեւս Հայաստանում ո՛չ սեփականություն ձեռք կբերի, ո՛չ էլ որեւէ ներդրում կանի: Նրան հետաքրքրում է բացառապես իր իշխանությունը` թող Հայաստանը լինի աշխարհի ամենաաղքատ ու ամենասոված երկիրը, բայց ինքը լինի վարչապետի թախտին նստած, նույնիսկ ամենաաղքատ երկրում իր համար հարստանալու եւ լավ ապրելու միջոց կգտնվի, ինչ-որ մեկի սեփականությունը` հորթը կամ գառը հնարավոր կլինի հռչակել ապօրինի ծագում ունեցող, դրսից գրանտ ու վարկ կտան` կուտեն ու երջանիկ կապրեն:

Ավետիս Բաբաջանյան