Ոչ մի գումարման խորհրդարանում այսքան մեղադրյալ չի եղել

Ոչ մի գումարման խորհրդարանում այսքան մեղադրյալ չի եղել

Ութերորդ գումարման խորհրդարանը տարբերվում է նախորդներից նաեւ նրանով, որ Ազգային ժողով անցած ընդդիմադիր ուժերի պատգամավորների մեծ մասի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Ժամանակին ՀՀ նախկին նախագահներն այդքան անողոքաբար չէին հետապնդում իրենց քաղաքական հակառակորդներին եւ այսքան շատ գործեր չէին հարուցում, ինչքան անում է նախկին ընդդիմադիր, նախկին քաղհալածյալ Նիկոլ Փաշինյանը:

Մեղադրյալի կարգավիճակում գտնվող պատգամավորների մեծ մասն իշխանության թիրախում է հայտնվել շատ ավելի վաղ․ մի մասը՝ պատերազմից առաջ, մյուսները` հետո: Հատկապես շատ են իշխանությունների դեմ ծավալված բողոքի ակցիաների առիթով` որպես զանգվածային անկարգությունների կազմակերպիչներ, հետապնդվող գործիչները։ Նրանցից 3-ը կալանքի տակ են, մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրված բնակավայրից չբացակայելու ստորագրությունը։ Սա նշանակում է, որ կալանավորված անձինք զրկված են օրենսդիր գործունեություն իրականացնելու հնարավորությունից, իսկ մյուսները` առանց նախաքննական մարմինների կամ դատարանի թույլտվության, չեն կարող Հայաստանի սահմաններից դուրս գալ։

Սակայն գաղտնիք չէ, որ պատգամավորական գործունեության մաս են կազմում գործուղումները։ Վերջերս ընդդիմադիրներն առաջին անգամ բախվեցին այդ խնդրին․ թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դուրս մնացին ԱԺ պատվիրակության կազմից, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ըստ ամենայնի, վերադասի ցուցումով օգտվեց առկա իրողությունից եւ քրեական գործով անցնող ընդդիմադիր պատգամավորներին` անձնական որոշմամբ, չընդգրկեց Ռուսաստանի ընտրությունները դիտարկելու համար մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում։ Մենք այս թեմային ավելի վաղ անդրադարձել ենք․ խոսքը նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանի եւ ՊՈՒ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի մասին է։ Երկուսի դեմ էլ անհեթեթ մեղադրանքներ կան, չքննվող գործեր, որոնք ուղղակի նրանց գլխին կախված են պահում` նման առիթների եւ այլ ճնշումների ենթարկելու նպատակով։ 

Արմեն Գեւորգյանը, ինչպես հայտնի է, անցնում է փողերի լվացման գործով` Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա հարուցված, եւ բնակավայրից չբացակայելու ստորագրություն է տվել, իսկ Հայկ Մամիջանյանին պատերազմից հետո մեղադրանք է առաջադրվել 225.1-րդ հոդվածով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության դեմ կազմակերպված ցույցերի ակտիվիստներից էր։ Երկուսն էլ՝ քաղաքական մեղադրանքներ։ Բայց այս պատգամավորները բազում բախտակիցներ ունեն իրենց խմբակցություններում․ Հայկ Մամիջանյանը մեզ փոխանցեց, որ իրենց 7 հոգանոց խմբակցությունում 4 պատգամավորի նկատմամբ քրեական գործ կա հարուցված՝ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից սկսված, Տարոն Մարգարյանով, Իշխան Զաքարյանով ավարտված։ «Հայաստան» դաշինքում մեղադրյալների թիվն ավելի մեծ է՝ Սեյրան Օհանյան, Վահե Հակոբյան, Արմեն Գեւորգյան, Արծվիկ Մինասյան, Գեղամ Մանուկյան, Քրիստինե Վարդանյան։ Վերջին չորսը գրեթե նույն  մեղադրանքն են կրում՝ հետպատերազմական հականիկոլական ակցիաների ակտիվիստներից են։

Պարզ ասած, երկու խմբակցություններում էլ պատգամավորների գրեթե կեսը, իսկ Վանեցյանի խմբակցությունում՝ կեսից ավելին, իշխանական կամայականությունների պատճառով զրկված են երկրից մեկնելու հնարավորությունից, եթե անգամ դա պատգամավորական գործուղում է, եւ ՔՊ-ն մեծ մասամբ «սամ սեբե ռեժիսոր» է․ միայնակ է մեկնելու գործուղումների՝ առանց ընդդիմության մասնակցության եւ վերահսկողության։ 

Խնդիրը նաեւ քննարկվել է խորհրդարանում: Մեր տեղեկություններով, ԱԺ խորհրդի վերջին նիստերից մեկի ժամանակ ՊՈՒ ղեկավար Արթուր Վանեցյանը բարձրաձայնել է հարցը՝ իշխանականներին հորդորելով հանգուցալուծել խնդիրը, որպեսզի լուծվի պատգամավորների գործուղումների հարցը։ Չէ՞ որ անգամ ԵԽԽՎ պատվիրակության կազմում կան ընդդիմադիրներ, օրինակ` Արմեն Գեւորգյանն է ընտրվել, որոնք Եվրոպայի խորհրդի նիստերին մասնակցել չեն կարողանա:

Քննարկման ժամանակ, երբ Վանեցյանը ներկայացրել է իրավիճակը՝ ասելով, որ ընդդիմադիրների մեծ մասի դեմ մեղադրանքներ կան, եւ նրանք կարող են մեկնել միայն հատուկ թույլտվություններով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է, թե ինչ հոդվածներով են առաջադրված մեղադրանքները: Պատասխանել են, որ դրանք տարբեր են` ապօրինի հավաքներից մինչեւ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ: Նորից հարց է հնչել` ո՞վ է անցնում Փաշինյանի դեմ մահափորձի գործով, որովհետեւ բոլորը մոռացել են, որ 2020-ի վերջին նման քրեական գործ է հարուցվել։ Վանեցյանը պատասխանել է` ես։

Հիշեցնենք, որ այդ գործով, բացի Վանեցյանից, անցնում են նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Այս պատասխանը դահլիճում ծիծաղ է առաջացրել․ անգամ իշխանական պատգամավորները հասկանում են, որ դա «մատից ծծած» քաղաքական մեղադրանք է` Նիկոլ Փաշինյանի վախերից ծնված։

Իսկ առաջարկի վերաբերյալ որեւէ առարկայական պատասխան չի հնչել,  քանի որ այս հարցի իրական հասցեատերը հենց Նիկոլ Փաշինյանն է` նրա հրահանգով են քաղաքական գործիչները ենթարկվում հետապնդման, եւ նա չի պատրաստվում այդ սառեցված ու հեռանկար չունեցող գործերը փակելու հրաման տալ: Ճիշտ հակառակը` դա լավ պատրվակ է ընդդիմադիր պատգամավորներին իրենց տեղը ցույց տալու համար։