Այս տարի խաղաղության հույս չկա․ թուրք նախարարն ահազանգում է

Այս տարի խաղաղության հույս չկա․ թուրք նախարարն ահազանգում է

2024 թվականի ընթացքում Ուկրաինայի հարցով բանակցություններ չպետք է ակնկալել, ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Բռնցքամարտին բնորոշ մենամարտ է ընթանում, որը շատ թանկ է նստում։ Հակամարտության տարածման վտանգ կա դեպի այլ տարածաշրջաններ՝ դեպի Արևելյան Եվրոպա, դեպի Կենտրոնական [Եվրոպա], խոսվում է միջուկային զենքի մասին։ 

Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում մի շարք քաղաքական գործիչներ աստիճանաբար սկսում են գիտակցել ռիսկերը։ Եվրոպան մեզանից շատ պետք է անհանգստանա։ Ինչ վերաբերում է 2024-ին, անկեղծ ասած, մենք կարգավորման հիմք չենք տեսնում»,- ասել է Ֆիդանը CNN Türk-ի եթերում։

Նախարարի խոսքով, որոշակի հույսեր կան 2025 թվականի հետ կապված։ Այնուամենայնիվ, ըստ Ֆիդանի, «պետք է սպասել և տեսնել, թե ինչ պայմաններ կզարգանան»։

Ֆիդանը նաև ասել է, որ Անկարան չի ընդունում Ուկրաինայի օգնությամբ «Ռուսաստանի հետ հաշիվները մաքրելու» Եվրոպայի ռազմավարությունը․

«Իհարկե, մենք մերժում ենք օկուպացիան և պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Բայց եկել է այս պատերազմը դադարեցնելու ժամանակը»,- ​​ասել է Ֆիդանը` հավելելով, որ «Թուրքիան այն քիչ երկրներից է, որը կարող է, հնարավորություն ունենալով խոսել հակամարտության երկու կողմերի հետ, խաղաղության կոչ անել եվրոպական և այլ տարածաշրջանային հարթակներում»։