Առաջինը ծնողն է ուժի դիմել, ոստիկանությունն ի՞նչ պիտի աներ` պատասխան ուժ կիրառեր

Առաջինը ծնողն է ուժի դիմել, ոստիկանությունն ի՞նչ պիտի աներ` պատասխան ուժ կիրառեր

Հոկտեմբերի 13-ին՝ երեկոյան, համացանցը գրեթե ցնցված էր ոստիկանության հերթական գործողություններից։ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը տեսանյութ էր տեղադրել, որտեղ երեւում է ոստիկաններն ինչպես են բիրտ ուժ կիրառում քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ, իսկ 3 մանկահասակ երեխաները բարձրաձայն ու աղիողորմ լաց են լինում՝ հետեւելով, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ ասֆալտին փռել իրենց հորը եւ հայհոյախառն, ժարգոնով հրահանգում են՝ «պառկըցրեք, կոխեք ավտոն, նա խույ»:

Ոստիկանությունից հետագայում հայտնեցին, թե կատարվածի վերաբերյալ ծառայողական քննություն է անցկացվում։ Ռաֆայելյանի 3-ամյա երեխան տեղափոխվել էր հիվանդանոց։ Մենք «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին, որն իրեն իրավապաշտպան է համարում եւ զբաղված է ոստիկանության բարեփոխումներով, հարցրինք, թե ինչպես է մեկնաբանում ոստիկանության գործողությունները: Իոաննիսյանն ասաց` եթե ոստիկանները հաշվի առնեին երեխաների ներկայությունը եւ ուժ չկիրառեին, ապա այսուհետ բոլորը բերման ենթարկվելիս իրենց երեխաներին կբերեն-կկանգնեցնեն տարածքում։

«Իսկ ի՞նչ պիտի աներ ոստիկանը, երբ քաղաքացին դիմադրություն է ցույց տալիս, պետք է ոչինչ չանի՞։ Պատկերացնում եք, չէ՞, որ եթե մի դեպքում ոչ մի բան չանի, վաղը իրավախախտները, որոնց գան բերման ենթարկելու, կբերեն իրենց երեխաներին կկանգնեցնեն․․․, բայց, մյուս կողմից, ոստիկանությունը պետք է զգույշ եւ ուշադիր լինի այս հարցերում, այսինքն՝ ոստիկանությունը չի կարող անտեսել այն, որ անչափահաս երեխաներ են ականատես լինում։ Դա, իհարկե, ծնողի պարտականությունն է, առաջինը ծնողն է դիմել ուժի, ոստիկանությունն այդտեղ առաջինը չէ ուժի դիմել։ Առաջինը ծնողն է ուժի դիմել, ոստիկանությունն էլ ի՞նչ պիտի աներ, պիտի պատասխան ուժ կիրառեր։ Հիմա ով էլ նայում է, ոստիկանությունը պետք է պատասխան ուժ կիրառի, այսինքն՝ պիտի ծնողը մտածի, որ իր երեխաների ներկայությամբ ուժի է դիմում, եւ, բնականաբար, պիտի կանխատեսի, որ դրան պատասխան ուժ է լինելու, որին ականատես են լինելու իր զավակները...»,- ասաց Իոաննիսյանը։ Բայց քաղաքացի՞ն է ուժ կիրառողը, նրան էին գնացել բերման ենթարկելու։ «Դե, կադրերում ինչքանով որ երեւում է, իրեն փորձում են բերման ենթարկել, ինքը դիմադրում է, ես այդպես եմ հասկանում, հիմա գուցե ինչ-որ բաներ կան, որոնք այդ կադրերում չեն եղել»,- պատասխանեց Իոաննիսյանը։

Նույն օրը ոստիկանները մեկ այլ «հերոսությամբ» էլ էին աչքի ընկել․ Ազատության հրապարակից ուժով հեռացրել էին Ազգային ժողովրդավարական բեւեռի իրազեկող ակտիվիստներին, ինչն ԱԺԲ-ն գնահատել է որպես «ոստիկանության միջոցով քաղաքական հարցեր լուծելու իշխանության գործելաոճ եւ ազգային-ազատագրական պայքարը նման միջոցներով ճնշելու փորձեր»։ Իոաննիսյանին հարցրինք՝ իսկ սա մարդու իրավունքների ոտնահարում չէ՞։ «Ճիշտ ասած, դեպքին տեղյակ չեմ, նոր Ձեզնից եմ լսում, որ նման բան է եղել։ Չեմ կարող կոնկրետ դեպքի հետ կապված մեկնաբանել, բայց ասեմ, որ, այո, վերջին շրջանում նկատվում են խաղաղ հավաքների եւ կարծիքի արտահայտման ազատության անհամաչափ սահմանափակումներ։ Նման մտահոգություններ, մեծ հաշվով, մենք ունենք, մեր կարծիքն այն է, որ ոստիկանությունը պետք է խստորեն մնա օրենքի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սահմաններում եւ որեւիցե պարագայում ուժ չկիրառի խաղաղ ակցիաների նկատմամբ»,- ասաց Իոաննիսյանը։ Նրան հարցրինք նաեւ՝ ոստիկանությունն ինքնուրո՞ւյն է որոշել, որ պետք է նման կերպ իրեն դրսեւորի, թե՞ վերեւից իջած հրահանգ կա:

«Երբ ասում ենք՝ իշխանության վերին օղակներ, նկատի ենք ունենում 1 մարդու, որովհետեւ ոստիկանությունը ենթակա է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին։ Այս առումով ես պետք է ասեմ, որ ինձ թվում է, որ վարչապետը, անկախ նրանից, թե ով էլ լինի, պետք է անպայման ոստիկանությունից պահանջի, որպեսզի ոստիկանությունը նման բան չանի, որովհետեւ ոստիկանությունն ինքն իրենով մի կառույց է, որը որոշակի հակվածություն ունի  մարդու իրավունքներ խախտելու եւ միշտ ունեցել է, եւ կարեւորը վերեւից եկող զսպման չափն է, որպեսզի նման բան տեղի չունենա, եւ այս ռակուրսում շատ կարեւոր է, որ ստեղծվի ներքին գործերի նախարարություն, եւ այդ վերեւը լինի ոչ միայն պետության ղեկավարը, ով սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով քիչ է զսպում ոստիկանությանը, այլ նաեւ լինի խորհրդարանական վերահսկողություն»,- պատասխանեց Իոաննիսյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ տպավորություն ունի, որ ոստիկանությունը ասպատակումների շարք է սկսել․ «Ես քաղաքական հայտարարություններ չեմ ուզում անել, բայց ինձ մոտ տպավորություն է, որ ոստիկանությունն ասպատակում է տարբեր վայրեր, Հայաստանի տարբեր մարզեր, ինչպես տեսաք` այն ընտանիքին էին բռնության ենթարկել, կարելի է ասել՝ մանկահասակ երեխաներին էին խոշտանգել։ Դա ուղղակի ոստիկանության սանձարձակ պահվածքն է, իրենք էդպես են աշխատում»: Իսկ ոստիկանների գործողություններն իրավական գնահատական պե՞տք է ստանան։ «Իհարկե, պետք է ստանան, եթե իրազեկողներին բռնի ուժով հեռացնում են․․․, ի՞նչ ասեմ․․․ Ոստիկանությունը միշտ անպատժելի է եղել եւ շարունակում է մնալ անպատժելի, եւ ոչ մի կերպ հնարավոր չէ բարեփոխել ոստիկանությունը, ինչպես հայտարարում են իշխանությունները։ Իհարկե, ես քրեական գործի տարրեր եմ տեսնում․ երեխայի ներկայությամբ հորը ծեծել են, երեխային հիվանդանոց են տեղափոխել, մանկահասակ երեխաները սարսափահար են եղել։ Միայն գեստապոյականները կարող էին այդպես վարվել, միայն ֆաշիստական ճամբարներում է այս իրավիճակը եղել»,- ասաց Ալեքսանյանը։