Պետք է հասկանալ այնպես, ինչպես ասվել է

Պետք է հասկանալ այնպես, ինչպես ասվել է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


- Հուլիսի 19- ին Իրանում հանդիպել են երեք երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առաջնորդները։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև հանդիպման ժամանակ Իրանի առաջնորդն ասել է, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը:

- Կարծում եմ այստեղ երկրորդ իմաստ, կամ թաքնված իմաստ պետք չի որոնել, ամեն ինչ շատ պարզ է ասվել, պետք է հասկանալ այնպես, ինչպես ասվել է: Իրանի համար Հայաստանի հետ ունեցած սահմանը վճռական է, հաշվի առնելով այն, որ Հայաստանը սեպ է թյուրքական աշխարհի համար, իսկ թյուրքական աշխարհը սպառնում է Իրանի տարածքային ամբողջականությանը, մյուս կողմից Հայաստանի սահմանը նաև սահման է Եվրասիական տնտեսական միության հետ, այսինքն, կապ է Ռուսաստանի հետ, եթե հաշվի առնենք նաև այն, որ այդ սահմանին ռուս սահմանապահներ են կանգնած:

- Ալի Խամենեին նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նույնպես շեշտել է հայ- իրանական սահմանի փակման անթույլատրելիությունը: Ի՞նչ մեսիջ կա՞ այստեղ: -

Այստեղ ևս ամեն ինչ պետք է պարզ լինի, դա ևս մեկ անգամ, արդեն ուղղակիորեն Թուրքիային արված նախազգուշացում էր: Այն, ինչը Ադրբեջանն ու Թուրքիան անվանում են «Զանգեզուրյան միջանցք», պետք է հասկանալ առանց հայկական միջամտության ուղղակի կապ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև: Դրան դեմ է Իրանը՝ քիչ առաջ ասված պատճառներով:

- Իրանի հոգևոր առաջնորդը, մասնավորապես, «վտանգավոր կազմակերպություն» է որակել ՆԱՏՕ- ն: Սա ի՞նչ է նշանակում:

- Սա նշանակում է, որ ՆԱՏՕ- ն սպառնալիք է Իրանի համար, ինչը ՆԱՏՕ- ն ուղղակիորեն նշում է իր բանաձևերում: Բնականաբար, Իրանը պետք է այդպես համարի, առավել ևս, որ այդ հարցում արդեն ունի դաշնակից, ի դեմս Ռուսաստանի ու Չինաստանի: Ռուսաստանն Ուկրաինայում արդեն ուղղակիորեն պատերազմի մեջ է ՆԱՏՕ- ի հետ, դեռևս միջնորդավորված, սակայն ոչ ոք չի կարող ասել, դեպքերն ինչ ուղղությամբ կզարգանան:

- Այժմ որոշ շրջանակներ պնդում են, թե ոչ Ռուսաստանի և ոչ էլ Արևմուտքի վրա Հայաստանը չպետք է հույս դնի, մեր միակ հույսն այսպես ասած՝ Իրանը կարող է լինել:

- Դրանք պրիմիտիվ խոսակցություններ են: Ոչ ոք ոչ ոքի վրա չպետք է հույս դնի, սակայն կարող են լինել ընդհանուր շահեր, որի վրա և կառուցվում են դաշնակցային հարաբերություններ ու ռազմական կոալիցիաներ: Իրանի հետ ունենք ընդհանուր շահեր, բայց հարց է, թե հանուն Հայաստանի Իրանը ինչ քայլերի կարող է դիմել, ինչ քայլերի՝ ոչ: Դա արդեն քաղաքականության ու դիվանագիտության հմտությունների հարց է: