Ոչ ոք չի կարող հող հանձնելով պատերազմից խուսափել

Ոչ ոք չի կարող հող հանձնելով պատերազմից խուսափել

Թշնամու կողմից անհանգստացնող շարժեր ու կուտակումներ նկատե՞լ են սահմանից այն կողմում՝ հարցրինք Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանին: Բայց համայնքապետերին այնքան են վախեցրել, թե նման հարցերի չպատասխանեք, որ ասաց՝ այդ հարցերը ՊՆ-ի տիրույթում են։ Ինչ վերաբերում է պատերազմով մարդկանց վախեցնելուն, ասաց. «Սոթքի բնակիչներն այդ պատերազմն իրանց մաշկի վրա զգացել են ու, բնականաբար, վախի զգացում կունենան, բայց դե՝ սովորել են ապրել այդ վախի զգացման հետ միասին, ինչպես ամենուր»։ Նա վստահ է, որ եթե պատերազմ լինի, Սոթքի բնակիչները չեն խուսափի պատերազմին մասնակցելուց։ Խաչատրյանը կասկածում է, որ որեւէ մեկը կլքի իր տունը, եթե հանկարծ Ալիեւը որոշի, որ Սոթքն էլ է «ադրբեջանական հող»։

Սյունիքի Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն էլ ասաց, որ թշնամու կողմից սադրանքներ, կուտակումներ, ամրաշինական աշխատանքներ չի նկատել։ Եթե իրենց առաջարկեն դուրս գալ գյուղից, որ պատերազմ չլինի, դուրս կգա՞ն․ «Ոչ, որ դուրս գալու լինեին, դուրս եկած կլինեին արդեն։ Ի՞նչ մարդ պիտի լինի, որ չվախենա կամ վախ չզգա, բայց դե՝ 2 անգամ գյուղը պատերազմ տեսել է․ մեկը՝ 2022 թ․ սեպտեմբերի 13-ին, մի հատ էլ՝ 2024 թ․ փետրվարի 13-ին՝ այս վերջին դեպքերը»։ Ի՞նչ պետք է մարդկանց վախեցնել՝ մենք պատերազմի մեջ ենք, այնպես չէ, որ պատերազմի մեջ չենք, ամեն օր անհանգիստ վիճակ է, բայց մարդիկ ապրում են՝ պատմում է Ներքին Հանդի ղեկավարը։ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Այգեպար վարչական շրջանի ղեկավար Արկադի Յամուկյանն էլ ասաց. «Ոչ ոք չի կարող հող հանձնելով պատերազմից խուսափել, հողը հանձնեցիր, վաղն էլ պիտի հանձնես, մյուս օրն էլ հանձնես։ Մեկ է` պատերազմը պիտի մի օր լինի՝ ուշ, թե շուտ»։