Քաղաքական լուրջ հարցերը լուծում են զուգարանում

Քաղաքական լուրջ հարցերը լուծում են զուգարանում

ՌԴ նախագահը հաճախ էր հումորներ անում՝ նույնիսկ միջազգային ամենալուրջ հանդիպումներում և մասնակիցներին ծիծաղ ու ժպիտ պարգևում։ Խոսում եմ մինչև ուկրաինական պատերազմը և այն ժամանակը, երբ դեռ Նիկոլ Փաշինյան երևույթը ի հայ չէր եկել։ Հիշում եմ Պուտինի ամենահիշվող արտահայտությունը՝ «Հարցերը լուծել զուգարանում», որը նա ասել է դեռ 1999թ-ին, երբ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։  Այդ արտահայտության մասին երկար եմ մտածել և հետագայում հասկացել, որ դա ոչ թե հումոր էր, այլ իրականությունը բացահայտելու յուրօրինակ քայլ, որին հումորային տեսք էր տվել ։

Այսինքն քաղաքական ամենալուրջ հարցերը ոչ թե լուծում են ցուցադրաբար, այլ ծիծաղելի իրավիճակում, երբ մարդիկ անգամ դա չեն կարող պատկերացնել։ Որ հարցերը լուծվում են զուգարանում, դրա ամենավառ վկայությունը եղավ, երբ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «հայտնվել» էին միևնույն վերելակում։ Այս հանդիպումը հետագայում մամուլում ստացավ «վերելակային դիվանագիտություն» անվանումը։ Հետաքրքիրն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը վերելակում իր թիկնազորի պետի հետ էր, իսկ Ալիևը մենակ։ Վերելակային խոսակցության վկա միայն Փաշինյանն ուներ։

 Հետագայում՝ 2019 թվականի նույն ամսին,  երբ քաղաքական դաշտում  վերելակային հանդիպման մասին լուր սպրդեց, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը ազատվեց պաշտոնից։ Իսկ 2022 թվականի հունվարի մեկին  «Երազ» թաղամասի իր բնակարանում 54 տարեկան հասակում մահացավ միակ վկան։ Զուտ փաստեր եմ արձանագրում, որը դուք կարող եք համադրել այսօր։ Գուցե  սինթեզ անելով հասկանաք, որ ՀՀ հարցերը ոչ թե լուծվել են՝ աշխարհաքաղաքական իրողությունների հետ կապված, այլ լուծվել են շատ առաջն ու դրա ամփոփումը եղել է վերելակում կամ ինչպես Պուտինն է ասում՝ հարցերը լուծել են զուգարանում։ Եթե այն ժամանակ չգիտեիք, թե վերելակում ինչ են խոսել, այսօր ոնց որ թե փակագծերը բացվել են։ Եվ Ալիևի հայտարարությունները, թե վարչապետը այս կամ այն բանն է խոստացել, ընդամենը վկայում է, որ  քաղաքական լուրջ  հարցերն իրենք լուծել  են զուգարանում։