«Հրապարակ». «Վերածնվող Հայաստանը» գործունեությունը շարունակելու է․  կլինի փողոցում, թե ոչ փողոցում՝ դժվար է ասել

«Հրապարակ». «Վերածնվող Հայաստանը» գործունեությունը շարունակելու է․  կլինի փողոցում, թե ոչ փողոցում՝ դժվար է ասել

Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ազդարարեց, որ դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ 4 պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով հրաժարվեցին մանդատներից: «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոեւան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգամավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։ Մենք զրուցել ենք Ելենա Կիրակոսյանի հետ։

- Դուք, ի տարբերություն դաշինքի մյուս անդամ գործընկերների, կարծում եք, որ ընդդիմությունը չպետք է վերադառնար խորհրդարան։ Ասացեք, խնդրեմ՝ իսկ ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը, եթե իշխանափոխության համար պայքարը հաջողությամբ չի պսակվում։ 

- Նախ` ուզում եմ ասել, որ դաշինքի գործընկերների հետ ոչ թե անհամաձայնություն կար, այլ՝ տեսակետների տարբերություն։ Եթե իրենք կարծում են, որ խորհրդարան հաճախելով կարող են բնականոն աշխատանքով մոտենալ այդ նպատակին, մենք այդ կարծիքին չենք։ Ավելին, մեր հայտարարության մեջ նշել ենք, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերը, շարունակում են մնալ։

- Իսկ ո՞րն է ձեր առաջարկը՝ շարունակե՞լ փողոցային պայքարը, որտեղ հաջողության չեք հասնում, թե՞ ընդհանրապես գնալ տուն։

- Ցավոք սրտի, փողոցային պայքարը, այո, իր արդյունքը չտվեց, ու մենք չկարողացանք մեր նպատակին հասնել։ Բայց, միեւնույն ժամանակ, եթե մեր գործընկերները տեսնում են խորհրդարանում պայքարելու հնարավորություն, ու զուգահեռ լինի խորհրդարանից դուրս պայքար, շատ ավելի արդյունավետ կլինի։ Եվ այս առումով չէի ասի, որ մեզ մոտ կան տարաձայնություններ, անհամաձայնություններ, պարզապես տարբեր ֆորմատներով պայքարը շարունակելու ենք, մենք համախմբվել ենք մեկ նպատակի շուրջ, ու այդ նպատակը շարունակում է նույնը մնալ։ Պարզապես մենք մեզ տեսնում ենք խորհրդարանից դուրս եւ չենք փոխել մեր սկզբունքները, որոնք որդեգրել ենք դաշինքը կազմելիս։ Այն, ինչի համար պայքարի մեջ ենք մտել, մեզ համար շարունակում է ակտուալ մնալ։

- Դուք մաս եք կազմել դաշինքի, ընդգրկվել ընտրացուցակում, մասնակցել ԱԺ ընտրություններին, այսինքն, ենթադրվում է՝ գիտեիք, որ խորհրդարանում է լինելու ձեր աշխատանքը։

- Ենթադրվում էր, որ գնալու ենք խորհրդարան, եւ ենթադրվում էր նաեւ, որ կարող էինք իշխող ուժ դառնալ։

- Այո, բայց չդարձաք՝ դա պարզ էր դեռ 2021-ի ամռանը, ու հիմա փողոցով էլ չեք կարողանում գալ, իսկ ընտրություններից հետո ասել էիք՝ խորհրդարանում ենք խրամատավորվելու։

- Ամեն դեպքում` այն պրոցեսները, որոնք տեղի ունեցան այս ընթացքում, կարծում ենք՝ ոչ բավարար արդյունավետ էին, եթե արդյունավետ լինեին, մենք այսօր կհասնեինք մեր նպատակին։

- Ստացվում է՝ քանի որ իշխող ուժ չեք դարձել, չեք էլ կարողանում դառնալ, որոշել եք հեռանալ խորհրդարանից։

- Ո՞վ է ասում՝ չենք կարողանում, այստեղ խնդիրը ոչ թե իշխանության հասնելն է, այլ իշխանությանը հեռացնելը, պարզ է, որ այս իշխանությունը սխալ քաղաքականություն է վարում եւ Հայաստանի շահերը ոչ մի տեղ չի կարողանում պաշտպանել։ Սրանք տարբեր բաներ են։ Մենք բավարար ձայներ չհավաքելով՝ որոշեցինք գնալ խորհրդարան եւ պայքարն այնտեղ շարունակել, բայց հիմա տեսնում ենք, որ․․․

- Խորհրդարանով հնարավոր չէ։

- Եկեք այսպես ասենք՝ մենք մեզ խորհրդարանում չենք տեսնում։

- Ինչո՞ւ, իսկ որտե՞ղ եք տեսնում։

- Մեր գործընկերները տեսնում են այդ հնարավորությունը, պատրաստ են խորհրդարանում շարունակել պայքարը, մենք մեզ համար որոշում ենք կայացրել արտախորհրդարանական գործունեություն վարել նույն գաղափարի շուրջ։

- Այսինքն՝ շուտով Վահե Հակոբյանի գլխավորությամբ ձեզ փողոցում ենք տեսնելու, հանրահավաքներ, երթեր եք անելու։

- Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ակցիաներ կարող են լինել, համենայնդեպս, «Վերածնվող Հայաստանն» իր գործունեությունը շարունակելու է՝ կլինի փողոցում, թե ոչ փողոցում, դժվար է այս պահին ասել։ Համենայնդեպս, մոտակա ժամանակներում հանդես ենք գալու մեծ ծրագրով, եւ դուք կծանոթանաք մեր ծրագրային դրույթներին եւ մեր պայքարի հետագա քայլերին։

- Ես ճի՞շտ հասկացա, որ դեռեւս չգիտեք՝ ինչ եք անելու, մի բան գիտեք՝ որ խորհրդարանում չեք ուզում մնալ։

- Մենք հստակ գիտենք, թե ինչ ենք անելու, միանշանակ՝ մեզ խորհրդարանում չենք տեսնում, մենք ունենք մեր պատկերացումները, երբ կհրապարակվի, կծանոթանաք։ Մենք մեր գործողությունները գիտենք, ուղղակի դեռ չենք ուզում խոսել։

- Այսինքն՝ կարծում եք, որ միայնակ, մի քանի հոգանոց կուսակցությունով կկարողանա՞ք իշխանափոխության հասնել, եթե մի քանի ռեսուրսակիր ուժերի հետ համատեղ պայքարով չհասաք։

- Միայնակ լինելու մասին խոսք չկա, ես ասացի, չէ՞, որ մեր գործընկերների հետ սինխրոն պայքարելու ենք․ իրենք՝ խորհրդարանի ներսում, մենք՝ խորհրդարանից դուրս, մեր համագործակցությունն այս ֆորմատում շարունակվելու է։

- Սպասելու եք՝ Դիմադրության շարժումը հանրահավաք անի՝ միանա՞ք։

- Եթե իրենք հանրահավաք անեն, ես չեմ բացառում, որ կմիանանք։

- Իսկ եթե չանեն, դուք՝ ինքներդ, անելո՞ւ եք, թե՞ մոռացության եք մատնելու ձեր բոլոր խոստումները, որ պայքարելու եք մինչեւ վերջ, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել։

- Մեր պայքարը շարունակվում է, անընդհատ փորձում ենք տարբեր մեխանիզմներ կիրառել, այն, ինչով չի հաջողվում, չպետք է կրկնել, պետք է նոր մոտեցումներ գտնել։ Մենք նոր մարտավարություն ենք մշակել, թե ինչ քայլեր պետք է արվեն, ինչ ծրագրեր պետք է իրագործել, պարզապես այդ մասին ավելի ուշ կներկայացնենք։

- Իսկ չե՞ք կարծում, որ դաշինքից հեռանալով՝ թուլացնում եք ընդդիմությանը, իշխանականները չարախնդում են դաշինքի փլուզման վրա, իսկ դա ուժեղացնում է իշխանություններին եւ նրանց դեմ պայքարն ավելի անիրատեսական դարձնում։

- Դաշինքը ոչ մի կերպ չի պառակտվում։ Կլիներ այդպես, եթե մենք մանդատները վայր չդնեինք, առանձնանայինք եւ շարունակեինք մեր պատգամավորական աշխատանքը։ Իսկ մնացածն իրականությանը չի համապատասխանում։

- Դուք ձեր քայլով ասում եք՝ ժողովուրդ, հնարավոր չէ խորհրդարանով իշխանափոխության հասնել, այս ընդդիմությունը միայն մանդատի համար է մնացել խորհրդարանում, իրենց մի վստահեք։

- Գիտեք՝ այդպես չէ, տարբեր քննարկումներ կարող են լինել, բայց դրանք չի կարելի իրականություն ընդունել։ Մեր եւ դաշինքի հետագա համագործակցությունից կտեսնեք, որ պառակտման խնդիր չի առաջացել։