Ամանորի տոնական օրերին թանգարանները մեծաթիվ այցելուներ են ունեցել

Ամանորի տոնական օրերին թանգարանները մեծաթիվ այցելուներ են ունեցել

Ամանորի տոնական օրերին մշակութային կյանքի ակտիվացման նպատակով 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ բաց են եղել Հայաստանի պատմության, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Հովհաննես Թումանյանի, Երվանդ Քոչարի, Ռուսական արվեստի (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) թանգարանները, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային պատկերասրահը: Հունվարի 2-5-ը ներառյալ բաց է եղել նաև Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, հունվարի 3-ին և 4-ին՝ Մատենադարանը` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, հունվարի 1-ից հունվարի 7-ը՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանները և Սերգեյ Փարաջանովի թանգարանը:

Այսպիսով, Ամանորի տոնական օրերին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը, վերոնշյալ թանգարաններն ունեցել են ընդհանուր 14.662 այցելու, որից 2746-ը՝ մինչև 18 տարեկան: Այցելուների մեծամասնությունը եղել են տեղացի և ռուս զբոսաշրջիկներ:
Նշենք, որ Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների մուտքը մինչև 18 տարեկանների համար անվճար էր:

ԿԳՄՍ նախարարություն