Արցախը գառ չէր, որ ոտի տակ մատաղ անես․․․

Արցախը գառ չէր, որ ոտի տակ մատաղ անես․․․

Արցախի նախագահի փոխվելուց հետո զգալի է՝  կարմրակատար աքլորը էլ չի բարձրանում սեղանի վրա ու գոռում՝ սո՜վ է, սո՜վ է․․․ էդ սիրտ կեղեքող ու ծղրտացող ձայնը այլևս չի լսվում։ Արցախը տապակվում է իր ցավով։ Նման բան ժամանակին շատերս ենք զգացել։ Երբ տան մեծն ասում էր՝ «հինչ կա, էն կերեք»։ Որ քաղցր բան էինք ուզում, մեր իմաստուն մեծերն ասում էին՝ «սասդ կտրի, հըրեվանը գիդա վեչ, որ սոված եք»։ Ու մենք այդպես դիմանում էինք, որովհետև մեր մեծերի խոսքը հացից, քաղցրից ավելի կարևոր էր։ 

Մեր կարմրակատարը դեռ նոր էր Ադրբեջանը Բերձորի միջանցքը փակել, որ ծուղրուղու էր կանչում՝ Արցախը սովից ցեղասպանվում է, հումանիտար ճգնաժա՜մ է ու այլն։ Արայիկն էլ հետը սկսում էր հա՜յ հարա՜յ անել։ Նպատակը ո՞րն էր։ Հիմա պարզ երևում է նպատակը՝ Աղդամի ճանապարհը բացել տալ ու մոռացության մատնել եռակողմ համաձայնությամբ ամրագրված Բերձորի միջանցքը։ Արցախը կտրել Հայաստանից։ Սրանք դեռ կոկոններն են։ Նպատակի խորքայինը դեռ առջևում է։  

Մեր կարմրակատարը էլ առաջվա պես Արցախի սովի մասին իրեն չի կոտորում, որովհետև նոր նախագահի ընտրվելուց հետո Արցախը փակվել է իր մեջ, իր ցավի մեջ։ Շրջափակման ծանր հետևանքն արդեն իր սև գործն անում  է, բայց ոչինչ չտվող ծղրտոցներն արդեն չկան,  մարդկանց խուճապի չեն մատնում։ Ընդունել են իրողությունը ու լռությամբ, իրենց խելքով, հույսները դրած իրենց վրա՝ դիմակայում են։ Արցախը սեփական «վերքերը լիզելով» էլ բժշկի չի սպասում, մեծերը մի լավ խոսք ունեն՝ «թիլը շտեղ կկտրի, կկտրի»։ Երեկ էլ Նիկոլը մի հազարերորդ անգամ կրկնեց, որ Արցախը հանձնել է թշնամուն, որ իբր թե Հայաստանը փրկի։ Ոնց որ սովի ժամանակ մայրը մի երեխային մորթի, տա թշնամուն, որ նա ուտի, կշտանա ու մյուսին չուտի։  Ասենք թե երկու օր դիմացավ, բա հետո՞։ Հետոն արդեն երևում է՝ Հայաստանն էլ արդեն թշնամու ատամների տակ է։ Վերջում տվողին է ուտելու, բայց նրան մի այլ կարգի է ուտելու, մի այլ ախորժակով։ 

Ռուսական բեռի հետ կապված հայաստանյան ծղրտոցները նույն աքլորի բնից էր՝ հա՜յ, հարա՜յ բացեցին․․․ Արցախը բացատրություն չի տալիս, թե ինչն ինչի համար արեց, որովհետև դա իր ներքին գործն է։ Արցախը պատասխանատվություն է կրում 120 հազար հայի կյանքի համար ու ինքն է իր ճանապարհը հարթում։ 
Արցախը գառ չէր, որ ոտի տակ մատաղ անես․․․