Հայաստանի վիճակն այսօր շատ ավելի վատ է, քան մերը, չնայած մենք ենք շրջափակման մեջ

Հայաստանի վիճակն այսօր շատ ավելի վատ է, քան մերը, չնայած մենք ենք շրջափակման մեջ

Արդեն 40 օր է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, իսկ Արցախում փակ են թե՛ խանութները, թե՛ դեղատները։ «Ո՞նց պետք է լինի վիճակը, երբ խանութներում ոչինչ չկա, միայն թանկարժեք կոնյակներ, ուրիշ բան չկա։ Մինչեւ երեկ կտրոններ էին բաժանում, այսօրվանից այդ կտրոններով կես կգ բրինձ, հնդկաձավար, շաքարավազ եւ մակարոնեղեն են տալիս մեկ շնչին։ Վիճակն այս պահին այսպիսին է, էլեկտրաէներգիան անջատումներով է, ջեռուցում չկա, դպրոցները, մանկապարտեզները չեն աշխատում, պետական հիմնարկներն աշխատում են կիսով չափ կամ հերթապահություններով, որովհետեւ հոսանք, ջեռուցում չկա։ Ինտերնետը, հեռախոսակապը շատ վատ են, դեղատներում եւս ոչինչ չկա, համատարած ամայություն է, ամեն ինչ փակ է, ամենահասարակ բաները՝ լուցկի, աղ, չկան, բայց մարդիկ դիմանում են ու դիմանալու են»,- մեզ հետ զրույցում ասում է Արցախում ապրող եւ ստեղծագործող արձակագիր Համլետ Մարտիրոսյանն ու նկատում, որ անկախ դժվարություններից, մարդիկ ոչ թե հուսահատված են, այլ՝ զայրացած․ «Վերջապես, ինչքա՞ն կարող է աշխարհը կույր լինել, ես կասեի նույնիսկ՝ քոռ լինել, որ հանուն նավթի, գազի մի ամբողջ ժողովրդի ճակատագիր անտեսի»։

Հ․ Մարտիրոսյանը կարծում է՝ Ադրբեջանին ուղղված կոչերը, հորդորները՝ թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային հանրության կողմից, չեն օգնի, որ ճանապարհը բացվի․ «Նա ճանապարհը չի բացելու, մինչեւ Ադրբեջանը, նրա իշխանությունները չպատժվեն։ Մինչեւ չպատժվեն, երբեք էլ ճանապարհը չեն բացի։ Եթե Հայաստանի իշխանության գլխին կանգնած մարդն Ալիեւին խոստումներ տված չլիներ, այդ ճանապարհը չէր փակվի։ Ալիեւն ասում է՝ ինձ խոսք ես տվել, որ պետք է տաս Զանգեզուրով ճանապարհ, բարի եղիր՝ կատարիր խոստումդ, չես տալիս, ես էլ փակում եմ այս ճանապարհը։ Սա է ամբողջը։ Նիկոլը պետք է օր եւ ժամ առաջ հեռանա իշխանությունից։ Այն օրը, երբ Հայաստանի իշխանությունները փոխվեն, հաջորդ օրվանից փոխվելու են նաեւ խաղի կանոնները, եւ Հայաստանը սկսելու է բանակցությունները»։

Ասում է՝ իրենց համար հիմա ամենադժվարը ցուրտն է. «Ձմեռը հենց դուրս եկավ, մենք մեր ժենգյալով հացով դիմանալու ենք, բան չկա, մենք այդքան հեշտ կոտրվողը չենք։ Ղարաբաղցի մարդիկ այսպիսի դժվարություններ չէ, որ տեսել են ու դիմակայել։ Մարդիկ դիմանում են, հետո՝ ո՞ւր պիտի գնան, իրենց հողն է, իրենց պապական երկիրը, իրենց ծնողների գերեզմանն է այստեղ, ո՞նց թողնեն գնան եւ ո՞ւր գնան իրենց տնից։ Ոչ մի տեղ էլ չեն գնալու, ղարաբաղցիները շատ պինդ են եւ թուրքին էլ չեն թողնելու, որ այստեղ ոտք դնի, դա միանշանակ է, բայց ինչքա՞ն կարելի է մարդկանց նյարդերի հետ խաղալ։ Եթե Նիկոլը հայրենասեր է, թող կես ժամով գա Ստեփանակերտ։ Ինքը գիտի, որ հենց միայն այն, որ ինքը գա հասնի Ստեփանակերտ,  իզութոզով կվերանա, որովհետեւ ղարաբաղցիները պատերազմը տանուլ չեն տվել, պատերազմը տանուլ է տվել Նիկոլը»։

Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցնցել է նաեւ Հ․ Մարտիրոսյանին, ասում է՝ տեղը չի գտնում․ «Երեկվանից նյարդային վիճակում եմ, որովհետեւ այդ հրդեհ կոչվածը սարքել են ու այդ 15 տղաների գլուխը կերել։ Այդտեղ ոչ մի հրդեհի պատմություն չկա, եւ շատ հավանական է, որ Ադրբեջանի կողմից հերթական դիվերսիան էր ու սադրանքը, որովհետեւ հրդեհը չի կարող այդպիսի հետեւանքներ ունենալ։ Այդ ի՞նչ հրդեհ է եղել, որ այդ հսկա կցաքարերով պատը փլել է, հետո՝ այդ ո՞ր զինվորականն է, որ կանիստրով բենզինը բերում՝ վառարանի մոտ է դնում կամ լցնում վառարանի մեջ։ Սա հերթական սադրանքն էր․․․ հիշում եք, որ հունվարի 20-ը Բաքվի ջարդերի օրն էր, ու հանկարծ հունվարի 19-ի գիշերը լինում է նման բան։ Դա պատահականությո՞ւն է, չեմ կարծում, դա օրինաչափ երեւույթ է, տեռոր, եւ կատարվածն էլ դիվերսիա է եղել, ոչ մի վառարանի պատմություն էլ չկա։ Եթե իրենք ամեն ամիս պարգեւավճարներ չստանային ու այդ գումարները դնեին զորամասերի վրա, այսօր մենք կունենայինք հրաշալի զորանոց՝ զինվորների համար ապահով պայմաններ, բայց իրենց ո՛չ զինվորական է պետք, ո՛չ բանակ, ո՛չ զենք, իրենց համար կարեւորն իրենց աթոռն է ու փողերը։ Այդ միլիոնանոց պարգեւավճարներն էլ տրվում են այն գումարից, որ Նիկոլը ստացել է Ալիեւից, եւ այդ պարգեւավճարները հիմա տալիս է իր թիմակիցներին նրա համար, որ իրեն թեւ-թիկունք լինեն, ու դա պաշտոնապես որպես պարգեւավճար է շրջանառվում»։

Արձակագիրը տարակուսում է նաեւ Հայաստանում տիրող անհոգ վիճակից․ «Ես զարմանում եմ, թե ինչու Հայաստանում մարդիկ ուշքի չեն գալիս, ինչու չեն հասկանում, որ վաղը այդ նույն շրջափակումը լինելու է նաեւ Երեւանի համար։ Հայաստանի վիճակն այսօր շատ ավելի վատ է, քան մերը, չնայած մենք ենք շրջափակման մեջ, որովհետեւ այստեղ մենք գոնե հասկանում ենք, թե ինչ է կատարվում, մենք թեւ-թիկունք լինելով միմյանց՝ դիմակայում ենք, Հայաստանում ամեն մարդ մտածում է՝ моя хата с краю, ինձ համար լավ է, հերն անիծած, թե մյուսներն ինչ են անում։ Որեւէ մեկը չի մտածում, որ միասնական պետք է լինենք եւ դիմակայենք թշնամուն»։

Քաղաքական առումով թեպետ ծանր է վիճակը, բայց հոգեբանական առումով, ըստ նրա, մարդիկ պատրաստ են, դիմանում են․ «Երեխաներն իրենց համար խաղում են, ծնողները մեկը մյուսին դուխ են տալիս, ապրում ենք, էլի։ Ես վստահ եմ՝ եթե մինչեւ գարուն դիմանանք, գարնանից խաղի կանոնները փոխվելու են, ու Արցախը նորից սկսելու է վերելք ապրել եւ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, ինչքան էլ Նիկոլն իրեն կոտորի, մեկ է՝ չի լինելու, նրա երգը երգվելու է շատ շուտով։ Ես քաղաքագետ չեմ, բայց կարծում եմ, որ եթե մինչեւ գարուն դիմանանք, գարնանից հետո շատ հնարավոր է, որ Եվրոպայի, Ամերիկայի կողմից ճանաչվի Արցախի անկախությունը, բայց ոչ նրա համար, որ մարդու իրավունքներ եւ այլն, եւ այլն, այլ որպեսզի ռուսներն այստեղից հեռանան։ Եթե Արցախն անկախ պետություն է, ռուսներն ինչո՞ւ պետք է այստեղ մնան։ Կա՛մ այս տարբերակը պետք է աշխատի, կա՛մ էլ Ռուսաստանն Արցախն առնելու է իր թեւի տակ։ Չարյաց փոքրագույնը նա է ինձ համար, որ գոնե Ռուսաստանը տեր կանգնի Արցախին, եւ Ադրբեջանի կազմում չհայտնվի Արցախը։ Ես ռուսամետ չեմ, ուղղակի չեմ ուզում Արցախը կորցնենք, եթե ռուսները տիրություն անեն Արցախին, դա էլի կլինի հայկական Արցախ եւ ոչ ռուսական, բայց եթե հայտնվեց Ադրբեջանի կազմում, հասկանալի է, թե վերջն ինչ է լինելու»։