Նախկինների անարդարությո՞ւն. Չէ մի չէ

Նախկինների անարդարությո՞ւն. Չէ մի չէ

Երբ լսում եմ նախկինների օրոք տեղի ունեցած անարդարությունների մասին՝ քիչ է մնում խոսողին ուղարկեմ գրողի ծոցը: Հենց իրական և ոչ թե փոխաբերական իմաստով: Չնայած կյանքում կռվարար չեմ եղել: Փողոցում տղաների հետ կռիվ անելու փոխարեն ինձ նվիրել եմ ընթերցանությանը: Իսկ ինչո՞ւ է մեջս նման անհարիր ցանկություն առաջանում: Որովհետև նախկինների անարդարությունների մասին խոսողները նախկինների օրոք իրենց լավ էին զգում հենց այդ պայմաններում: Քանի որ հնարավորության դեպքում իրենք նույնիսկ հաճույքով կհանդիսանային այլոց նկատմամբ անարդարության աղբյուր: Իսկ եթե իրենց նկատմամբ էր անարդարություն կատարվում, ապա մեծ մասամբ դա կուլ էին տալիս: Եվ, սովորաբար, շատ չէին ծավալվում դրա առումով: Ինչը հասկանալի է՝ զուտ մարդկայնորեն հեչ հաճելի չէ դա վերհիշելը: Թե՛ ընդհանրապես և թե՛ հատկապես այլոց ներկայությամբ: 

Իհարկե, կային նաև անարդարության դեմ պայքարողներ, սակայն այսօր գործող իշխանության պարագայում նախկինների անարդարության վերաբերյալ նման մարդիկ քիչ են խոսում: Եվ դա պայմանավորված է, նախ, այսօրվա անարդարություններով և, ապա, հայրենիքի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ: Իսկ այն վտանգի է ենթարկվել գործող իշխանության կողմից և կասեի նույնիսկ՝ նրա ջանքերով: Նման պայմաններում նախկինների անարդարության մասին խոսելը վկայում է խոսող անձի անհայրենիք արարած լինելու մասին: Եվ դրա հետ մեկտեղ մտավոր ցածր մակարդակի մասին: Իսկ եթե նունիսկ այսօր նիկոլապաշտ հանրությունը չի խրտնում անհայրենիք արարած (մեղմ ասած) բնութագրվելուց, ապա անխելք լինելու մեջ մեղադրվելը հաստատ հաճելի չի լինի այդ հանրության ներկայացուցիչների համար:

Բայց նախկիններին անարդարության մեջ այսօր մեղադրողներն իզուր են այդպես ոգևորվել:  Անարդարություն կոչվածը նախկիններին հատուկ երևույթ չէ: Այդ երևույթը մարդկությանն ուղեկցել է էն գլխից: Ավելին՝ նույնիսկ «աստվածանչյան» առաջին սպանությունը տեղի է ունեցել անարդարության դեմ բողոքի պոռթկումից: Ադամի և Եվայի որդիներից Աստված ընդունում է ոչխարապահ Հաբելի ընծան՝ մերժելով երկրագործ Կայենինը: Ինչն էլ դառնում է առաջին մարդասպանության պատճառ: Արդարության պահանջը, զարմանալիորեն, տեղ չէր գտել 18-րդ դարավերջի ֆրանսիական հեղափոխության կարգախոսների եռյակում: Հիշեցնեմ այդ եռյակը՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն: Չնայած տրամաբանորեն արդարության սկզբունքը բխում է այդ եռյակից. եթե մարդիկ ազատ են, հավասար ու միմյանց նկատմամբ եղբայրաբար տրամադրված, ապա անարդարությունը չի կարող տեղ ունենալ նման հասարակությունում:  

Ինչևէ, արդարությունը երկնային մանանա չէ, որ մատուցվի դրա բացակայությունից տառապող ժողովրդին: Այն ձեռք է բերվում ամենօրյա պայքարի միջոցով, և նշանակություն չունի՝ թե ով է իշխանության գլուխ՝ մերօրյա «փրկիչ» Նիկոլը, թե շուրջ 4 տարի առաջ մերժված Սերժը: Հատկապես որ այսօր մերժված է ինքը՝ Սերժին մերժողը, թեև դրանից, ինչպես երևում է, Սերժը չի վերածվել «փրկչի»: Բայց ինքը հաստատ այլևս մերժված չէ, քանի որ իրեն մերժողին մերժելը, բնականաբար, «ազատում» է նրան մերժվածությունից: Իսկ որ Նիկոլն այսօր մերժված է՝ դրանում կասկած լինել չի կարող. բավարար է զուտ դիտարկել նրան պաշտպանողների շարքերը: Ինչ մնում է ինձ և ինձ նմաններին, ովքեր հանուն արդարության պայքարել են թե՛ Սերժի և թե՛ նրա նախորդի դեմ, ապա մենք դեմքով շրջված չենք դեպի անցյալ: Դա՝ մեկ, և երկրորդ՝ մեզ համար բացարձակ ընդունելի չէ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Որովհետև նրա օրոք անարդարությունը ոչ միայն չվերացավ, այլ մի բան էլ ծլեց ու ծաղկեց: Էլ չեմ խոսում մնացած երևույթների մասին՝ Արցախի համարյա թե ամբողջական կորուստ, երիտասարդ կյանքերի կորուստ, անհայր մնացած զավակների առկայություն… Այնինչ, նախկինների դեմ կռիվ տալով և Փաշինյան Նիկոլին վարչապետ կարգելով՝ մենք ենթադրում էինք, թե անվերադարձ շրջում ենք անարդարության և նախկին կյանքին բնորոշ մնացած բացասական երևույթների էջը: Հենց միայն խաբվածության այդ զգացումը բավարար է, որպեսզի այսօր ոչ թե նախկինների անարդարության մասին վերհիշենք, այլև կռիվ տանք գործող իշխանության գոյության դեմ ընդհանրապես: