Մինչեւ պաշտոնական Երեւանը չկատարի Թուրքիայի 2 պահանջը, բանակցություններում տեղաշարժ չի լինի

Մինչեւ պաշտոնական Երեւանը չկատարի Թուրքիայի 2 պահանջը, բանակցություններում տեղաշարժ չի լինի

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք առանց միջնորդների եւ նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը 3 տարի անց որեւէ շոշափելի արդյունք չի տվել։ Պաշտոնական անկարան մեկ անգամ չէ, որ ուղիղ տեքստով հասկացրել է՝ հայերի հետ հարեւանություն կանեն, եթե պաշտոնական Երեւանը կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները։ Այս նախապայմանն ու Ադրբեջանի օրեցօր աճող ախորժակը, ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, փակուղի են մտցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքագետի խոսքով՝ գործընթաց չկա, կանգ է առել։

- Պատերազմի մասին ահազանգող Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի ղեկավար Էրդողանի հետ, ո՞րն էր այդ զանգի նպատակը, եւ արդյո՞ք Փաշինյանին հաջողվեց կանխել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի նկատմամբ։

- Ես չունեմ որեւէ փաստ, որ այդ հեռախոսազրույցը որեւէ ձեւով ազդեցություն է ունեցել Ադրբեջանի գործողությունների վրա։ Մենք չգիտենք խոսակցության բովանդակությունը եւս։ Առհասարակ, ես չեմ կարծում, որ Էրդողանը կհրաժարվի իր այն մոտեցումներից, որոնք շատ հստակ արտահայտել է ոչ վաղ անցյալում։ Նա ասել է՝  Հայաստանը պետք է ստորագրի Ադրբեջանի հետ պայմանագիր այն մաքսիմալիստական պահանջների հիման վրա, որ ներկայացրել է Ադրբեջանը, եւ երկրորդ՝ Հայաստանը պետք է տրամադրի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Սրանք ոչ թե նախապայման են, այլ պահանջ, Էրդողանն ինքն այդ բառը օգտավործել է մի քանի ամիս առաջ, ասել է՝ «պահանջ»։

- 2021թ-ին սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հայկական կողմը մի քանի ֆորմատ է բացել։ Հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները հանդիպել են ընդամենը չորս անգամ։ Քըլըչ-Ռուբինյան հանդիպում այս տարի տեղի չի ունեցել։ Ի՞նչպես եք գնահատում կարգավորման գործընթացը, շոշափելի արդյունք տեսնու՞մ եք։ 

- Արդյունքներ չկան, եւ պատճառն այն է, որ Թուրքիան սպասում է Հայաստանը կատարի վերեւում նշված իր երկու պահանջները։ Մինչեւ պաշտոնական Երեւանը չկատարի բանակցություններում տեղաշարժ չի լինի։

- Ասացիք, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջը դրված է Հայաստանի իշխանությունների առջեւ, իսկ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ասել է՝  «Զանգեզուրի միջանցք» բանակցային ոչ մի հարթակում չկա։ Ըստ այդմ՝ ի՞նչ է սպասվում։

- Ես կարծում եմ, որ Ադրբեջանը շարունակում է պահանջել, քանի որ միջանցքը շատ ավելի կարեւոր է Թուրքիայի համար, որովհետեւ լուծում է կարեւոր մի քանի խնդիր։ Թուրքիան այդ միջանցքով հնարավորություն է ստանում անարգել կապվել Ադրբեջանի հետ, եւ եթե անհրաժեշտություն լինի՝ զորք ու զենք տեղափոխել Ադրբեջան․ դա շատ հարմար ճանապարհ է։ Միջանցքը կարեւոր է Թուրքիայի համար նաեւ պանթուրքիստական ծրագրերը կյանքի կոչելու համար։ Այդ ճամփան հնարավորություն է տալիս ամենակարճ ճանապարհով՝ Ադրբեջանի վրայով, Կասպից ծովի վրայով կապվել Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրներին։ Նշեմ նաեւ, որ միջանցքը նոր չէ, որ կարեւոր է դարձել Թուրքիայի համար։ Դեռեւս 1918թ․-ին թուրքական պարտադրանքի ներքո ստորագրված Բաթումի պայմանագրում էլ է «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք գնում։ Ասվում է, որ Թուրքիան հսկողություն պիտի ունենա այդտեղ, ինչպես նաեւ հատուկ հանձնակատար է նշանակելու՝ այդ ճանապարհով զբաղվելու համար։ Այնպես որ, սա թուրքական հարյուր տարվա ծրագիր է։ 

- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փաստորեն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Եթե Ադրբեջանի պահանջները Հայաստանը չկատարի, Թուրքիան Մարգարայի կամուրջը չի՞ բացելու։

- Այո, ես այդպես եմ կարծում։ Իմ համոզմամբ՝ Ադրբեջանի քաղաքականությունը տարածաշրջանում եւ Հայաստանի նկատմամբ նախագծվում եւ պատրաստվում է Անկարայում։ Ադրբեջանի եւ Թուրքիայի ինտեգրման մակարդակը հիմա շատ ավելի բարձր է, քան 2020թ․ պատերազմին, ընդ որում՝ բոլոր բնագավառներում՝ տնտեսական, քաղաքական եւ ռազմական։ Ադրբեջանն, ըստ էության, ծառայում է թուրքական ռազմավարական նպատակների իրագործմանը մեր տարածաշրջանում։ 

- Եւ ուրեմն, իրատեսական համարու՞մ եք, որ մոտ ապագայում կբացվի հայ-թուրքական սահմանը։ 

- Ես հույս ունեմ, որ Հայաստանը չի գնա այնպիսի զիջումների, որ բավարարի Թուրքիային, իսկ Թուրքիան չի հրաժարվի իր պահանջներից։ Սա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնեցված է, մինչեւ Հայաստանը գնա զիջումների։ Բայց նույնիսկ այս պարագային չպետք է Հայաստանն ինքը հրաժարվի Թուրքիայի հետ բանակցություններից, քննարկումներից։ Պետք է կարողանան դիվանագիտություն ցուցաբերել, որպեսզի Թուրքիան չհայտարարի, որ հայկական կողմը չի ուզում բանակցել։ Հետեւաբար, Հայաստանը պաշտոնապես չպետք է դուրս գա բանակցային գործընթացից։

- Շարունակ կանխատեսում են, որ Ադրբեջանը պատերազմական գործողություններ կսկսի Հայաստանի նկատմամբ, հավանական համարու՞մ եք։

- Այո, տեղի է ունենում ադրբեջանական զորքի կուտակում Հայաստանի եւ Արցախի սահմանների ողջ երկայնքով։ Կուտակումը կարող է ունենալ երկու նպատակ՝ ճնշումը ուժեղացնել եւ ակտիվացնել սադրանքները Հայաստանի եւ Արցախի դեմ։ Չի բացառվում, որ նաեւ այդ կուտակումները կարող են դառնալ լայնածավալ գործողություններ։