Մեր անելիքները
Պրոֆեսիոնալ քաղաքագետներն Արցախի կյանքի ճանապարհը փակելը բնորոշում են որպես փափուկ ուժի կիրառում թշնամու կողմից: Թող այն կոչվի փափուկ ուժ, սակայն դրա պատճառով լուրջ խնդիրներ են հարուցվում Արցախում: Անգամ առողջության, կյանքի ու մահվան խնդիրներ: Եվ ինչպիսի ուժի կիրառում էլ կոչվի այն, դա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի խախտում է: Այն ունի նաեւ այս հատվածը. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:
Փաստորեն, Ադրբեջանի Հանրապետությունը Լաչինի միջանցքով երթեւեկը երաշխավորելու փոխարեն արգելակել է այն: Ինչը նշանակում է, որ Ադրբեջանը խախտում է ողջ եռակողմ հայտարարությունը: Խախտելով հանդերձ այն՝ թնամին, միաժամանակ, հայտարարում է, թե ինքը ոչ մի խախտում չի կատարել: Դա էլ, իր հերթին, ՀՀ նոր իշխանությանը թույլ է տալու մոտիկ ապագայում ունենալ լեգիտիմ իրավունք՝ պատժելու Ադրբեջանին: ՀՀ սահմանային տարածքների նկատմամբ ագրեսիան եւ դրանք բռնազավթելը եւս թույլ են տալու, որպեսզի թշնամուն պատժվելն արդարացվի միջազգային իրավունքի բոլոր կանոնների համաձայն:
Բացի դրանից, այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթված է ՔՊԿ կոչված քաղաքական թայֆայի կողմից, քանի որ վերջինս հետապնդում է ոչ թե Հայաստանի, այլ սեփական թայֆայի եւ թշնամի երկրի շահերը: Միաժամանակ, վարչապետի պաշտոնին կառչած անձը 2021 թվականի հունիսի 20-ին իշխանության է հասել ՀՀ միամիտ ընտրողներին մանիպուլացնելու, նրանց կեղծ խոստումներ տալու միջոցով: Ինչն արտահայտվում է նաեւ նրա կողմից պաշտոնապես ընտրողներին ներկայացված ծրագրի խախտումներով, եւ, ըստ այդմ, լեգիտիմ իշխանություն կոչվելու ոչ մի իրավունք չունի:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն հնարավոր բոլոր միջոցներով իշխանությունից հեռացնելու քաղաքական թայֆային եւ դրա առաջնորդին: Դա անհրաժեշտ է նաեւ, որպեսզի Հայաստանում ձեւավորվի նոր իշխանություն, եւ վերջինս պետական անվտանգության համակարգը կարգավորելով՝ հնարավորություն ունենա լուծելու նաեւ ագրեսոր պետությանը պատասխանատվության ենթարկելու հարցը: Ի դեպ, թշնամուն պատժելու հետ մեկտեղ մենք կվերադարձնենք նաեւ մեր ժողովրդի արժանապատվությունը: Քանի որ եթե անհատ մարդը չի կարող ապրել առանց արժանապատվության, ապա ինչպե՞ս կարող է գոյատեւել մի ողջ ժողովուրդ: Իսկ արժանապատվության բացակայությունն արտաքին աշխարհում հարգանքի ու հեղինակության բացակայություն է հարուցում: Նման պետության առկայությունն էլ ծաղրի եւ արհամարհանքի հիմք է:
Իհարկե, կարելի է մտածել, թե մենք այսօր չենք կարողանում ընդամենը Լաչինի միջանցք բացել, ինչպե՞ս ենք կարողանալու պատժել թշնամուն: Փաշինյան Նիկոլի վարչապետությամբ, բնականաբար, մենք ոչինչ անել չենք կարողանալու: Եվ այդ պատճառով էլ պետք է առաջին հերթին պաշտոնից հեռացնել Նիկոլին: Այնուհետեւ մեզ կմնա մնացածը: Իսկ մնացածը լուծվելիք խնդիրների շարքից են՝ հատկապես եթե առկա է լինելու այնպիսի իշխանություն, որը նպատակամղված է լինելու՝ լուծելու այդ խնդիրները:
Կարծիքներ