«Հրապարակ». Մեր հիմնական դաշնակցին թողած, մեկն ասում է՝ Եվրոպա, մեկը՝ Ամերիկա, մյուսը՝ Ռուսաստան

«Հրապարակ». Մեր հիմնական դաշնակցին թողած, մեկն ասում է՝ Եվրոպա, մեկը՝ Ամերիկա, մյուսը՝ Ռուսաստան

Թշնամին նոյեմբերի 29-ին, ժամը 23.10-ին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը եւ հավելում, որ թշնամին կիրառել է նաեւ ականանետ։ Ավելի վաղ՝ 17.50-ի սահմաններում, նույն՝ արեւելյան սահմանագոտու հատվածում թշնամու կրակոցից վիրավորվել էր հայ զինծառայող, ում վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։

Թշնամին ակտիվացել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում եւ հայկական դիրքերի ուղղությամբ է կրակ բացում ու սադրանքների դիմում, այլեւ պաշտոնական մակարդակով ապատեղեկատվություն տարածելու հարցում է աննախադեպ ակտիվ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 27-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց՝ հերթական ապատեղեկատվությունն է ադրբեջանական կողմից։ Նույն բովանդակությամբ հաղորդագրություն Ադրբեջանի ՊՆ-ն տարածել էր նաեւ նոյեմբերի 3-ին, 4-ին, 14-ին, 16-ին, 22-ին, 25-ին, 26-ին, ինչը ՀՀ ՊՆ-ի կողմից նորից ապատեղեկատվություն էր որակվել։ Այս գործելաոճն ադրբեջանական կողմը կիրառում է, երբ նոր ռազմական ագրեսիա է ծրագրում։ Մասնավորապես վերջին՝ սեպտեմբերյան պատերազմից առաջ Ադրբեջանի ՊՆ-ն նմանատիպ սուտ հաղորդագրություններ էր տարածում՝ կարծես հարձակման համար հող նախապատրաստելով, ինչն էլ իրականացրեց սեպտեմբերի 13-ին։

Մեր տեղեկություններով, երեկ հանգիստ չի եղել նաեւ Արցախում։ Ադրբեջանական կողմը կրակ էր բացել Մարտակերտի ուղղությամբ՝ կիրառել էին նաեւ ականանետեր։ Նորից սկսել են բարձրախոսներից կոչեր հնչեցնել՝ սպառնալիքներով տեռորի ենթարկելով խաղաղ բնակչությանը, թե՝ հեռացեք, ազատեք տարածքները։ Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ ադրբեջանական կողմն ուժեր է կուտակում թե՛ Հայաստանի հետ սահմանին, թե՛ Արցախում եւ նպատակ ունի փակել Լաչինի միջանցքը, սադրանքների դիմել Ջերմուկի կամ Սիսիանի ուղղություններով։
Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը

«Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ գիշերը թշնամին կրակ բացել է Մարտակերտի ուղղությամբ, եւ հավելեց, որ վերջին երկու տարին ադրբեջանցիները շարունակ սադրանքներ են իրականացնում, ու դրանք կլինեն այնքան ժամանակ, մինչեւ մենք չունենանք գլխավոր ու հիմնական դաշնակից;

«Իսկ ո՞վ է այդ դաշնակիցը, դա ո՛չ ռուսներն են, ո՛չ ամերիկացիներն են, ո՛չ էլ եվրոպացիները։ Այդ դաշնակիցը հայոց բանակն է, որը չենք ուզում ձեռք բերել։ Այսօրվա Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի բանակը կազմաքանդեն։ Այսինքն՝ մեր հիմնական դաշնակցին թողած, մեկն ասում է՝ Եվրոպա, մեկն ասում է՝ Ամերիկա, մյուսը՝ Ռուսաստան, Իրան, ֆլան-ֆստան։ Ոչ։ Մեր հիմնական դաշնակիցն ու մեր թշնամուն՝ թուրքին, հիմնական զսպողը, հարատեւ խաղաղություն բերողը դա հավատարիմ հայոց բանակն է»,- ասաց Բադասյանը։
Մեր հարցին, թե տեղեկություններ կան այն մասին, որ ադրբեջանցիներն ուժեր են կուտակել Բերձորում (Լաչինում) եւ նպատակ ունեն փակել Լաչինի միջանցքը, Բադասյանն ասաց․ «Նրանք ցանկացած պահի դա կարող են անել, ցանկացած պահի կարող են փակել Լաչինի միջանցքը՝ սպասելի է դա։ Այլ հարց է, որ մենք հույս ունենք, որ դա չի անի, որովհետեւ դրանով արդեն միանգամից ձեռնոց կնետեն Ռուսաստանի Դաշնության վրա։ Ո՞ւր է թե այդպիսի բան անեն, նրանք կսխալվեն, եւ մենք Ռուսաստանի հետ միանգամից կդառնանք բնական դաշնակից, որովհետեւ Ռուսաստանն իր սահմանները պաշտպանում է Հարավային Կովկասից սկսած։ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, ունի հայեցակարգ եւ հարյուրավոր տարիներից եկած հայեցակարգ ունի, որ իր սահմանները հեռվից է պահում»։

ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչն ասաց, որ Ադրբեջանի կողմից ամեն ինչ էլ սպասում են, քանի դեռ Հայաստանի ներկա իշխանությունները մատը մատին չեն խփում՝ սեփական պետությունը պահելու եւ պաշտպանելու համար։ «Թշնամին, իհարկե, պիտի փորձի ռազմական հարձակում իրականացնել, իրենք պիտի փորձեն իրենց ռազմական հաջողությունները զարգացնեն, ուժեղացնեն, խաղաղություն պարտադրեն, քանի դեռ իրենց թշնամին, այսինքն՝ մենք, սխալվել ենք, քանի դեռ կորսված ենք, շփոթված ենք, մատնված ենք անգործունեության, քաոս է տիրում մեր երկրում, պողոսներն են ղեկավարում։ Պողոսների ներկայացուցիչն է ղեկավարում մեր երկիրը»,- ասաց Բադասյանը եւ նշեց, որ դրանով է պայմանավորված ադրբեջանական կողմի շտապողականությունը։

«Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թշնամին պատրաստվում է ռազմական գործողությունների, ինչի մասին Ալիեւը բաց հայտարարում է։ «Ալիեւն այն օրը խոսում էր միջանցքի մասին։ Այդ միջանցքն այսպես է լինելու, ինչպես Արցախը կռվով տվեցին, այնպես էլ միջանցքն են կռվով տալու։ Արագ է դա արվելու»,- ասաց Գասպարյանը։

Նա հավելեց, որ ռազմական գործողություններ սկսվելու պարագայում ուղղությունները լինելու են հիմնականում Ջերմուկի կողմից դեպի Սիսիան։ «Ցանկացած վայրկյանն իրենց համար թանկ է, որքան շուտ սկսեն, այնքան լավ իրենց համար»,- շեշտեց Գասպարյանը։

Կապ հաստատեցինք նաեւ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդի բնակիչների հետ։ Մեզ տեղեկացրին, որ երեկ երեկոյան՝ 23.10-ից մինչեւ 24.00-ն, թշնամին կրակ է բացել գյուղի ուղղությամբ։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրում կրակոցներ չեն լսվել։ Կրակոցներ չեն լսվել նաեւ Տավուշի մարզի Այգեպար գյուղում՝ մեզ տեղեկացրեց Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը։ Գեղարքունիքի մարզի Նորաբակ եւ Վերին Շորժա բնակավայրերում եւս թշնամու կողմից կրակոցների ձայներ չեն լսվել՝ ասացին Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը եւ Վերին Շորժայի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ Բայց ամենուր լարված են՝ թշնամու ձեռագիրն արդեն բոլորը ճանաչում են։