Վարդենիսում չկա տարածք, որը որեւէ խորհրդային քարտեզով պատկանում է Ադրբեջանին

Վարդենիսում չկա տարածք, որը որեւէ խորհրդային քարտեզով պատկանում է Ադրբեջանին

Վարդենիսի ՔՊ-ական քաղաքապետ Արամ Մելքոնյանը` այլ համայնքապետերի շարքում, նախօրեին ԱԺ-ում մասնակցում էր համայնքների խոշորացման թեմայով լսումներին։ Վարդենիս համայնքը եւս խոշորանալու է՝ ընդգրկելով շուրջ 30 համայնք։ Մելքոնյանից նախ հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է սահմանին իրավիճակը, թշնամին շարուակո՞ւմ է կրակել մեր գյուղերի, դիրքերի ուղղությամբ։ «Սահմանային իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է, մեր կողմից մեծածավալ ինժեներական աշխատանքներ են կատարվում դիրքերում, եւ ամրանում ենք, պատրաստվում ենք ձմռանը»։

- Իսկ կրակոցներ չկա՞ն։

- Ոչ, վերջին մի քանի օրերի ընթացքում կրակոցներ չեն հնչել։

- Տեղեկություն տարածվեց, որ թշնամին հիմա էլ Ոսկեպարում է մի քանի մեքենայով հիմնավորվել։ Եթե նույն իրավիճակը լինի նաեւ Վարդենիսում, ինչպես Սյունիքում է, դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, հատկապես որ ՀՀ իշխանություններն առանձնապես դեմ չեն, որ թշնամին գա եւ մեր տարածքները զբաղեցնի։

- Իհարկե, իշխանությունները դեմ են։ Էն, որ թշնամու գործողություններն անկանխատեսելի են, բայց, միանշանակ, դեմ ենք։ Այսինքն՝ շատ լուրջ քայլեր կձեռնարկվեն համապատասխան ուժային կառույցների կողմից, նկատի ունեմ՝ պաշտպանության նախարարության կողմից, եթե որեւիցե նման քայլ տեղի ունենա Վարդենիսի տարածաշրջանում։

- Իսկ ինչո՞ւ Սյունիքում այդ քայլերը չեն ձեռնարկվում։

- Բնականաբար, ես կասկածում եմ, որ որեւիցե քայլ չի ձեռնարկվում, համապատասխան քայլեր միանշանակ ձեռնարկվում են։

- Եթե ձեռնարկվում են, ինչո՞ւ է թշնամին մինչեւ հիմա մեր ճանապարհին նստած ու անցնողներին գերի է վերցնում։

- Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կարող է տալ պաշտպանության նախարարությունը եւ ոչ Վարդենիսի քաղաքապետը։

- Ուզում եմ հասկանալ՝ Վարդենիսում է՞լ իրենց նույնկերպ կպահեն` ինչպես Սյունիքում, ի՞նչ կանեն, եթե նման բան տեղի ունենա։

- Ես Ձեզ ասեմ՝ մեծ հարգանքս լրագրողների նկատմամբ, բայց կան հարցեր, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել։ Բայց էն, որ քայլեր են ձեռնարկվում նորից սահմանը հատելու դեպքում, դա՝ հաստատ։ Ես հաստատում եմ։

- Պարոն Մելքոնյան, Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ Վարդենիսի տարածաշրջանում, կա՞ որեւէ տարածք, ճանապարհ, տեղանք, որը, ինչպես այս իշխանություններն են նշում, Խորհրդային Միության քարտեզներով Հայաստանի Հանրապետության տարածք չէ, այլ Ադրբեջանի տարածքում է գտնվում։

- Իհարկե, ոչ։ Այն, ինչ գտնվում է մեր սահմաններից ներս, Հայաստանի լիարժեք ու միջազգայնորեն ճանաչված գյուղեր են եւ տարածքներ են։

- Հիմա Սյունիքում Գորիս-Կապան մայրուղին կամ այդ մայրուղու որոշ տարածքներ մեր սահմաններից նե՞րս է գտնվում, թե՞ դուրս։

- Ես քաջատեղյակ եմ Վարդենիսի տարածաշրջանից, ես պատասխանեցի մեր տարածաշրջանում եղած իրավիճակի մասով։ Չեմ փորձի պատասխանել նրան, ինչից տեղյակ չեմ։

- Ուղղակի ուզում եմ իմանալ` Դուք, որպես Վարդենիսի քաղաքապետ, կընդդիմանա՞ք, եթե թշնամին գա նստի Վարդենիսի որեւէ տարածքում, եւ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ այդ տարածքն էն գլխից ինչ-որ անհայտ քարտեզներով նրանցն է եղել։

- Ես նորից եմ ասում՝ իմ մասով կպատասխանեմ․ իմ խոշորացված համայնքի շրջանում՝ Վարդենիսում, չկա որեւիցե տարածք, որը պատկանում է Ադրբեջանին՝ գտնվելով մեր տարածքից ներս։ Մեր տարածքը եւ էդ սահմաններից ներս գտնվող գյուղերը, որոնք գտնվում են իմ վարչական շրջանի ներսում, միջազգայնորեն ճանաչված եւ Հայաստանի սուվերեն տարածք են։

- Լավ, վերադառնանք խոշորացմանը` Սոթքը նորից խոշորացնում են։ Այստեղ քաղաքական նպատակ չե՞ք տեսնում, որ ուզում են ընդդիմադիր համայնքապետից ազատվել, դրա համար են խոշորացնում։

- Միանգամայն՝ ոչ։ Սրա մասին շատ երկար կարող եմ խոսել, բայց էֆեկտիվությունը շատ բարձր է եւ, այո, շատ տեղին է։ Որոշ մարդիկ դա անվանում են միֆ, բայց դա միֆ չէ։ Ես երկու տարի եմ աշխատում, դեռ ունեմ երեք տարի աշխատելու ժամանակ, բայց կասեմ, որ, այո, կոնկրետ մեր տարածաշրջանում դրա էֆեկտիվությունը շատ մեծ է։

- Խոշորացումից հետո քանի՞ գյուղ է ներառվելու ձեր համայնքում։

- Վարդենիսը խոշորանում է եւ դառնում է 35 վարչական շրջան՝ Սոթքն էլ՝ մեջը։

- Այսինքն՝ նոր ընտրություններ են լինելու Վարդենիսում։ Դուք առաջադրվելո՞ւ եք։

- Դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ երկու ամիս ժամանակ ունենք, բայց ես կողմ եմ դրան, անկախ նրանից՝ ով կառաջադրվի, ինչ կլինի։

- Իսկ եթե չհաղթեք, չե՞ք փոշմանի խոշորացման համար։

- Բնականաբար, ոչ։

- Ինչո՞վ է էֆեկտիվ լինելու, երբ մեկ կենտրոնից 30-ից ավելի համայնք է ղեկավարվելու։

- Ես ասացի՝ սրա մասին բավականին երկար կարող եմ խոսել, բայց նույնիսկ ռազմական նշանակության ճանապարհները, որոնք տարիներ շարունակ 9 կմ ճանապարհն անցել են 3 ժամում, խոշորանալուց հետո, տարածքային զարգացման հիմնադրամի, խոշորացված համայնքի կողմից ձեռք բերված տեխնիկայի օգնությամբ, ճանապարհային եւ շատ ու շատ հարցեր լուծվել են, որոնց շնորհիվ այսօր մեր սահմաններն էլ ավելի ամուր են։