Ո՞րն է ճիշտ

Ո՞րն է ճիշտ

Իհարկե, ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ «Հայաստան» դաշինքից մի խումբ պատգամավորներ մանդատները վայր են դնում։ Ճիշտ է՝ մանդատը ստանալու կամ պահելու համար մենք տասնամյակներ շարունակ ականատես ենք եղել, թե ինչպես են ոմանք դիմանում ամեն մի զրկանքի, ինչպես են պատրաստ հրաժարվել իրենց սեռից ու ազգությունից, պատրաստ են անպատմելի գումարներ ծախսել եւ անգամ կրոնափոխ լինել, բայց մանդատը ո՛չ պատիժ է, ո՛չ ճիտին պարտք, ո՛չ հայրենիք, որից հրաժարվելը դավաճանություն դիտվի, կամ այն ստիպված լինես մինչեւ մահ-գերեզման հանդուրժել։

Մարդը միշտ պետք է ընտրության հնարավորություն ունենա, եւ երբեմն անգամ հայրենի երկրի քաղաքացիությունից են մարդիկ հրաժարվում ու այլ երկրի քաղաքացիություն ընդունում՝ հանուն բարեկեցության, հանուն հեշտ կյանքի՝ հայտարարելով․ «Մեկ անգամ ենք ապրում»։ Իսկ մեզանում հրաժարականները, նաեւ՝ մանդատից հրաժարվելը, գրեթե հերոսություն է դիտվում։ Մարդիկ ոգեւորվում են՝ լսելով, որ այսինչը հրաժարվել է պաշտոնից կամ մանդատից։ Դա էլ, անշուշտ, իր բացատրությունն ունի․ պաշտոնից ու կարգավիճակից կառչած, ամեն թուքումուր հանդուրժող պաշտոնյաներ ու երկրի ղեկավարներ այնքան շատ ենք տեսել, որ կամովին հրաժարվելը հերոսական քայլ է մեզ թվում։ Բայց խնդիրն այսօր ո՛չ մանդատներն են, ո՛չ էլ դրանցից հրաժարվող անձինք, այլ այն, թե որն է մեր երկրի շահերից բխում՝ մանդատը պահե՞լը, թե՞ հրաժարվելը։

Ընդդիմության համար խորհրդարանում գտնվե՞լն է ճիշտ, թե՞ խորհրդարանից դուրս գործունեություն ծավալելը։ Ի՞նչ անել, որ երկիրն այս վիճակից, հասարակությունն այս թմբիրից դուրս գա։ Ի վերջո՝ իրավիճակը փոխելու ճանապարհն ամեն գնով իշխանափոխության հասնե՞լն է, թե՞ այլ ճանապարհներ էլ կան, որոնք պետք է փորձի ընդդիմությունը։